Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի. Արարատ Միրզոյանի հարցազրույցը հունական «Կաթիմերինի» պարբերականին

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի. Արարատ Միրզոյանի հարցազրույցը հունական «Կաթիմերինի» պարբերականին

Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական Կատիմերինի պարբերականին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. Հարց․ Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում: Պատասխան․ Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում և աշխարհում։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների հազարամյակների ընդհանուր պատմությունն ու արժեքները, բարեկամությունն ու համերաշխությունը։ Դարեր շարունակ հայերն ու հույները խաղաղ ապրել են կողք կողքի, համագործակցել՝ արժեքներ ու բարեկեցություն ստեղծելու համար, և միասին պայքարել արտաքին կեղեքիչների դեմ: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ծանրագույն ժամանակաշրջաններում, ինչի ամենավերջին օրինակը 2020 թվականի պատերազմն էր։ Այս տարի նշում ենք մեր հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Մենք զարգացրել ենք ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ծանրակշիռ երկկողմ օրակարգ՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն բազմակողմ հարթակներում: Հունաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ես շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ու խորքային քննարկումներ իրականացրել իմ գործընկեր և լավ բարեկամ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցել և ընդհանուր փոխըմբռնման հասել մի շարք կարևոր հարցերի շուրջ. կշարունակենք աշխատել մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։ Ես նաև կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը զգալիորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք կաշխատենք այս ուղղությամբ։ Հարց. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Հետագայում ինչպե՞ս կարող են զարգանալ այս հարաբերությունները: Պատասխան․ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։ Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատապարտված է հաջողության։ Հարց. 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր տեղի ունեցել։ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել: Պատասխան․ Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։ Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Հարց. Դուք Ադրբեջանի հետ բանակցությունների մի քանի ուղղություններ ունեք։ Արդյո՞ք Ուկրաինայում պատերազմը կարող է ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա։ Պատասխան․ Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն: Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն։ Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։ Հարց. Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Պատասխան․ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։ Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։ Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։ Հարց. Վերջերս Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։ Արդյո՞ք ակնկալում եք այս ուղղությամբ շոշափելի քայլեր: Որո՞նք կարող են լինել այդ քայլերը: Պատասխան․ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, և արդեն կայացել է չորս հանդիպում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակներում։ Այսօր գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից։ Հարց. Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Հունաստանի համար այս պահին ամենազգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությունը և Կիպրոսի հարցը։ Պատասխան․ Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս մեզ համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։ Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում։
11:41 - 09 հուլիսի, 2022
Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։  Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին:
16:33 - 07 հուլիսի, 2022
Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը. ԱԳ նախարար

Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը. ԱԳ նախարար

Հուլիսի 6-ին Մադրիդում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Շնորհավորելով միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ավանդական կապերի և ընդհանուր արժեքների վրա: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ու բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը` երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության խորացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ: Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում։ Հայաստանի ու Իսպանիայի միջև մարդկային շփումների ակտիվացման ու փոխճանաչման տեսանկյունից կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդումը։ Ընդգծվել է կրթական փոխանակումների և երկու երկրներում միմյանց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման հնարավորությունների ընդլայնումը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն իր իսպանացի գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում: Նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
21:22 - 06 հուլիսի, 2022
Հայկական առաջին արբանյակի արձակումը հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ է․ Արարատ Միրզոյան

Հայկական առաջին արբանյակի արձակումը հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ է․ Արարատ Միրզոյան

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել է հետևյալը․ «Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  իմ գործընկեր Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։  Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը, համոզված եմ՝ լավ առիթ է՝ վերարժևորելու մեր երկու երկրների միջև հարաբերություններում առկա ներուժը և նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխշահավետ համագործակցությանը: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այսօրվա այցը ՀՀ արտգործնախարարի երկկողմ օրակարգով առաջին այցն է Իսպանիա։ Ցանկանում եմ նաև գոհունակություն հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ։ Հուսով եմ, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական  հարաբերությունների հետագա ակտիվացման համար։  Հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր առնչությունների, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Այս համատեքստում ուզում եմ շեշտել, որ 2018թ.-ին և 2021թ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը միանշանակ ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, և Կառավարությունն էլ ամբողջ թափով կյանքի է կոչում մեր ժողովրդի կողմից հավանության արժանացած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Այսօր մեր քննարկումների ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալները շատ մեծ չեն, ուրախալի է, որ 2021թ.-ին, օրինակ, 2020թ.-ի համեմատ ունեցել ենք 36% աճ, իսկ 2022թ. առաջին չորս ամիսների ծավալները 2021թ․-ի համեմատ աճել են գրեթե երեք անգամ: Կարևորել ենք նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ստեղծարար կրթության և մի շարք այլ ոլորտներում համատեղ հավակնոտ ծրագրերի իրականացումը։ Հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ եմ համարում հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք, ինչը հայկական պետական Գեոկոսմոս և իսպանական Սատլանտիս ընկերությունների  առաջին հաջողված, ու համոզված եմ, ոչ վերջին, համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է: Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է և այս առումով մենք մտքեր ենք փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Բնականաբար, անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի: Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝  տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին: Խոսել ենք Ադրբեջանում ցայսօր պահվող հայ  ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։  Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։  Այսքանով, թերևս, կեզրափակեմ խոսքս։  Պարոն Ալբարես, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, և օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ պաշտոնապես Ձեզ հրավիրել Հայաստան:  Շնորհակալ եմ»։ 
17:52 - 06 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իսպանիայի Թագավորություն: «Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է գերատեսչության խոսնակը:  Նշենք, որ հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորություն: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ: Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարները հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
20:15 - 05 հուլիսի, 2022
Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը. «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ,  Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։ Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։ Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները: Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին: Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության  բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար: Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը: Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։ Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝  հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։ Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ: Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»:
15:23 - 04 հուլիսի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Հունիսի 30-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։ Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորեց տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը: Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
17:14 - 30 հունիսի, 2022
Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին: «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»,- նշված է նրա գրառման մեջ: Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր միրոբլոգում ողջունել է այդ որոշումը։ «Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որը էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Հայաստանի արտգործնախարարը։
09:47 - 30 հունիսի, 2022
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 28-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների ընդլայնման և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
18:05 - 28 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։ Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
11:07 - 28 հունիսի, 2022
Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։  Հայտարարությունը՝ ստորև․  «Հարգելի՛ պարոն նախարար, Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները: Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։ Հարգելի՛ գործընկերներ, Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել: Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ: Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին: Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա: Հարգելի՛ գործընկերներ, Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։ Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին: Հարգելի՛ ներկաներ, Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում: Հարգելի՛ պարոն Դենդիաս, Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում»։
17:54 - 27 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:
21:01 - 24 հունիսի, 2022
Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am:  Արարատ Միրզոյանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան - Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները: Հարց - Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Պատասխան - Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։
15:13 - 24 հունիսի, 2022