Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
16:33 - 07 հուլիսի, 2022

Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել