ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:Դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ ·  2-ը վերաբերում է Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,·  2-ը՝ Արտաշատ և Մասիս խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,·  1-ը Արարատ խոշորացված համայնքում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն,·  2-ը՝ Մասիս խոշորացված համայնքում տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,·  5-ը՝ այլ բնույթի:Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ:Իսկ հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է:
21:43 - 05 դեկտեմբերի, 2021
Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ

Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ-ների ներկայացուցիչներից, և վերաբերում են քվեարկության  գործընթացին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ստացված հաղորդումներից և ահազանգերից 4-ը  վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում, 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝  Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:  «Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:
21:33 - 05 դեկտեմբերի, 2021
Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Նախօրեին Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել», - ասել է Բաբայանը։
13:38 - 03 դեկտեմբերի, 2021
Կասեցվել են Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները․ վերաքննիչ

Կասեցվել են Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները․ վերաքննիչ

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Դանիելյանի կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Մ. Դ.-ն, որպես Աղավնաձոր համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2015թվականներին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, համայնքի՝ որպես սոցալապես անապահով ձևակերպված 140 անձանց անվամբ կազմված բովանդակությամբ կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ նշված անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված դիմումներով համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 3.450.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գումարը չի փոխանցել այդ անձանց և յուրացման եղանակով հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այդ կերպ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դրանից բացի, Մ. Դ.-ն, ի պաշոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, շահադիտական նպատակով 2014թ. հուլիսի 29-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 15-ին, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով՝ ավագանու երեք անդամների տվյալներով կայացրել է համայնքապատկան հողամասն աճուրդային կարգով վաճառելու,ինչպես նաև համայնքային բյուջեի եկամտային մասի փոփոխություններ կատարելու և համայնքի ղեկավարի վարձատրության չափը փոխելու վերաբերյալ կեղծ որոշումներ: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է որ այդ որոշումների կայացման օրերին տվյալ անձանցից 2-ը բացակայել են հանրապետությունից, իսկ երրորդն ընդհանրապես չի մասնակցել ավագանու նիստերին, և կեղծվել են նրանց ստորագրությունները: Նշված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. հոկտեմբերի 21-ին Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում` իր աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կարող է խոչընդոտել քննությանը՝ 2021թ. հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կոմղից, դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, որն ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն հաստատելու հարցը քննարկելու համար: Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է:
17:41 - 01 դեկտեմբերի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձի

Մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձի

2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար չլինելու պատճառով: Չնայած դրան, այս դեպքերով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված վնասների 85 %-ը, մյուս մասի վերականգնումն ընթացքի մեջ է: Մնացած դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կապված ապօրինի անտառահատումներն անտառների պահպանության համար պատասխանատու անտառապահների կողմից դրսևորած պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում կատարված լինելու հետ՝ այս քրեական գործերից 21-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի կամ 308-րդ հոդվածի տարբեր մասերի համակցությամբ։ 2 քրեական գործ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի անտառապահի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար, որի հետևանքով ապօրինի կերպով հատվել է 46 ծառ՝ բնությանը պատճառելով 6.8մլն ՀՀ դրամ, իսկ մյուս գործով մեկ այլ անտառապահի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց կանգուն 15 ծառեր ապօրինի հատելը թույլ տալու համար, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլն դրամ: Երկու դեպքում էլ, վնասի վերականգնման համար երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների  գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք: 2021թ. անտառների պահպանության համար պատասխանատու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ներկայիս տնօրենի, ավագ անտառապետի, պահպանության ինժեների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և դրանց հետևանքով անտառից ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքերի առթիվ քննվում է մեկ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է: Բացի այդ, Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվում է նախկինում հարուցված ծավալուն, բազմադրված 3 քրեական գործ, որոնք կապված են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բազմաթիվ դրվագներով կաշառքի, կաշառքի միջնորդության, դրանց հետևանքով անտառներից կատարված ապօրինի՝ ընդհանուր առմամբ 228 ծառերի հատումների:   Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անտառապահի: Նշված 3 քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 21.4մլն ՀՀ դրամ, վնասի վերականգնման համար երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:     Վերոնշյալից բացի՝ ապօրինի անտառահատումների առթիվ քննված քրեական գործերով, նախապատրաստված նյութերով պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների կապակցությամբ Տավուշի մարզի դատախազների կողմից նշված ժամանակահատվածում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 5 միջնորդություն, 4 միջնորդագիր և 9 հաղորդում: Դրանց արդյունքում 18 անձ (4 անտառապետեր և 14 անտառապահներ) ենթարկվել է կարգապահական տույժի: Ընդ որում՝ 2 անտառապահ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց անմիջական վերադաս մասնաճյուղի ղեկավարներին հայտարարվել է խիստ նկատողություն: Դատախազների կողմից այս ուղղությամբ կատարած աշխատանքի ցուցանիշը, ըստ էության, կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
15:41 - 01 դեկտեմբերի, 2021
Աշոտ Մինասյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է դատախազության բողոքը |armtimes.com|

Աշոտ Մինասյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է դատախազության բողոքը |armtimes.com|

armtimes.com: «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը կկալանավորվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը: Տեղեկությունը  փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դեպքի մասին, հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ կանխվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:
12:15 - 01 դեկտեմբերի, 2021
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02 - 30 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, տեղեկացնեմ, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, ով դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, ում անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու արդյունքում թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ և որը եղել է դիրքից խափուստ կատարած զինծառայողների թվում:   Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
18:43 - 26 նոյեմբերի, 2021
Դատախազությունում կայացել է հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

Դատախազությունում կայացել է հանդիպում ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական միության «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ծրագրի տեխնիկական աջակցության թիմին՝ Կեստուտիս Վասկևիսիուսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Հայաստանի թվայնացման ռազմավարության» հիման վրա և բարձր է գնահատել դրան ուղղված միջոցառումների իրականացմանը ԵՄ ցուցաբերած աջակցությունը։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են ներդրման տարբեր փուլերում գտնվող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի և քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգի փոխկապակցման հնարավորության հարցերը։
18:23 - 26 նոյեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում Արթուր Դավթյանը ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության, հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցության իրավական ասպեկտներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նոր մարտահրավերների համատեքստում ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների միջև գործակցության հիմնական առաջնահերթություններին, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ՌԴ դատախազության միջնորդությամբ տարվող աշխատանքներին: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի, զինվորական դատախազության կայազորների դատախազների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային քննարկումներ: Ընդհանուր գծերով վերլուծվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության միտումներին, հանցագործությունների կանխման, զինծառայողների առաջնային իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, կայազորների դատախազությունների ընթացիկ գործունեությունը, դատախազական գործառույթների իրականացման որակը և նախկինում առաջադրված խնդիրների լուծման ընթացքն ու արդյունքները:   Քննարկվել է հետպատերազմյան շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով որակյալ քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության ապահովումը: Կարևորվել է ռուսական խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի ապահովումը՝ ելնելով միջադեպերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման եռակողմ կապի ապահովման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱրՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Արցախի դատախազության աշխատողի օրվա առթիվ հրավիրված ԱՀ դատախազության կոլեգիայի հատուկ նիստին: Արթուր Դավթյանը շնորհավորել է արցախցի գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ և արժևորել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Արցախի դատախազության կատարած աշխատանքը, պարգևներ է հանձնել իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ և արդյունավետ կատարող դատախազներին: ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը նաև հանդես է եկել ուղերձով: Արթուր Դավթյանը նաև այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և խոնարհումի, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած  նահատակներին:
15:47 - 26 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ 22.11.2021թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:Դատախազական հետևողական ղեկավարման ներքո քրեական գործով ընթացող նախաքննության շրջանակներում իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով:
21:34 - 25 նոյեմբերի, 2021
37 անձի մեղադրանք է  առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար

37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար

ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալով մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վարորդական վկայականի տրման ապօրինի հիմքեր ստեղծելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:Այս գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ: Նախաքննության ընթացքում, ապացույցների բավարար գնահատմամբ, ՃՈ տեսուչին 24.08.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:Նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանքներ են առաջադրվել նաև  35 անձի:Այս գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ հիշյալ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույնատիպ սխեմայով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ բազմադրվագ մեկ այլ քրեական գործով առերևույթ կաշառք ստացած ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական տարածքային բաժանմունքի տեսուչի և կաշառք տվողներից մեկի մասով ներկայումս դատական քննություն է իրականացվում, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ: Ելնելով դատական ակտը վերջնական ուժի մեջ մտնելու հանգամանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, հանցավոր ճանապարհով այդ անձանց ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր:Գործընթացը լինելու է շարունակական: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:17 - 25 նոյեմբերի, 2021
Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդ որում, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:  Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»,- գրել է Աբրահամյանը: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
11:25 - 24 նոյեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը: Այս մասին հայտնում է Դատախազությունը:  Մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, որին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապահվել է կոռուպցիոն հանցագործություններով ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Համաձայն 2021թ. ապրիլի 14-ին ընդունված և ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝  ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում, այսինքն նշված նոր ստորաբաժանումն սկսում է գործել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության առնվազն 5 դատախազների նշանակման օրը: ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ: Վարչության պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախաության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը: Մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս:
17:22 - 23 նոյեմբերի, 2021
Վանաձորում ՃՈ տեսուչը 6 անձի վարորդական իրավունք տվել է կաշառքով, նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ վարորդական իրավունքները կճանաչվեն անվավեր

Վանաձորում ՃՈ տեսուչը 6 անձի վարորդական իրավունք տվել է կաշառքով, նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ վարորդական իրավունքները կճանաչվեն անվավեր

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, իր մտերիմ՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ և օժանդակությամբ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար վեց անձից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը, ինչի արդյունքում նրանց տրվել են վարորդական վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2020թ. սեպտեմբերին որոշում է կայացվել գործից մեղադրյալներ Ա. Գ.-ի և կաշառք տվողներից մեկի մասն առանձնացնելու և մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից այն Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին, որով դատական քննությունը շարունակվում է: Քրեական գործով վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված ևս 6 անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձին օժանդակած Ս. Գ.-ին նույնպես առաջադրվել են մեղադրանքներ, որոշում է կայացվել նրանց մասով քրեական գործն անջատելու և 2020թ. սեպտեմբերի 2-ին մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ: 2021թ. մայիսի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլոց, վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարաքների կատարման մեջ և նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տարբեր չափերի տուգանք: Հիշյալ դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին կաշառք տալու արդյունքում, առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պատշաճ ստուգման հիշյալ անձինք ստացել են «B», «C» կարգի վարորդական իրավունքի վկայականներ, իսկ մեկ անձի պարագայում տեսական քննությունը գնահատվել է դրական և վերջինիս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու գործնական քննությանը: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել այդ անձանց վարելու իրավունքը դադարեցնելու հարցը: Արդյունքում, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով այդ անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր: Նման մոտեցում դրսևորվելու է նաև հետագայում:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:31 - 19 նոյեմբերի, 2021