ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

 |armenpress.am|

Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի օլիմպիական Մակուհարկի Մես Արենայում շարունակվում է օլիմպիական ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներից վերջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Առաջին գոտեմարտում Թևանյանի մրցակիցը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովն էր: Ռաշիդովն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: Թևանյանը պարտվեց մեկնարկում` 6:0 հաշվով: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզի համար, եթե Ռաշիդովը դուրս գա եզրափակիչ: Ավելի ուշ` Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պայքարի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 09:30-ին: Նրա մրցակիցն ԱՄՆ-ից Դեյվիդ Քեյշուն է: Վերջինս աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր: Բաչկովը մինչ այս հաղթել է երեք մենամարտում` առավելության հասնելով Անտիգուա և Բարբուդայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:
09:17 - 06 օգոստոսի, 2021
ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ

ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների»՝ ՀՀ պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին: Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվելու են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը: Քննություններն անցկացվելու են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 20-ը: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը՝ ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական (մասնագիտական) հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը: Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:
12:30 - 04 օգոստոսի, 2021
Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|

armsport.am: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։ Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 228կգ արդյունքը և ընդհանուր արդյունքով 436 կգ արդյունքով Հայաստանին բերեց ևս մեկ մեդալ Տոկիոյի խաղերում։ Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաևը։
16:52 - 03 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր: Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին: Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։
14:51 - 02 օգոստոսի, 2021
Կարապետ Չալյանը դուրս մնաց կիսաեզրափակչից․ նա կպայքարի բրոնզի համար |hetq.am|

Կարապետ Չալյանը դուրս մնաց կիսաեզրափակչից․ նա կպայքարի բրոնզի համար |hetq.am|

hetq.am: Տոկիոյում ընթացող ամառաին Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախել էր Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեկսանդր Չեխիրկինի նկատմամբ։  Կիսաեզրափակչում Չալյանը շատ մոտ էր հաջողությանը։ Առաջին մեկուկես րոպեների ընթացքում նա ակտիվություն ցուցաբերեց, մեկ միավոր վաստակեց և պարտերից հնարք կատարելու հնարավորություն ստացավ։ Նա կարողացավ հեշտորեն բարձրացնել ղրղզ ըմբիշին, սակայն վճռորոշ պահին չկարողացավ գցումը կատարել, ինչի արդյունքում միավորներ շնորհվեցին Ակժոլ Մախմուդովին, և վերջինս մինչև գոտեմարտի ավարտը կարողացավ պահել իր առավելությունը։ Կարապետ Չալյանը պարտվեց 2։6 հաշվով։  Օլիմպիական բրոնզի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը գորգ դուրս կգա վաղը՝ օգոստոսի 3-ին։
13:54 - 02 օգոստոսի, 2021
«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|

«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։ «Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը: Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ «Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը: Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ «Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։ Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Գերադասությունը պետք է տրվի որակին. եթե որակ չկա, այդ քանակը հարց չի լուծում։ Միևնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները և խոչընդոտները»: Բարեփոխումներն այլընտրանք չունեն Դիտարկմանը՝ արդյո՞ք հայաստանյան գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին, Կարեն Քեռյանը պատասխանում է, որ միջազգային չափանիշներին հասնելն այլընտրանք չունի․ «Կարևոր է այսօրվա աշխարհում գործող չափանիշներին համապատասխանելը: Գիտական տարբեր խմբեր ու գիտնականներ մրցունակ են միջազգային ասպարեզում, բայց մեր իրականության մեջ կան նաև ղեկավարներ, որոնք ունեցել են տասնյակներով ասպիրանտներ, սակայն չունեն որևէ հոդված «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Այն, ինչ չի անում ղեկավարը, ասպիրանտին ավելի դժվար կլինի անել։ 2018 թվականից դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պայմաններից է «Scopus»-ում կամ «Web of Science»-ում հրապարակված 5 հոդվածը՝ բացառությամբ հայագիտության բնագավառի: Գուցե հենց դրանով պայմանավորված՝ դոկտորականների պաշտպանությունների թիվը կտրուկ նվազել է: 2010-2018 թվականներին եղել է տարեկան մոտ 40 պաշտպանություն, վերջին տարիներին՝ 6-10: Ի վերջո, պե՞տք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը և բավարարենք միջազգային պահանջներին, թե՞ մնանք նույն կետում»: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:05 - 02 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակչում է
 |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակչում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:
10:12 - 31 հուլիսի, 2021
Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ փոխնախար Կարեն Թռչունյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, ինչպես նաև նպատակայնությանը ու ծավալաների ընդլայնմանը։ «Օրենքի ընդունմամբ Սահմանադրության պահանջներին համապատասխան իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստներից»։ Թռչունյանը նշեց, որ բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է 44-օրյա պատերազմով և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ։  «Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք կարող ենք կառավարության կողմից համապատասխան կարգերի միջոցով կարգավորել նաև մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրերով ընդունված, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, և համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը»։
14:28 - 30 հուլիսի, 2021
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ. ԿԳՄՍՆ

Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության՝ հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։  Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրման անհրաժեշտությամբ, որը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին հնարավորություն կընձեռի ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը։ Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների կանոնադրություններում ներկայում ամրագրված են ռեկտորին ներկայացվող պահանջներ, ըստ որոնց՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կանոնադրություններում սահմանված են նաև լրացուցիչ պահանջներ (ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում): Պետական մի քանի բուհերի կանոնադրություններում (փոփոխված նաև հոգաբարձուների խորհուրդների որոշումներով) ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ․ փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա): Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող մոտեցումները քննարկումների և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են դեռևս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը մշակելիս: Դրանք ընդհանրացվել և ամրագրվել են օրենքում՝ լրացուցիչ այլ պահանջներ բուհերի կանոնադրություններում սահմանելու հնարավորությամբ:
11:24 - 30 հուլիսի, 2021
ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:  Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել դիտողություններն ու առաջարկները և ըստ այդմ՝ լրամշակել այն: Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը բուհական հանրության հետ ձևավորել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ասպիրանտական կրթության խնդիրների վերհանում և նոր հայեցակարգի մշակում։ Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ: Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները: Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով: Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:  Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով: Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի: Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք: Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը: Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար: ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հիմնադրույթներով և վերափոխված պահանջներով, ինչպես նաև ապահովում է համաեվրոպական չափանիշներին դոկտորական կրթական ծրագրերի համապատասխանեցումը։
15:05 - 29 հուլիսի, 2021
Կառավարությունը դադարեցրեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը |armtimes.com|

Կառավարությունը դադարեցրեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում դադարեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Որոշումը Կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր: Համաձայն Կառավարության որոշման՝ ԿԳՄՍ նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարման գործընթացը: Նշենք, որ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է, որ որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Հիշեցնենք՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումյանը մեր զրույցում նշել էր՝ մասնաճյուղի փակման նախաձեռնողն ինքն է եղել: Նրա խոսքով՝ Գորիսի մասնաճյուղն այդ վիճակով չէր կարող շարունակել գործունեությունը: Մասնաճյուղը շենք չուներ, դասապրոցեսը կազմակերպվում էր Գորիս քաղաքի թատրոնի շենքում, համապատասխան դասախոսական կազմ չկար, ուսանողները շատ քիչ էին: Հավելենք, որ ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը 2004 թվականից բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցում Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով: 1-4-րդ կուրսերի համար լիցենզիայով նախատեսված է 9-ական սահմանային տեղ: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Այս տարի Գորիսի մասնաճյուղն ուներ 4 ուսանող, որոցից 3-ն արդեն ավարտել են համալսարանը: Մասնաճյուղում սովորող միակ ուսանողը ավարտական կուրսում է: Նա ուսումնառությունը կշարունակի Երևանում:
11:57 - 29 հուլիսի, 2021