«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|
13:05 - 02 օգոստոսի, 2021

«Զարգացման համար անհրաժեշտ է գիտելիքի անընդհատ շրջապտույտ». Կարեն Քեռյանը` ԲՈԿ-ի բարեփոխումների մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։

«Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը:

Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը

Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը:

Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։

«Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։

Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Գերադասությունը պետք է տրվի որակին. եթե որակ չկա, այդ քանակը հարց չի լուծում։ Միևնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները և խոչընդոտները»:

Բարեփոխումներն այլընտրանք չունեն

Դիտարկմանը՝ արդյո՞ք հայաստանյան գիտական հանրությունը պատրաստ է թվարկված փոփոխություններին, Կարեն Քեռյանը պատասխանում է, որ միջազգային չափանիշներին հասնելն այլընտրանք չունի․ «Կարևոր է այսօրվա աշխարհում գործող չափանիշներին համապատասխանելը: Գիտական տարբեր խմբեր ու գիտնականներ մրցունակ են միջազգային ասպարեզում, բայց մեր իրականության մեջ կան նաև ղեկավարներ, որոնք ունեցել են տասնյակներով ասպիրանտներ, սակայն չունեն որևէ հոդված «Scopus»-ում կամ «Web of Science»-ում: Այն, ինչ չի անում ղեկավարը, ասպիրանտին ավելի դժվար կլինի անել։ 2018 թվականից դոկտորի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ պայմաններից է «Scopus»-ում կամ «Web of Science»-ում հրապարակված 5 հոդվածը՝ բացառությամբ հայագիտության բնագավառի: Գուցե հենց դրանով պայմանավորված՝ դոկտորականների պաշտպանությունների թիվը կտրուկ նվազել է: 2010-2018 թվականներին եղել է տարեկան մոտ 40 պաշտպանություն, վերջին տարիներին՝ 6-10: Ի վերջո, պե՞տք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը և բավարարենք միջազգային պահանջներին, թե՞ մնանք նույն կետում»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել