Կառավարությունը դադարեցրեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը |armtimes.com|
11:57 - 29 հուլիսի, 2021

Կառավարությունը դադարեցրեց Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում դադարեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Որոշումը Կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր:

Համաձայն Կառավարության որոշման՝ ԿԳՄՍ նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարման գործընթացը:

Նշենք, որ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է, որ որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն:

Հիշեցնենք՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումյանը մեր զրույցում նշել էր՝ մասնաճյուղի փակման նախաձեռնողն ինքն է եղել: Նրա խոսքով՝ Գորիսի մասնաճյուղն այդ վիճակով չէր կարող շարունակել գործունեությունը: Մասնաճյուղը շենք չուներ, դասապրոցեսը կազմակերպվում էր Գորիս քաղաքի թատրոնի շենքում, համապատասխան դասախոսական կազմ չկար, ուսանողները շատ քիչ էին:

Հավելենք, որ ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը 2004 թվականից բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցում Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով: 1-4-րդ կուրսերի համար լիցենզիայով նախատեսված է 9-ական սահմանային տեղ: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել:

Այս տարի Գորիսի մասնաճյուղն ուներ 4 ուսանող, որոցից 3-ն արդեն ավարտել են համալսարանը: Մասնաճյուղում սովորող միակ ուսանողը ավարտական կուրսում է: Նա ուսումնառությունը կշարունակի Երևանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել