ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին

Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով:  Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.  «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ սա նրա՝ ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի պաշտոնում առաջին Խորհրդի նիստն է: Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Այս տարի կրկին Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները՝ ըստ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշի և «Economist Intelligence Unit»-ի Ժողովրդավարության ցուցանիշի: Լինելով Մարդու իրավունքների խորհրդի՝ այդ թվում՝ 2022 թվականին Բյուրոյի անդամ՝ Հայաստանը ձգտել է զգալի ներդրում ունենալ աշխարհում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում: Կցանկանայի հատկապես ընդգծել Հայաստանի ներդրումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն պետություններից յուրաքանչյուրին, որոնք աջակցել են 2022 թվականին Հայաստանի կողմից ներկայացված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի կոնսենսուսային ընդունմանը։ 2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն  ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին: Պարո՛ն նախագահ,  ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից վերջերս արված գնահատականով. «մենք առերեսվում ենք վերջին ժամանակների լրջագույն աշխարհաքաղաքական պառակտմանը և անվստահությանը»: 2022 թվականը մարտահրավերներով լի տարի էր Մարդու իրավունքների խորհրդի համար նույնպես։ Ինչպես բարձր հանձնակատարը վերջերս նշեց, չնայած աշխարհաքաղաքական հակասություններին, Խորհուրդը պետք է լինի այն վայրը, որտեղ մենք մի սեղանի շուրջ ենք նստում՝ պաշտպանելու մարդու իրավունքների համընդհանուր արժեքները և մարդասիրությունը: Մենք համաձայն ենք, որ մարդու իրավունքների համակարգի ամենամեծ մարտահրավերը բոլորի իրավունքների պաշտպանությանը հավասարաչափ ուշադրություն ապահովելն է։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա: Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում  անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում: Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ միաձայն մերժելով Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի: Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից: ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»: Ավարտելով խոսքս, պարո՛ն նախագահ, ցանկանում եմ արտահայտել Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։ ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ:  Շնորհակալություն»:
18:49 - 28 փետրվարի, 2023
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այցը Վատիկան և Վարպետաց պալատ. ինչ հանդիպումներ է նա ունեցել

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այցը Վատիկան և Վարպետաց պալատ. ինչ հանդիպումներ է նա ունեցել

Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են քրիստոնեական արժեքների, պատմամշակութային վաղեմի կապերի վրա։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Սուրբ Աթոռի, և մասնավորապես, Հռոմի քահանայապետի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները։ Ի հետևումն ՀՀ ԱԳ նախարարի անցած հոկտեմբերին Վատիկան կատարած պաշտոնական այցին՝ կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային որոշ հիմնախնդիրների՝ այդ թվում հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի առնչությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի համանման մոտեցումները։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի դիրքորոշումները, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած որոշման և Ադրբեջանի կողմից այն անհապաղ իրականացնելու կարևորությունը։ Նույն օրը նախարարի տեղակալը մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կազմակերպված Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Վատիկանի այգիներում գտնվող նրա արձանին։ Այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանին ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոն: Հանդիպմանը քննարկվել են հումանիտար հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախեռնությունները և երկուստեք կարևորվել Մալթայի Ուխտի հումանիտար դիվանագիտության դերն ու նշանակությունը հակամարտությունների հետևանքների մեղմման հարցում։ Հռոմում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին։
12:24 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:  Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:    Երկուստեք նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:
11:21 - 28 փետրվարի, 2023
Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ

Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր:  Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ:
10:22 - 28 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ձեռքբերումներին: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ․ մայիս, նոյեմբեր և 2022թ․ սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ նշելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլ նաև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին՝ ԱԳ նախարարը շեշտել է ՄԱԿ համապատասխան մարմինների միջամտության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիություն ապահովելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։
19:31 - 27 փետրվարի, 2023
Վարձկանությունը և դրանից բխող վտանգներն ունեն տարածաշրջանային բնույթ. ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Վարձկանությունը և դրանից բխող վտանգներն ունեն տարածաշրջանային բնույթ. ԱԳ նախարարի տեղակալը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Փետրվարի 20-27-ը ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ աշխատանքային այց է կատարել Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկվող միջոցները։ Փետրվարի 20-ից 22-ը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ: Այնուհետև խմբի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնելե են Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Վարձկանների հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է այցի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նախնական գնահատականներն ու առաջարկությունները: Ամփոփիչ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ վարձկանությունը և դրանից բխող վտագներն ունեն տարածաշրջանային բնույթ, ինչի վկայությունն է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների լայն օգտագործումը: Նշվել է, որ տարածաշրջանային վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներգրավվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և խորացնելու համագործակցությունը Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի մանդատի շրջանակներում: 
18:45 - 27 փետրվարի, 2023
ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:
17:23 - 27 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Փետրվարի 27-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:  Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 
16:16 - 27 փետրվարի, 2023
Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Հայաստանի հետ մեր հարաբերությունները համահունչ են ամբողջ տարածաշրջանի շահերին, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի»։ Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ տեղեկություն դեռ չի հաղորդել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:
15:27 - 27 փետրվարի, 2023
Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները անթույլատրելի են. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները անթույլատրելի են. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․  «35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։ Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է: Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը: Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը: Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են: Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»:  
10:46 - 27 փետրվարի, 2023
Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Տեղի է ունեցել Բաշար ալ-Ասադի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
19:37 - 23 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
19:00 - 23 փետրվարի, 2023