Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է |armenpress.am|

Ընթանում է Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը. քաղաքապետի միակ թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստի օրակարգի առաջին հարցով ավագանին ընտրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որում ներառված է յուրաքանչյուր կուսակցությունից մեկական ներկայացուցիչ: Երկրորդ հարցը համայնքի ղեկավարի ընտրություն է՝ բաց քվեարկության միջոցով: Ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները յուրաքանչյուրը պետք է ներկայացներ Գյումրու քաղաքապետի  թեկնածու, բայց ինչպես և սպասվում էր, թեկնածու ներկայացրեց միայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը. Նրանց թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, մյուս կուսակցությունները թեկնածու չներկայացրին: ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը իր խոսքում նշեց «ՔՊ-ն թեկնածու չի առաջադրում, մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում: Սա անում ենք, որպեսզի քաղաքի կառավարումը անցնի անցնցում»:  Հաշվիչ հանձնաժողովը որոշում է քվեարկության կարգը: «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:53 - 01 նոյեմբերի, 2021
«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը |armenpress.am|

«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը |armenpress.am|

armenpress.am: «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին: Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար: Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել՝ համամասնական ընտրակարգով։  Վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:
14:56 - 30 հոկտեմբերի, 2021
Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել |armenpress.am|

Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել է չորս թեկնածուներից: Ըստ ընտրական օրենսգրքի, հոկտեմբերի 27-ին 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը:  Թեկնածուներից 2-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համար Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է: Այս մասին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ ավագանիների  ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,- նշեց նա:  Հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները։
16:01 - 27 հոկտեմբերի, 2021
«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել |armenpress.am|

«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել |armenpress.am|

armenpress.am: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն  այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին դեռ չի ընդունել: Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք»-ի ՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա  կազմելու հնարավոր տարբերակներ արդեն քննարկվում է սոցիալական ցանցերում: ««Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ միանալու ու կոալիցիա կազմելու որոշում այս պահին չկա, բայց ներթիմային քննարկումներ ընթանում են»,- այդ մասին  տեղեկացրեց «Բալասանյան դաշինք»  կուսակցության թիմի անդամ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը, ով COVID ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել:   «Առաջիկա օրերին Սամսոնյանը դեռ կմնա տանը: Այս պահին ընթանում են ներթիմային քննարկումներ, հուսով ենք Սամսոնյանը ևս շուտով կմիանա այս քննարկումներին, որից հետո մենք նոր հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց Սոնա Առաքելյանը:
17:21 - 19 հոկտեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Նախնական արդյունքներով՝ ՔՊ կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ. Սարուխանյան

Նախնական արդյունքներով՝ ՔՊ կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ. Սարուխանյան

Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը՝ շնորհակալություն հայտնելով կուսակցությանը ձայն տված բոլոր քաղաքացիներին: Կարեն Սարուխանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ Գյումրեցիներ Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։ Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։ Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»։ Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում տեղի են ունեցել երեկ: Ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 7785 ձայն, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն:
14:20 - 18 հոկտեմբերի, 2021
«Հայրաքաղաք» դաշինքը ընդունում է իր պարտությունը Գյումրիում

«Հայրաքաղաք» դաշինքը ընդունում է իր պարտությունը Գյումրիում

 Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը, ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը եւ ընդունում է իր պարտությունը:  Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձեւավորելու համար:  Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:  «Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը եւ անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին եւ մարդկանց»։
09:56 - 18 հոկտեմբերի, 2021
Նախնական տվյալներով Գյումրիում հաղթել է «Բալասանյան» դաշինքը․ անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ |armenpress.am|

Նախնական տվյալներով Գյումրիում հաղթել է «Բալասանյան» դաշինքը․ անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ |armenpress.am|

armenpress.am: Ըստ նախնական տվյալների` հայտնի են այն 5 ուժերը, որոնք հաղթահարել են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը: Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%) 2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %) 3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%) 4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %) 5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%) 6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%) 7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%) 8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%) 9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%) 10․«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%): Այսպիսով, Գյումրի ՏԻՄ ընտրություններում անցողջիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Զարթոնք» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը: Գյումրիում գործել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։
09:42 - 18 հոկտեմբերի, 2021
Ահազանգ է ստացվել, թե Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի աշխատակցին պահանջել են քվեարկել ՔՊ թեկնածուի օգտին․ «Անկախ դիտորդ» դաշինք

Ահազանգ է ստացվել, թե Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի աշխատակցին պահանջել են քվեարկել ՔՊ թեկնածուի օգտին․ «Անկախ դիտորդ» դաշինք

Անկախ դիտորդ դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։ Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։ «Ի գիտություն, Ընտրողին այս կամ այն կերպ քվեարկելուն հարկադրելը և ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում են Քրեական Օրենսգրքի համապատասխանաբար 154․2 և 154 հոդվածներով»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։ 
18:39 - 17 հոկտեմբերի, 2021
«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան

«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան

2021 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։    «Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասված է գրառման մեջ։ 
16:05 - 17 հոկտեմբերի, 2021
Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը

Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճը․ 10 քաղաքական ուժերից 8-ը մասնակցում են այսօրվա բանավեճին։    Բանավեճին ներկա է «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջին համար Հովհաննես Մարգարյանը։ Նախընտրական բանավեճին մասնակցում են նաև  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար, Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համար Վարդևան Հակոբյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համար Կոնստանտին Ղավազյանը, «Գյումրին կռնա՛» դաշինքը գլխավորող Վարդան Սրտաշյանը։ «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները նույնպես ներկա են։   ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը հրաժարվել է մասնակցել բանավեճին՝ այլ զբաղվածություն ունենալու պատճառով, իսկ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը գլխավորող Վարդգես Սամսոնյանը չի մասնակցում բանավեճին, քանի որ վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել է։    Նշենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Գյումրում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով։    
22:15 - 15 հոկտեմբերի, 2021
Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ Infocom-ը զրուցեց նախընտրական ցուցակի երրորդ համար, Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ։ Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը բնականոն հունով է ընթանում։ ՔՊ-ականներն այցելում են Գյումրու թաղամասեր, զրուցում բնակիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Բեյբությանն ու իր թիմակիցներն արձանագրել են, որ քաղաքում բամաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները՝ ընդգծելով, որ դրանք երկար տարիներ անուշադրության են մատնվել։ Մեր զրուցակցի խոսքով՝  բնակիչները հիմնականում առանձնացնում են թափառող շների, տրանսպորտի խնդիրները․ «Շների մասով նախատեսում ենք ապաստարաններ կառուցել, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել։ Բազմիցս նկատել ենք, որ ականջներին դակած է, որ ստերջացված են, բայց մարդիկ բողոքում են, որ շները մեծ խմբերով քայլում են փողոցում»։ Խոսելով տրանսպորտի խնդրի մասին՝ Բեյբությանն ասում է, որ հարցը կարող է լուծվել կառավարության աջակցությամբ. «Տրանսպորտի մասով նախատեսվում է, որ հավանաբար շուրջօրյա կլինի, կանգառները կլինեն կոնկրետ ժամանակացույցով։ Մեր համայնքում կարծեմ 64 նոր ավտոբուսներ կան, և ակնկալում ենք, որ պետության աջակցությամբ դրանք կհամալրվեն»։ Գյումրու անօթևանության խնդիրը, Բեյբությանի կարծիքով, հնարավոր կլինի լուծել համայնքի բյուջեով ու կառավարության աջակցությամբ․ «30 տարվա ընթացքում, իհարկե, անօթևանության մասով խնդիրները լուծվել են որոշակի չափով, բայց հիմա էլ առկա է այդ խնդիրը։ Կարծում եմ՝ կառավարության շնորհիվ ու համայնքի բյուջեի շնորհիվ հնարավոր կլինի վերջապես այս կարծրացած խնդիրը լուծել։ Երբ շրջում ես, տեսնում ես մարդկանց ծանր սոցիալական վիճակը, թե ինչ պայմաններում են ապրում 21-րդ դարում, հոգիդ տակնուվրա է լինում»։ Բեյբությանը հերքում է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ընթանում է նախկին արատավոր երևույթների ուղեկցությամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ, թաղային հեղինակությունների ներգրավմամբ։ «Մենք ոչ մի անօրինական գործունեություն չենք իրականացնում, ես դա ձեզ վստահեցնում եմ։ Ինչպես նախատեսված է, նույն կարգով և օրենքով շարժվում ենք։ Շատ մարդիկ շատ բան կարող են ասել։ Ամեն խոսք չի, որ հիմնավորում ունի և իրականությանը համապատասխանում է»։ Նրա խոսքով՝ իրենց նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ «Մենք իշխանություն ենք, և եթե համայնքում ևս կենտրոնացած լինի նույն կուսակցությունը, ավելի հեշտ կլինի համագործակցել, ավելի էֆֆեկտիվ կլինեն աշխատանքները։ Այս պահին եթե կոնկրետ իշխանությունն է առաջադրված և ղեկավարում է մեր քաղաքը, համագործակցությունը կարծես ոչ լիարժեք է ստացվում՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի համագործակցել, և ի շահ մեր քաղաքի ավելի արդյունավետ կլինեն աշխատանքները»։ Ավագանու թեկնածուն ասում է, որ չի թերագնահատում  նախկինում քաղաքը կառավարած մարդկանց․ «Ամեն դեպքում մենք ավելի եռանդով և ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք, որ փոխելու ենք և օգնելու ենք մեր ժողովրդին։ Կոնկրետ ես  հաճույք եմ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ հարցով աջակից լինել և օգտակար լինել։ Դա, իհարկե, իմ մասնագիտությունից էլ է կախված՝ որպես բժիշկ»,- եզրափակեց Աստղիկ Բեյբությանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։   Լուսանկարը՝ «Գյումրի՛, ապագա կա՛» ֆեյսբուքյան էջից, ձախից՝ Աստղիկ Բեյբությանը, խոսափողի մոտ՝ համայնքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը Նանե Ավետիսյան
09:15 - 15 հոկտեմբերի, 2021
Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցություններից կազմված «Հայրաքաղաք» դաշինքը։ Դաշինքը 28 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որի առաջին համարը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն է։ Վերջինս, մեր զրույցում անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն հանգիստ է ընթանում․ «Առայժմ ոչ մի կոնֆլիկտ ու վեճ չկա։ Մեր ակնկալիքը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է։ Ակնկալում ենք ունենալ ազդեցիկ ներկայություն Գյումրու ավագանու կազմում»։ Ինչ վերաբերում է մեր զրույցներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած այն պնդումներին, ըստ որոնց՝ Գյումրիում քարոզարշավն ընթանում է նախկին երևույթների ուղեկցությամբ՝ թաղային հեղինակությունների ներգրավում, վարչական ռեսուրսի կիրառում, Բարսեղյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն, ունենալու դեպքում կհրապարակեն․ «Չեմ նկատել այդպիսի բան․ արատավոր երևույթների մասին ես ձեզ ասեմ, դուք փորձեք պատկերացնել․ «բոլոր բնակարաններում գազի զեղչի կտրոն բաժանել, տավարը մորթել, մեկ կիլոգրամը մեկ քվեի դիմաց քվեարկության օրը բաժանել, կգաք այսպես կքվեարկեք, թե չէ վատ կլինի», նման բաներ առայժմ չենք լսել, նախկինում լսել ենք։ Եթե մենք նման որևէ տեղեկություն ունենանք, անմիջապես կհրապարակենք, առայժմ չունենք նման ահազանգ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում, աշխատողների վրա ճնշումներ չլինեն, աշխատատեղում քարոզչությամբ չզբաղվեն»: Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի․ մինչ օրս չեն վերացել երկրաշարժի խորքային հետևանքները․ «3000 ընտանիքներ ապրում են անօթևանության պայմաններում։ Գյումրի տեղափոխված ընտանիքներ կան, տուն ստացած, բայց տնակ վերադարձած ընտանիքներ կան։ Կան մարդիկ, որոնք տուն չեն կորցրել երկրաշարժին, բայց տարբեր պատճառներով, աղքատության բերումով վաճառել են իրենց գույքը և տնակում են ապրում․ այդ ընտանիքները քայքայվում են տարբեր իմաստներով։ Դրա հետ փոխկապակցված են գործազրկությունը և աղքատությունը։ Սա մի ծանր եռանկյունի է, որով Գյումրին խոցված է»։ Բարսեղյանն ասաց, որ որևէ տեղական իշխանություն առանց արտաքին օժանդակության՝ միայն համայնքի բյուջեով այս խնդիրները հնարավոր չէ լուծել․ «Պետական, կառավարական միջամտություն է պետք այս խնդիրը հաղթահարելու համար։ Փողոցների 70%-ը, բակերի 70%-ը ավերակ են, սա էլ է մեծ խնդիր, 50 միլիոն դոլար է պետք, որ վերականգնվի, իսկ քաղաքի բյուջեն 10 միլիոն դոլար է, քաղաքն իր միջոցներով այդ խնդիրը լուծել չի կարող։  Այստեղ նույնպես միջազգային գործընկերների, դոնորական կազմակերպությունների, բանկերի, վարկերի, պետական օժանդակության կարիք կա»։ Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ունի բավականաչափ կարողություն, գիտելիք ու հմտություն՝ քաղաքը արդյունավետ կառավարելու համար․ «Մեր քաղաքական ուժը մաքուր է, արատավոր չէ հանցավոր կառավարմամբ, թալանչիությամբ, կաշառակերությամբ։ Բոլորը աշխատավոր մարդիկ են։ Գյումրեցիները ինձ շատ լավ գիտեն, նոր չեն ծանոթանում, գիտեն իմ անցած աշխատանքային փորձն ու կենսագրությունը։ 9 տարի ավագանու անդամ եմ եղել, կուզեն՝ կընտրեն, կկառավարենք, չեն ընտրի՝ կկառավարեն նրանք, որոնց կընտրի ժողովուրդը», եզրափակեց Լևոն Բարսեղյանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:34 - 14 հոկտեմբերի, 2021