Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցություններից կազմված «Հայրաքաղաք» դաշինքը։
Դաշինքը 28 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որի առաջին համարը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն է։
Վերջինս, մեր զրույցում անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն հանգիստ է ընթանում․ «Առայժմ ոչ մի կոնֆլիկտ ու վեճ չկա։ Մեր ակնկալիքը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է։ Ակնկալում ենք ունենալ ազդեցիկ ներկայություն Գյումրու ավագանու կազմում»։
Ինչ վերաբերում է մեր զրույցներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած այն պնդումներին, ըստ որոնց՝ Գյումրիում քարոզարշավն ընթանում է նախկին երևույթների ուղեկցությամբ՝ թաղային հեղինակությունների ներգրավում, վարչական ռեսուրսի կիրառում, Բարսեղյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն, ունենալու դեպքում կհրապարակեն․ «Չեմ նկատել այդպիսի բան․ արատավոր երևույթների մասին ես ձեզ ասեմ, դուք փորձեք պատկերացնել․ «բոլոր բնակարաններում գազի զեղչի կտրոն բաժանել, տավարը մորթել, մեկ կիլոգրամը մեկ քվեի դիմաց քվեարկության օրը բաժանել, կգաք այսպես կքվեարկեք, թե չէ վատ կլինի», նման բաներ առայժմ չենք լսել, նախկինում լսել ենք։ Եթե մենք նման որևէ տեղեկություն ունենանք, անմիջապես կհրապարակենք, առայժմ չունենք նման ահազանգ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում, աշխատողների վրա ճնշումներ չլինեն, աշխատատեղում քարոզչությամբ չզբաղվեն»:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի․ մինչ օրս չեն վերացել երկրաշարժի խորքային հետևանքները․ «3000 ընտանիքներ ապրում են անօթևանության պայմաններում։ Գյումրի տեղափոխված ընտանիքներ կան, տուն ստացած, բայց տնակ վերադարձած ընտանիքներ կան։ Կան մարդիկ, որոնք տուն չեն կորցրել երկրաշարժին, բայց տարբեր պատճառներով, աղքատության բերումով վաճառել են իրենց գույքը և տնակում են ապրում․ այդ ընտանիքները քայքայվում են տարբեր իմաստներով։ Դրա հետ փոխկապակցված են գործազրկությունը և աղքատությունը։ Սա մի ծանր եռանկյունի է, որով Գյումրին խոցված է»։
Բարսեղյանն ասաց, որ որևէ տեղական իշխանություն առանց արտաքին օժանդակության՝ միայն համայնքի բյուջեով այս խնդիրները հնարավոր չէ լուծել․ «Պետական, կառավարական միջամտություն է պետք այս խնդիրը հաղթահարելու համար։ Փողոցների 70%-ը, բակերի 70%-ը ավերակ են, սա էլ է մեծ խնդիր, 50 միլիոն դոլար է պետք, որ վերականգնվի, իսկ քաղաքի բյուջեն 10 միլիոն դոլար է, քաղաքն իր միջոցներով այդ խնդիրը լուծել չի կարող։ Այստեղ նույնպես միջազգային գործընկերների, դոնորական կազմակերպությունների, բանկերի, վարկերի, պետական օժանդակության կարիք կա»։
Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ունի բավականաչափ կարողություն, գիտելիք ու հմտություն՝ քաղաքը արդյունավետ կառավարելու համար․ «Մեր քաղաքական ուժը մաքուր է, արատավոր չէ հանցավոր կառավարմամբ, թալանչիությամբ, կաշառակերությամբ։ Բոլորը աշխատավոր մարդիկ են։ Գյումրեցիները ինձ շատ լավ գիտեն, նոր չեն ծանոթանում, գիտեն իմ անցած աշխատանքային փորձն ու կենսագրությունը։ 9 տարի ավագանու անդամ եմ եղել, կուզեն՝ կընտրեն, կկառավարենք, չեն ընտրի՝ կկառավարեն նրանք, որոնց կընտրի ժողովուրդը», եզրափակեց Լևոն Բարսեղյանը։
Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։
Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։
«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Նանե Ավետիսյան
comment.count (0)