ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am): Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. •             Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից), •             Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), •             Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի կողմից), •             Պավել Սամվելի Գեւորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), •             Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):  «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
12:13 - 10 մարտի, 2020
ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

ԵՊՀ գիտխորհուրդը փետրվարի 21-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագիծը: Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ խորհուրդը պետք է հայտներ իր կարծիքը: Փետրվարի 13-ին տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ժամանակ նիստի մասնակիցները, քննարկելով այդ նախագիծը, միասնական որոշում չկայացրին: Որոշվեց գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել միայն օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ առանց հիմնավորումների: Կազմվել էր նոր հանձնաժողով, որի կազմում են ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը:   Նախքան նիստի մեկնարկը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ այս գիտական խորհրդի նիստը գիտական խորհրդի կանոնակարգի խախտմամբ է տեղի ունենում, քանի որ գիտական խորհրդի կանոնակարգը հստակ սահմանում է, որ գիտական խորհրդի օրակարգը պետք է տրամադրվի 5 օր առաջ, իսկ նյութերը՝ 3 օր առաջ: «Նաև սահմանվում է, որ գիտական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի ստորագրությամբ կամ գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ: Կարծում եմ՝ սա գիտական խորհրդի նախագահի առաջարկությամբ է, այնուամենայնիվ, այդ դեպքում փաստաթղթերը և օրակարգը պետք է ուղարկվեին 3 օր առաջ, բայց ուղարկվել են մեկ օր առաջ: Սա ընդամենը իմ մտահոգությունն է»,- ասաց Արմեն Ավետիսյանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ գիտխորհրդի նիստի մասին հայտարարվել է խորհրդի անդամներին նախօրոք՝ սրանից ուղիղ 8 օր առաջ, նախորդ հինգշաբթի, և այդ ժամանակ որևէ առարկություն չի եղել. «Ինչ վերաբերում է նյութերի՝ 5 օր առաջ ուղարկելուն, կարող եք համարել նյութ չի ուղարկվել, և այս նիստին էլ կարող եք առաջարկներ անել: Այն ժամանակ, երբ ընթացակարգը բացատրեցի, թե երբ պիտի հավաքվենք ու ինչ պիտի անենք, այս ամենը պարզ էր: Այն ժամանակ առարկություն չի եղել»: Նա փաստեց, որ ցանկության դեպքում հարցը կարող է քվեարկության դնել և որոշել՝ գիտխորհրդի նիստը օրինաչա՞փ է, թե՞ խախտումով: Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքը պարզապես իր մտահոգությունն է հայտնել: Անցնելով օրակարգին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հաձնաժողովը ունեցել է երկու նիստ. «Վերջին նիստը տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը: Այդ պատճառով երեկ նոր ձեզ ուղարկվել է նախագիծը: Այն այդքան ծավալուն չէ: Հաստատ ծանոթանալու ժամանակ ունեցել եք»: Նա առաջարկեց աշխատել հետևյալ ընթացակարգով. հրավիրել Արմեն Թադևոսյանին՝ հանձնաժողովի անունից խոսելու, ապա արդյունավետ աշխատանքի համար կետ-կետ քվեարկել. «Կետերն իրարից անկախ են: Մենք կարող ենք մի կետը ընդունել, մյուսը չէ, կամ բոլորը ընդունել: Կարծում եմ՝ այդպես մենք ավելի արագ կավարտենք աշխատանքը: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է առաջարկություն հնչեցնել, որը քվեարկությունով կարող է հաստատվել կամ ոչ»: Արմեն Թադևոսյանը նշեց, որ փաստաթղթի կազմման համար հիմք են հանդիսացել ֆակուլտետներից ստացված առաջարկները. «Մենք սինթեզել ենք որոշակի առաջարկներ, ապա դրանք արտացոլել նախագծում: Եղել են նաև նախորդ գիտական խորհրդում նախորդ աշխատանքային նախագծի վերաբերյալ արված առաջարկություններ, որոնցից մի քանիսն այստեղ նույնպես արտացոլել ենք»: Նրա փոխանցմամբ, առաջարկները եղել են աշխատանքային խմբի կողմից, որոնց մի մասն արտացոլված է նախագծում՝ հատուկ առաջարկի կամ հատուկ կարծիքի կարգավիճակով: Առաջարկությունների առաջին կետով առաջարկվում է բուհի կառավարման խորհրդի թվաքանակը սահմանել կենտ թվով. «Առաջարկն արել է աշխատանքային խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Պատճառաբանությունն այն է, որ կենտ թվով խորհրդի անդամների թիվ սահմանելը քվեարկության ժամանակ ձայների մեծամասնության տեսանկյունից ավելի հասկանելի և ընկալելի է: Առաջարկվել է խորհրդի ձևավորման նոր մոդել: Առաջարկվել է երկու արտաքին հրավիրյալ անդամներ ներգրավվել խորհրդի կազմում, որոնց մրցութային ընտրության կարգն ու պայմանները կսահմանվեն բուհի կանոնադրությամբ»: Ա. Թադևոսյանի փոխանցմամբ, դրա նպատակն այն է, որ բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին ներգրավվեն մրցութային հիմունքներով այնպիսի հրավիրյալ անդամներ, որոնք այս կամ այն կերպ կարող են իրենց ներուժը՝ կլինի ֆինանսական թե մտավոր, ներդնել բուհի կառավարման գործընթացում: Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, օրենքի ներկայացված նախագծով որոշակի անհամապատասխանություն կար ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի հետ. «Խոսքը բուհական ինքնակառավարման մասին է: Մենք խնդիր ունեինք այստեղ բալանսավորելու բուհի կառավարման խորհրդում պետության և բուհի մասնակցությունը: Նախնական տարբերակում ունեինք 6- 6 համադրություն: Ընդ որում, տեսականորեն կարող էր ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ որոշումները չընդունվեին, քանի որ խորհրդի անդամների քանակը զույգ էր: Հետևաբար եղավ առաջարկ, որ խորհրդի կազմը կենտ թվով սահմանենք, օրինակ՝ 13 հոգանոց խորհրդի կազմ»: Նրա տեղեկացմամբ, այդ պարագայում էլ առաջ էր գալիս երկրորդ հարցը. կարող էր վեճ առաջանալ՝ ում տալ գերակայությունը՝ պետությա՞նը, թե՞ բուհին. «Այդ իրավիճակից խուսափելու համար որոշում կայացվեց առաջարկ անել, որ երկու հրավիրյալ անդամներ լինեն, որոնք պատրաստ կլինեն ինչ-որ կերպ աջակցություն ցուցաբերել բուհին՝ ներդնելով գումար, մտավոր կարողություններ կամ հեղինակություն: Այս առումով կունենանք որոշումների կայացման համար կայուն կառուցակարգ և նաև որոշակի բալանսավորում՝ բուհի և պետության մասնակցության առումով»: ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի կարծիքով, վիճակագրության համաձայն՝ միշտ չէ, որ բոլոր անդամները մասնակցում են քվեարկությանը. «Եթե ուզում եք 13, եկեք գրենք 13, բայց հիմնավորում չավելացնենք, թե այսպես լինի, որ երաշխավորվի: Ուզում եք՝ ոչ էլ գրենք, որ լինի կենտ թվով, ուղղակի առաջարկենք 13 անդամ: Բայց հաշվի առնենք, որ այս առաջարկն անում ենք այն գիտխորհրդում, որն ունի 88 անդամ, այսինքն՝ զույգ թվով: Բացի դրանից՝ մի քանի օր առաջ էլ, երբ մենք հաստատում էինք հանձնաժողովի կազմը, հաստատեցինք 4 հոգանոց հանձնաժողով, բայց հիմա ասում ենք կենտ թվով: Կարծում եմ՝ անհամապատասխանություն կա»: Գեղամ Գևորգյանն առաջարկեց հիմնավորումը հանել և թողնել պարզապես 13: «Ես առաջարկ էի ներկայացրել՝ ամրագրել 12-20 անդամ: Սրանք խորհրդանշական թվեր են, որովհետև եթե նայում ենք, որ համալսարանի համար էլ պետք է 12 խորհրդի անդամ լինի, ինչ որ մեկ այլ բուհի համար էլ, կարծում եմ, արդարացված չէ»,- ասաց Եզնիկ Միրզոյանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հավաստմամբ, բուհի մեծությունը պետք է չազդի դրա կառավարման կամ կառավարիչների քանակի վրա. «Աշխարհում տարբեր ազգաբնակչությամբ մոտ 200 երկիր կա: Բոլորն էլ ունեն մի գլուխ: Չեն ասում՝ երկիրը մեծ է, եկեք կառավարությունը համամասնական անենք»: «Ես չեմ կիսում Ձեր մտահոգությունը: Մենք տարբերակում ենք երկու իրավիճակ՝ փաստացի և իրավական: Իրավական առումով մենք կենտ թիվ ենք նախատեսում, որը իրավաբանորեն երաշխավորում է որոշումների ընդունման համար մեծամասնության հնարավորություն: Փաստական առումով, թե քանի հոգի կմասնակցեն նիստին, քանիսը չեն մասնակցի և ինչպես կքվեարկեն, արդեն երկրոդական հարց է: Հիմա իրավաբանորեն մենք տանք այդ հնարավորությունը, փաստական առումով ով ինչպես կարող է, կօգտագործի: Մենք հարցին մոտենում ենք իրավաբանորեն»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: Եզնիկ Միրզոյանի փոխանցմամբ, 7 անդամի կողմ քվեարկելը և՛ 12-ի, և՛ 13-ի դեպքում մեծամասնություն է. «Երկու դեպքում էլ այն անհրաժեշտ է: Այսինքն՝ թվի կենտ կամ զույգ լինելը չի երաշխավորում: Խոսքն այս մասին էր»: Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ լինի ձեռնպահ, դեմ, կողմ՝ նայած, թե ինչ որոշում է կայացվում. «Մենք պետք է գնանք ավելի հեռուն: Որոշումներ կան, որոնք պետք է երկու երրորդով անցնեն: Այս պարագայում կենտը ամենաողջամիտ կառուցակարգն է: Կարող ենք թույլ տալ նաև 15 կամ օրինակ 17 հոգու տարբերակը: Այստեղ խոսքը կենտի մասին է: Բացի դրանից՝ կենտը հնարավորություն է տալիս համալսարանի մասնակցության չափը ավելացնելու: Զույգի պարագայում այդ հնարավորությունը չենք ունենա»: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հարց ուղղեց ուսանողների ներգրավվածության վերաբերյալ. «Քանի որ հիմնավորման մեջ Դուք նշում եք բուհի ներկայացուցիչների թվի ավելացման մասին, ես կարծում եմ, որ ուսանող դիտարկելն ավելի ներկայացուցչական է, քան արտաքին գործարարներից ներառելը: Առաջարկում եմ ուսանողների թիվը դարձնել 2, քանի որ մենք մեր վերջին տարիների գործունեությամբ ապացուցել ենք, որ առաջնորդվել ենք միայն բուհի շահով: Կարծում եմ՝ առաջարկը պետք է ներառել առաջարկությունների ընդհանուր փաթեթում»: Ի պատասխան Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է հանձնաժողովում. «Առաջարկը եղել է այսպես՝մինչև երկու ուսանող և մինչև երկու արտաքին անդամ: Տրամաբանությունը հետևյալն է. եթե մենք սահմանում ենք չափանիշներ արտաքին անդամներ ներգրավվելու համար, կարող է ինչ-որ մեկը ցանկություն ունենա համալսարանին նվիրաբերել ինչ-որ չափի գումար: Հիմա կարող է մի հոգի այդպես գտնվել, երկուսը՝ չէ: Առաջարկ եղավ սահմանել մինչև երկու ուսանող, տվյալ պարագայում, եթե արտաքին անդամ, մենք, ըստ կանոնակարգի, կներգրավվեինք մեկ հոգի, ապա խորհրդի կազմում կլինեն երկու ուսանող և հակառակը: Բայց քանի որ նախապատվությունը տրվեց որոշակիությանը, առաջարկվեց այս մոդելը»: Նրա հիմնավորմամբ, հիմքում զուտ տեսականորեն դրվել է ինչ-որ ձևով բուհի համար նյութական օգուտ բերելու հարցը. «Ընդամենը դա է եղել տրամաբանությունը: Բայց Ձեր առաջարկությունը մենք անպայման կդիտարկենք»: Դավիթ Ափոյանի հաջորդ հարցի ժամանակ Գեղամ Գևորգյանն ասաց, որ նա խորհրդի անդամ չէ. «Դուք ունեք խորհրդի 22 անդամ, և բոլորն էլ կրթյալ մարդիկ են, իրենք կարող են բարձրաձայնել այն, ինչ Դուք ուզում եք»: Վահե Հովհաննիսյանը Դավիթ Ափոյանին հորդորեց առանձին մոտենալ և քննարկել: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ թե հստակ նշվում է, թե ինչպես պետք է ձևավորվի այդ 13 անդամը. «Միայն 4-րդ կետում չի նշվում, թե ինչպես է ընտրությունը կատարվելու: Կամավո՞ր է լինելու»: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ համալսարանի մասով հղում է կատարվել կանոնադրությանը. «Իսկ մյուս մասը մեր իրավասությունից դուրս է: Առանձին կարող է լինել կանոնակարգ, օրենքին համապատասխան այլ փաստաթղթեր պետք ընդունվեն: Սա ընդամենը ամրագրում է սկզբունքները: Թե այդ սկզբունքներն ինչպես կյանքի կկոչվեն, ինչ կանոնակարգով, արդեն երկրորդ փուլի հարց է»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը երկու դիտարկում ներկայացրեց. «3-րդ կետում նշված է՝ երկու արտաքին հրավիրյալ անդամներ, որից հետո գրված է մրցույթ: Այսինքն՝ հրավիրու՞մ ենք, թե՞ մրցույթ ենք անցկացնում: Կանչում ենք 10 հոգու, 8-ին հե՞տ ենք ուղարկում: Բացի դրանից՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ընտրության կարգը պետք է կանոնադրությամբ ամրագրվի: Միգուցե բուհի կողմից հաստատված ընտրության կարգո՞վ: Այսինքն՝ անպայման պե՞տք է կանոնադրության մեջ ամրագրել, թե՞ չէ»: Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, որ օրենքից հետո հաջորդ փաստաթուղթը կանոնադրությունն է. «Եթե կանոնադրությունը այն լիազորի կանոնակարգին, դա ուրիշ հարց է»: Հայկ Մնացականյանը նշեց նաև, որ գործարարը լայն հասկացություն է. «Սրճարանի ղեկավարն էլ գործարար է, բայց կարծում եմ, որ բուհին ավելի օգտակար կլինի, եթե խոշոր բիզնեսի ներկայացուցիչ լինի: Միգուցե դա պետք է այստեղ նշել»: Վահե Հովհաննիսյանի կարծիքով, գործարարները, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները պետք է օժտված լինեն մեկ կարևոր հատկանիշով՝ հեղինակությամբ, որը զուգորդվում է հանրային ճանաչմամբ. «Պետք առաջնորդվել ողջամտության կանխավարկածով: Բայց Ձեր դիտարկումները որոշակի մտահոգության տեղիք են տալիս այն առումով, որ օրինակ՝ իրավասու մարմնի ղեկավարը չգիտենք, թե ով է»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հետաքրքրվեց, թե առաջարկությունների 1.3-րդ կետում նշվող հրավիրյալ անձանց ո՞վ է առաջադրում. «Ես առաջարկում եմ ավելացնել՝ 2-ը արտաքին հրավիրյալ անդամներից, «որոնց առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը», նոր հետո շարունակել»: Վահե Հովհաննիսյանի պարզաբանմամբ, տրամաբանությունը հետևյալն է՝ եթե բաց մրցույթ է, էլ առաջադրում չկա. «Մենք ասում ենք՝ մեզ անհրաժեշտ է այսպիսի չափանիշներին բավարարող հոգաբարձուների խորհրդի անդամ»: Իսկ հարցին, թե ով է ընտրում, նա ասաց, որ ընտրում է գիտխորհուրդը, ակադեմիական խորհուրդը, բայց առաջադրում չկա. «Բաց մրցույթի պարագայում ինքնաառաջադրում է: Մարդիկ գալիս են ու մասնակցում են մրցույթին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նարեկ Մարգարյանի կարծիքով, կա տարբերություն. «Այդ արտաքին անդամները՝ 6 հոգին, որոնց նախարարությունն է մեզ տրամադրելու, նվիրաբերություն չեն տրամադրելու համալսարանին: Այսինքն`իրենք ուղղակի նախարարության ներկայացուցիչներ են ապահովելու համալսարանում, իսկ այս արտաքին անդամները, որոնց մենք մրցութային կարգով պետք է ընտրենք, որոշակի պարտավորվածություններ են ունենալու, որոնք ինչ-որ չափով կօգնեն համալսարանի գործունեությանը: Տարբերությունը սա է: Մեզ համար կարևոր է, որ համալսարանին ինչ-որ նվիրաբերվի, և համալսարանի գործունեությունը շահի, երկրորդական է, թե նվիրաբերողը ով կլինի: Դրա համար նախարարությունը ավելի մեծ ծավալներով կարող է այդ մրցույթն իրականացնի, և ավելի լավ, չակերտավոր ասած, նվիրաբերողներ բերի համալսարան»: «Նվիրաբերումը միայն օրինակ է, խոսքը կարող է վերաբերել նաև հեղինակությանը, համալսարանի շահերին ծառայեցնելուն և այլն: Նվիրաբերումը չափանիշ չէ: Ես շեշտը, անկեղծ ասած, այլ բանի վրա կդնեի: Այն կդնեի քվոտայի վրա, ինչ արված է. համալսարանի քվոտան ավելացված է, ուղղակի ուսանողության հատվածը կայուն փոքրամասնություն է թողնված: Ձեր մտահոգությունն այս առումով հասկանալի է: Խնդիրը հետկանչի ինստիտուտի մեջ է: Ես առաջարկել էի, որ հրավիրյալ անդամները հետ չկանչվեն, այսինքն՝ հետկանչի ինստիտուտով, չարամտության կանխավարկածով, որ արտաքին հրավիրյալ անդամը կարող է համալսարանին սև փիառ անել, համալսարանը կարողանա հետ կանչել, այդ պատճառով այս ձևակերպումը ստացվեց»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հետաքրքրվեց. «Պարո՛ն Հովհաննիսյան, մենք այս քանի ամիս է փնտրում ենք այդ հայեցակարգը, և հիմնական խնդիրն այն է, որ հայեցակարգ չկա: Դուք զգուշորեն խոսեցիք հայեցակարգի մասին: Որտե՞ղ տեսաք այդ հայեցակարգը»: Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը հիմնավորումների մասին է: «Թե չէ ստացվում է, որ կա հայեցակարգը, և մենք չարամտորեն շրջանցում ենք այն»,- նշեց պարոն Ղազինյանը: «Խոսքը վերաբերում է հիմնավորումներին: Եթե նայեք չորրորդ կետին, իսկ ես վստահ եմ, որ Դուք այն նայել եք, այն վերաբերում է նորմատիվ իրավական ակտերին»,- նշեց պարոն Հովհաննիսյանը: «Երբ քննարկել եք օրենքում առաջարկություններ ներկայացնելու հարցը, անհրաժեշտություն չե՞ք համարել քննարկել, թե որքան է արդյունավետ բուհերի խորհրդի ձևավորումը: Ինչքա՞ն է այն օգնել բուհերի վարկանիշը բարձրացնելու կամ լավ կառավարում իրականացնելու հարցում: Թե այն պարզապես ավելորդ օղակ է, որը բուհին ավելի շատ կաշկանդում է, քան օգնում»,- հարց ուղղեց Մարատ Գրիգորյանը: «Բուհերի հոգաբարձուների խորհուրդը արդյունավե՞տ է գործել, թե՞ ոչ: Իմ կարծիքով, արդյունավետ չի գործել, հիմա էլ արդյունավետ չի կարող գործել: Ինչքան թվաքանակը մեծ լինի, այնքան արդյունավետությունը փոքր կլինի: Եվ հետո մենք փորձում ենք բուհի հոգաբարձուների խորհուրդը ձևավորել՝ ելնելով «ինչը օգուտ կլինի համալսարանին» սկզբունքից: Ես դա բոլորվին այլ կերպ կանեի: Բայց դա մի կողմ թողնենք»,- հարցադրմանը պատասխանեց Գեղամ Գևորգյանը: Պարոն Գևորգյանի փոխանցմամբ, անընդհատ պայքար է, թե ով ինչքան է ներկայացված Հոգաբարձուների խորհրդում. «Երբ ուսանողությունը ներկայացված է 25 տոկոս, այն պետք է հարցեր բարձրացներ ուսանողության մասին: Բայց հիմնական մոդելը դարձել է ինչպես ընտրել, ինչպես մասնակցել կառավարմանը, և եթե մենք գնում ենք հարց բարձրացնելու սկզբունքով, ապա մի հոգին էլ հերիք է: Եթե առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ այս կամ այն խումբը պետք է ունենա վճռական ազդեցություն կառավարման գործընթացում, այդ ժամանակ պայքար է գնում՝ ըստ տոկոսային ներկայացվածության: Երբ առաջին անգամ խորհուրդը ձևավորվում էր, 72 հոգի պարզապես հավաքվում էին այստեղ, և եթե հիմա մարդիկ կան, որ բողոքում են, որ խոսքը բոլորին չի հասնում, այն ժամանակ հենց այդ իրավիճակն էր: Այնպես չէր, որ բոլորը կարողանում էին արտահայտվել: Ինչքան Հոգաբարձուների խորհուրդը լինի փոքրաթիվ, այնքան կլինի ավելի արդյունավետ: Արդյունավետ չի եղել, որովհետև մեծաթիվ է»: «Պարոն Գրիգորյան, ես հարցին մոտեցել եմ զուտ իրավական տեսանկյունից և արձանագրել եմ հետևյալ խնդիրը. նախագծի այն տարբերակը, որն ուղարկվել էր մեր քննարկմանը, Սահմանադրությանը, իմ կարծիքով, չէր համապատասխանում այն առումով, որ Հոգաբարձուների խորհրդի առաջարկվող ձևավորման կարգը, կազմը, ձևաչափը բուհական ինքնակառավարումը ապահովել չէր կարող: Դրա համար էլ թվաքանակը քննարկել ենք ոչ թե զուտ քանակակական առումով, այլ ընդամենը սահմանել ենք, որ լինի կենտ ու հօգուտ համալսարանի ներկայացվածության ու քվոտայի: Այս առաջարկության ամբողջ տրամաբանությունը սա է: Այլ բան փնտրել պետք չէ»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: Գեղամ Գևորգյանն առաջարկեց քվեարկության դնել այդ կետը, բայց Գագիկ Ղազինյանը նշեց, որ սխալ ճանապարհ է ընտրված. «Հիմա որոշենք՝ մենք այս փաստաթուղթն ամբողջությամբ, անկախ բովանդակությունից, ընդունու՞մ ենք, թե՞ ոչ: Ես երբեք չեմ անդրադառնա կետերին, եթե Հովհաննիսյանը հայեցակարգի մասին չխոսեր, դրա մասին էլ հարց չէի տա»: Նրա հավաստմամբ, ամբողջ խնդիրը հայեցակարգի և պատշաճ հիմնավորումների բացակայությունն է. «Բայց նախ մինչև առանձին կետեր քննարկելը՝ որոշենք, թե արդյոք այդ ամբողջ օրենքի վերաբերյալ մենք ընդունում ենք ընդամենը 5-6 կետանոց առաջարկություն: Ինչի՞ հիման վրա: Մեկը չի ասի՝ լավ, մի ամբողջ գիտական հանրույթ եք, դուք ինչ տեսաք, որ գրեցիք այդ առաջարկությունները, ինչ քննարկեցիք, ինչ հիմնավորումներ ունեք, ինչ հիմնավորման բացակայություն տեսաք, որ նման առաջարկություն եք անում, չի կարելի այդքան իջեցնել այս բուհի մակարդակը: Սա նույնիսկ իրեն հարգող անհատը չէր ներկայացնի, միգուցե Ֆեյսբուքի մեկնաբանություններում միայն գրեր իր անունից, բայց բուհի անունից ես ուղղակի կամաչեմ, եթե օրենքի վերաբերյալ այդ փաստաթուղթը ներկայացնենք, որովհետև դա որպես առաջարկություն չեմ ընդունում»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն պարզաբանեց, որ նախորդ խորհրդի նիստին բավական երկար քննարվել է նախագիծ, որը կոչվում էր «Կարծիք օրենքի վերաբերյալ». «Այն չընդունվեց, հետո եղավ առաջարկ՝ անել գիտխորհրդի նիստ, որպեսզի քննարկվեն առաջարկություններ, դա հաստատվեց, կազմվեց աշխատանքային խումբ, որը ներկայացրել էր նախագիծ, որը բաց է նոր առաջարկություններ անելու համար, հիմա նորից վերադառնանք նախորդ խորհրդին ու քննարկենք՝ կարծիք հայտնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Ի՞նչ անենք»: Գ. Ղազինյանը նշեց, որ ուղղակի ցանկանում է խորհրդի կարծիքն իմանալ՝ համաձա՞յն են, որ այս փաստաթուղթը նման տեսքով ներկայացվի որպես համալսարանի հավաքական տեսակետ. «Նախ դա որոշենք, հետո կետերը քննարկենք»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօրվա օրակարգը ձևավորվել է հանձնաժողովի ներկայացրած կարծիքը լսելու համար, բայց բաց է նաև օրակարգային այլ հարցեր ընդգրկելու համար. «Առաջարկում եմ, որ պարոն Թադևոսյանը հնչեցնի մեր առաջարկությունները, ապա քննարկման ժամանակ պարոն Ղազինյանի առաջարկած հարցն ընդգրկենք օրակարգի մեջ և քննարկենք»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ նախորդ նիստին քննարկվել է այդ հարցը, և որոշվել, որ այսօր ներկայացնում են առաջարկություններ. «Եթե հիմա էլ ասում եք՝ առաջարկություններ չներկայացնենք, կարծիք հայտնենք, այդ դեպքում նոր նիստ հրավիրենք, ես առաջարկում եմ առաջին կետը դնել քվեարկության, կանցնի, կանցնի, եթե ոչ, կարող ենք ձևափոխել, նոր կետ առաջարկել»: «Դուք ամեն ինչ խեղաթյուրում եք, եթե կետերով քվեարկենք, որոշ մարդիկ կողմ կքվեարկեն, որոշ մարդիկ՝ դեմ, հետո կստացվի, որ կետերն ընդունեցիք, իսկ փաստաթղթի մասին կարծիք չունեցանք, չի կարելի կետերով: Նախ ելույթները լսենք, մարդիկ ընդհանուր կարծիք արտահայտեն, նախորդ անգամ առաջարկությունները տարբեր եղան, այդ թվում՝ տարբեր մարդկանց կողմից՝ նախ առաջարկություններն ընդունենք, ապա հիմնավորումները ձևակերպենք: Դուք էլ և տարբեր մարդիկ առաջարկեցիք, որ տարբեր անուններով լինեն՝ առաջարկություններ, դիտողություններ, կարծիքներ, այնպես որ եթե որոշում ընդունվի, որ ձևավորում ենք հանձնաժողով, խումբ, որը կկազմի առաջարկների ցանկ, նման բան ես չեմ հիշում, իմ հիմնական մտահոգությունն այն է, որ չի կարող խորհրդի անունից նման փաստաթուղթ ներկայացվել, չի կարելի առանց վերլուծելու օրենքի նախագիծն անել առաջարկություններ, չի կարող համալսարանի 80-հոգանոց խորհուրդն այդ ամբողջ օրենքի վերաբերյալ անել 5-6 առաջարկություն, բայց եթե մեկին ասեմ, որ հիմնավորի, չի կարող, քանի որ այդ առաջարկություններն էլ վերցված են նախորդից: Գոնե սկզբում գրեք՝ օրենքը շատ լավն է, բայց մենք ունենք առաջարկներ, որոնք կարող են այն ավելի բարելավել: Եթե 6 կետն էլ քննարկենք, և անցնի, արդյունքում ստացվում է, որ փաստաթուղթն ընդունվում է»,- իր մտահոգությունը հայտնեց Գագիկ Ղազինյանը: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ որոշակիորեն համաձայն է Գ. Ղազինյանի կարծիքի հետ. «Սա չէ ճիշտ ճանապարհը: Պարոն Թադևոսյանի առաջարկներից հետո գիտխորհրդի անդամները կարծիքներ հայտնեն փաստաթղթի վերաբերյալ, ապա կանցնենք ամբողջական փաստաթղթի քննարկմանը»: Գեղամ Գևորգյանը նշեց, որ դեմ չէ նման քննարկմանը, այսինքն՝ ամբողջը կարդալ, նոր քննարկել. «Բայց ասում եմ այն, ինչ որոշվել էր նախորդ նիստի ժամանակ: Եթե հիմա դուք՝ խորհրդի անդամներդ, առաջարկում եք փոխել օրակարգը, դա կլինի նոր խորհուրդ, սակայն եթե այդպես եք ուզում, պարոն Թադևոսյանն ամբողջը կներկայացնի»: Արմեն Թադևոսյանը նշեց, որ առաջարկությունների երկրորդ կետով առաջարկվում է օրենքում սահմանել բուհերի կառավարման առանձնահատկությունները, սահմանել նաև այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հստակ կերաշխավորեն հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար. «Խոսքն այստեղ հանրային, մասնավոր, միջպետական պայմանագրերով ստեղծված բուհերի մասին է»: Երրորդ կետով, նրա փոխանցմամբ, վեր են հանվում հայեցակարգային խնդիրները, որոնք այս կամ այն կերպ բացակայում են օրենքի նախագծից, չորրորդ կետով առաջարկվում է մեկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի փոխարեն սահմանել երկաստիճան համակարգ, այսինքն՝ թեկնածուի գիտական աստիճանը հավասարեցնել PhD-ին, իսկ դոկտորի գիտական աստիճանը՝ հաբիլիտացված PhD-ին: «Աշխատանքային խմբով քննարկելու ժամանակ մի փոքր վերապահում ունեինք հանրային բուհ եզրույթի հետ կապված, և ուզում ենք առիթն օգտագործել ու հիշեցնել, որ ժամանակին մենք առաջարկն արել ենք, մասնավորապես՝ Իրավագիտության ֆակուլտետը, որ կամ կրթական հիմնադրամների մասին օրենք ընդունվի, կամ բուհ՝ որպես այդպիսին կազմակերպաիրավական ձև, այդպիսի կարգավիճակ տրվի ուսումնական հաստատություններին, այդ տրամաբանության մեջ առաջարկում ենք մեկ անգամ ևս քննարկել այդ հնարավորությունը»,- նշեց Արմեն Թադևոսյանը: 6-րդ կետը, նրա տեղեկացմամբ, վերաբերում է «Ուսանողական խորհուրդներ» եզրույթին, որն օրենքում օգտագործվում է մի դեպքում եզակի թվով, մի դեպքում՝ հոգնակի, այդ առումով տարընթերցում է առաջանում, թե Հոգաբարձուների խորհրդի անդամին ով պետք է ընտրի, ո՞ր Ուսանողական խորհուրդը. «Եթե դրանք մի քանիսն են, առաջարկում ենք եզրույթը դարձնել եզակի կամ մանրամասնել, թե խորհրդի անդամի առաջադրման իրավունքն ինչպես պետք է իրացվի, ՈՒԳԸ-ի վերաբերյալ իրավակարգավորումներն օրենքում բացակայում են, այդ պատճառով առաջարկում ենք անդրադառնալ նաև դրան, քանի որ շատ ենք կարևորում»: «Առաջարկել ենք բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը թողնել պարտադիր, ինչպես նախատեսված էր, իսկ ծրագրայինը դարձնել կամավոր: Դրա հետ կապված բազմաթիվ մոտեցումներ կան՝ սկսած ֆինանսականից, որ նրանք մեծ ֆինանսական բեռ կդառնան բուհերի համար: Նախագծում մեզ հայտնի ռոտացիայի սկզբունքով ուսման վարձավճարների լրիվ փոխհատուցումը որպես կրթաթոշակ է ներկայացվում, բայց հիմնավորումներ չկան, այդ պատճառով առաջարկել ենք վերանայել այդ մոտեցումը և թողնել, որովհետև դա բավականին արդյունավետ կարող է լինել առաջադիմության խթանման տեսանկյունից»,- թվարկեց Արմեն Թադևոսյանը: Նրա խոսքով, 10-րդ կետով առաջարկվել է «70 տարին» փոխարինել կենսաթոշակային տարիք բառերով. «Սա վերաբերում է այն դրույթին, որ գիտական ծրագրերում չընդգրկված անձանց 70 տարին լրանալուց հետո նրանք որոշակի պարգևավճար են ստանում: Հարց է առաջանում, եթե մարդը 63 տարեկանում չի աշխատում, այդ ծրագրերում ընդգրկված չէ, կենսաթոշակային տարիքից պետք է սպասի մինչև 70 տարեկան, հետո ստանա, դրա համար առաջարկել ենք, որ երբ կենսաթոշակային տարիքը լրանա և այլևս ընդգրկված չի լինի նման ծրագրերում, այդ ժամանակ վճարվի»: «11-րդ առաջարկը, որը, ըստ էության, կրկնում է «Կրթության մասին» օրենքը, բայց քանի որ կարևորվել էր ֆակուլտետների առաջարկներում և գրադարանի կողմից էր հնչել, որ ԵՊՀ-ի մասին հատուկ կարգավիճակը այստեղ էլ հնչեցվի՝ մտածելով, որ երբ օրենքն ընդունվի, այն դրույթները, որոնք վերաբերում են բուհերին, դուրս են գալու, և առաջարկել, որ այդ առանձնահատկություն կոչվածը, որը վաղուց օրենքում կա, կառավարությունը սահմանի»,- առաջարկությունների փաթեթը ներկայացնելիս նշեց Անձնակազմի կառավառման և իրավական ապահովման վարչության պետը: Գագիկ Ղազինյանը հետաքրքրվեց, թե ինչու առաջարկներում որևէ խոսք, բառ չկա գիտության մասին. «Չէ՞ որ օրենքը կոչվում է բարձրագույն կրթության և գիտության մասին: Գիտության մասին անգամ ակնարկ չկա»: Գեղամ Գևորգյանի դիտարկմանը, թե նախորդ անգամ նրա և պարոն Սաղյանի կողմից եղավ առաջարկ դրան չանդրադառնալու, Գագիկ Ղազինյանը պատասխանեց, որ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն է առաջարկել չանդրադառնալ: «Ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որովհետև նախարարը ինչ-ինչ խոստումներ է տվել, որոնք իրավունքից շատ հեռու են: Իմ մոտեցումն այն է, մենք՝ որպես գիտակրթական կառույց, ընդ որում՝ հետազոտական համալսարան, պետք է այդ հարցերին անդրադառնանք՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտությունը պետք է ինտեգրվի, մոտենա բուհերին, և մենք որևէ բառ դրա մասին չենք խոսում: Ո՞րն է դրա պատճառը»,- հետաքրքրվեց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը: Ի պատասխան՝ Գ. Գևորգյանը նշեց, որ որպես առաջարկ՝ հարցը կընդգրկվի: Շարունակությունը՝ այստեղ։
15:09 - 22 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն պարզաբանել է ԵՊՀ կայքի արձագանքը

ԱԱԾ-ն պարզաբանել է ԵՊՀ կայքի արձագանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել՝ ստանալով ԵՊՀ կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին և 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը, ինչը ցանկության դեպքում կարող է հաստատվել հաղորդագրության տեքստի կրկնակի ընթերցմամբ։ Բնավ, հաղորդագրությունը չի հետապնդել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը ստվերելու նպատակ։ Ի գիտություն ընդունելով և ողջունելով ֆակուլտետի գիտխորհրդի կողմից  կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ հետևողական պայքար մղելու հռչակած պատրաստակամությունը` ավելորդ չենք համարում վերահաստատել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամեն պարագայում շարունակելու է կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և դրա դեմ անզիջում պայքարը։ Զերծ մնալով ԵՊՀ կայքում տեղ գտած մեկնաբանություններում օգտագործված ձևակերպումների՝ իրավական կոռեկտություն և որոշակիություն ցուցաբերելու, անմեղության կանխավարկածը երաշխավորելու շուրջ անիմաստ վեճից` հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խստիվ պահպանմամբ և, հենց անմեղության կանխավակածի ինստիտուտի հանդեպ հարգանքից ելնելով, ծառայությունը ձեռնպահ է մնում առերևույթ հանցագործություններ կատարած անձանց հստակ պաշտոնները և այլ անհատականացնող տվյալները նշելուց, սակայն խոչընդոտներ չի տեսնում հանրությանն իրազեկել Երևանի պետական համալսարանի այլ ֆակուլտետի դասախոսի կողմից՝  իրեն ծանոթ իրավասու անձանց միջոցով իրավագիտության ֆակուլտետի ուսանողի ընթացիկ քննությունների դրական գնահատականների ստացումն ապահովելու համար գումար ստանալու փաստական տվյալների առկայության մասին։ Անհրաժեշտ ենք գտնում նաև նշել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցած քրեական գործով ներկա պահին ձերբակալված անձինք չկան, քրեական գործը օրենքով սահմանված կարգով՝ այլ քննչական մարմնում ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով, փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն և նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց արարքներին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- նշված է պարզաբանման մեջ։
10:11 - 15 փետրվարի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Երևանի պետական համալսարանի դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ բուհ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար: ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:12 - 14 փետրվարի, 2020
ԵՊՀ-ում կստեղծվի Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն |news.am|

ԵՊՀ-ում կստեղծվի Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն |news.am|

news.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խորհրդի անդամները կողմ քվեարկեցին Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն ստեղծելու մասին որոշմանը։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանն ասաց, որ կենտրոնը ինքնաֆինանսավորվող ստորաբաժանում է լինելու, որոշ գումար թողնվելու է համալսարանին՝ տարածքի, լույսի դիմաց։ Կենտրոնը լեզուների ուսուցման ծառայություններ կմատուցի ինչպես ԵՊՀ ուսանողներին, այլ բոլոր քաղաքացիներին, որոնք պատրաստ կլինեն վճարել այդ ծառայության դիմաց։ Կենտրոնի ղեկավարը կլինի ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը։ Ապրեսյանն ասաց, որ այստեղ լեզվի ուսուցում է իրականացվելու, ավելի մատչելի արժեքով, քան օրինակ այսօր կրկինուսույցների մոտ է իրականացվում։  
11:10 - 26 դեկտեմբերի, 2019
Ձեր պահանջը քաղաքական է եւ ուղղված է ԱԺ–ին. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին |news.am|

Ձեր պահանջը քաղաքական է եւ ուղղված է ԱԺ–ին. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ուսանողներին |news.am|

news.am: Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ կլինի նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԵՊՀ–ում ռեկտորի աշխատասենյակի առաջ նստացույց իրականացնող ուսանողներին ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր։ «Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձեւաչափ կա, ե՞րբ, ո՞ր դեպքում կարելի է հրավիրել։ Ես հղումն արել եմ, խնդրում եմ կարդացեք համալսարանի կանոնադրությունը եւ շարժվեք կանոնադրությունով»,– ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ գիտխորհրդի կազմի ուսանողներին եւ դասախողներին ասել է, որ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ցանկալի է, որ կարծիք հայտնելուց անվանական լինի. «Խնդրում եմ, որ դասախոսները կարծիք են արտահայտում, չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին։ Գիտակից, չափահաս եւ բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժե եր իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ մեկի մեկնաբանություն, մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի»։ Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ պահանջը պետք է ուղղված լիներ աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ որ բաներից դժգոհելուն, սակայն այստեղ պահանջն այլ է. «Ձեր պահնջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ–ին։ Դուք օրենքով ուզում եք ինչ որ բան ամրագրել, կարեւոր չէ թե ինչ»։ ԵՊՀ ուսանողական ծրագրերևի համակարգող Էդուարդ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատարին ասաց, որ ակցիան ուղղված չէ, որեւէ մեկի անձի դեմ։ «Ակցիան ուղղված չէ ռեկտորի դեմ, ոչ էլ Արայիկ Հարությունյանի կամ ԱԺ–ի ինչ որ խմբակցության դեմ։ Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել։ Ի սկզբանե մենք պահանջ բառն էլ չենք օգտագործել, մենք ասել ենք, որ խնդրում ենք համալսարանի ղեկավարությանը անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը։ Չգիտեմ ինչից է ստեղծվել այն տպավորությունը, որ պահանջը քաղաքական է»,– ասաց Գալստյանը։
11:21 - 27 նոյեմբերի, 2019
Դասադուլի մասնակիցները ռեկտորի ժ/պ-ի հետ պայմանավորվել են ակցիան իրականացնել ԵՊՀ մասնաշենքից դուրս |armenpress.am|

Դասադուլի մասնակիցները ռեկտորի ժ/պ-ի հետ պայմանավորվել են ակցիան իրականացնել ԵՊՀ մասնաշենքից դուրս |armenpress.am|

armenpress.am: Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք դասադուլ են իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ պայմանավորվել են, որ դասադուլի հետագա ակցիաներն իրականացնելու են ուսումնական մասնաշենքից դուրս: «Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, և փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ ճանապարհ է` բռնանալ որևէ մեկի կարծիքին կամ դիրքորոշումներին: Մենք պայմանավորվեցինք, որ իրենք դասադուլն իրականացնեն համալսարանի մասնաշենքից դուրս, որպեսզի չխոչընդոտեն դասերին հաճախել ցանկացող ուսանողների դասապրոցեսին: Բոլորը չէ, որ միացել են դասադուլին կամ գործադուլին, որը դեռ չկա, բայց, եթե լինի էլ, ես նորմալ կհամարեմ»,-  ասաց Գևորգյանը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնած դասադուլին միացել են նաև Պատմության ֆակուլտետի որոշ ուսանողներ: Ուսանողների մեկ խումբ էլ ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով դիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
12:22 - 06 նոյեմբերի, 2019
ԵՊՀ աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել. արհեստակցական կազմակերպություն

ԵՊՀ աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել. արհեստակցական կազմակերպություն

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով բարելավել ԵՊՀ բոլոր աշխատողների սոցիալական վիճակը եւ հաշվի առնելով, որ մինչեւ տարեվերջ սպասվում են ԵՊՀ եկամուտների եւ ծախսերի 2020 թ. նախահաշվի (բյուջեի) քննարկումն ու հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջարկել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջարկել է ԵՊՀ 2020 թ. բյուջեում շուրջ 1(մեկ) միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ, վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող եւ այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում: ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մատնանշել է աշխատավարձին ուղղված միջոցների ավելացման հնարավոր ուղիները, այն է վարձավճարները (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2019 թ. սկսվել եւ հաջորդ տարիներին եւս դիտարկվում է շրջանավարտների՝ հետեւաբար դիմորդների թվաքանակի էական աճ), ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորման եւ այլ եկամուտների ավելացումը, ինչպես նաեւ ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների (ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսեր, հիմնանորոգման եւ շինարարության ծախսեր, գործուղման ծախսեր, ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման ծախսեր եւ այլն) կրճատումները: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ֆոնին ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խիստ կարեւոր է Հայաստանի Մայր բուհի պրոֆեսորադասախոսական եւ այլ տարակարգերի աշխատողների աշխատավարձերի անհապաղ բարձրացումը, հատկապես, երբ ԵՊՀ կոլեկտիվի անդուլ աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում կուտակվել են ռեզերվային (պահուստային) ֆինանսական միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում այս հարցում գործել առավել համարձակ եւ չխաթարելով ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումն ու ԵՊՀ բնականոն աշխատանքը՝ շուրջ 20 տոկոսով ավելացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:
10:36 - 30 հոկտեմբերի, 2019
ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ |armtimes.com|

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները այսուհետ աջակցություն կստանան. Ֆակուլտետներում ձեւավորված աջակիցների օղակը նրանց կօգնի դասապատրաստման, լրացուցիչ պարապմունքների իրականացման եւ ուղեկցության հարցերում: Հաշմանդամություն ունեցող ուսանողներն այսօր բուհերում բախվում են մի շարք խնդիրների՝ թեքահարթակների, Բրայլյան՝ ուռուցիկ-կետային համակարգով գրքերի ու «խոսող» գրքերի բացակայության եւ այլն: ԵՊՀ-ում առայժմ փորձում են լուծել այդ խնդիրներից մեկը: Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել է հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու մասին հրամանը, որը նույն օրվանից ուժի մեջ է մտել: Ֆակուլտետներում կձեւավորվի աջակիցների օղակ, որը կստանա ֆինանսավորում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ լրացուցիչ պարապմունքների եւ նրանց ուղեկցելու համար: Ըստ այդ հրամանի՝ տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու եւ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ: Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում օգնելու եւ ուղեկցելու համար նախատեսված է հատկացնել գումար՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով 200 հազար դրամ: Աջակիցների օղակում տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար հատուկ մասնագետներ կհրավիրվեն, եւ հատկացվող 400.000 դրամից նրանք աշխատավարձ կստանան: Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար՝ կհրավիրվեն մասնագետներ, սակայն բուհի ուսանողները եւս հնարավորություն կունենան օգնելու՝ այդպիսով ներգրավվելով աջակիցների օղակում: Օգնություն ցուցաբերող ուսանողները գումար կվաստակեն կամ կզեղչվի նրանց վարձը, կստանան կրթաթոշակներ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը կհավաքագրվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների մասին տեղեկությունը, նրանց թիվը կհստակեցվի եւ աջակցությունը կտրամադրվի ըստ կարիքի: Գումարը տրամադրվելու է յուրաքանչյուր ուսանողի համար, որը, տեսողական, լսողական եւ հենաշարժողական խնդիրների առկայությամբ պայմանավորված, ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: «Սա դեռ առաջին քայլն է, ԵՊՀ-ն հետամուտ է լինելու ներառականության ամբողջական ռազմավարության մշակմանը եւ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծմանը»,- նշեց էլինա Ասրիյանը: Հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու հետ կապված հարցը, սակայն, ամբողջովին չի լուծվում. ԵՊՀ-ում անհրաժեշտ թեքահարթակներ կամ հատուկ պայմաններ, լսարաններ, Բրայլյան գրքեր չկան: Արդյո՞ք այս իմաստով առաջիկայում բուհում դրական փոփոխություններ կլինեն: «Խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծումը ենթադրում է որոշակի տրամաբանություն: Մենք այսօր առաջին քայլն ենք արել, սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա: Թեքահարթակների հարցը եւս կլուծենք»,- պատասխանեց պրոռեկտորը՝ հավելելով, որ գլխավոր նպատակը յուրաքանչյուր ուսանողի հաջողությունն է: «Սա ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ներառականության գործիքակազմ, սահմանել հատուկ կարիք ունեցող ուսանողների հաջողության հասնելու համար անհրաժեշտ օժանդակ միջոցներ»,- նշեց էլինա Ասիրյանը՝ խոսքն ավարտելով, որ հատուկ կարիք ունեցող ուսանողների համար պետք է հասանելի դարձնել հավասար իրավունքով կրթության եւ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հնարավորությունը:
17:54 - 23 հոկտեմբերի, 2019
Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի. ԿԳՄՍՆ պարզաբանումը մայր բուհում կրճատումների մասին |aysor.am|

Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի. ԿԳՄՍՆ պարզաբանումը մայր բուհում կրճատումների մասին |aysor.am|

aysor.am։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող խնդիրների մասով նախարարությունը ոչինչ անել չի կարող,  ասաց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետ Օֆելյա Կամավոսյանը՝ անդրադառնալով օրեր շարունակ մամուլում առկա այն տեղեկություններին, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը՝ վերջնաժամկետ սահմանելով 2019թ. դեկտեմբերի 31-ը։ «Այս հարցով խորհրդակցել ենք և բուհերի վարչության պետի, և մեր իրավաբանի հետ։ Ինձ պատասխանվել է հետևյալը. եթե աշխատանքային վեճ է, պետք է կարգավորվի Աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով էլ ճիշտ չէ, որ նախարությունն ինչ-որ կերպ միջամտի։ Եթե այլ հարց է, ԵՊՀ-ից պետք է պատասխան տան», - ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է մայր բուհում հասունացող դժգոհության ալիքից և լսե՞լ է կողմերի կարծիքները, Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ այդ մասին հավելյալ ճշգրտում պետք է անի, այնուհետև կտեղեկացնի։ Ավելին՝ aysor.am-ում
10:16 - 23 սեպտեմբերի, 2019
ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել Արթուր Իսրայեյանը

ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել Արթուր Իսրայեյանը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում: 2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը: Արթուր Իսրայելյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ-արաբական պատմամշակութային առնչությունները, արաբական աշխարհը միջազգային հարաբերություններում, իսլամագիտությունը, արաբական միջնադարյան պատմությունը և մշակույթը, կորեագիտությունը, չինական պատմագրությունը և գրերը: Արթուր Իսրայելյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: 2009 թվականին Կահիրեում նա արժանացել է «Արաբերեն լեզու և մշակույթ» և «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն և բարեկամություն» հուշամեդալների, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրի: Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:
15:44 - 13 օգոստոսի, 2019
ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը |news.am|

ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը |news.am|

news.am: ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր: Այսօր տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը: Նա հայտնեց, որ Բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:Ինչ վերաբերում է Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գեւորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ Ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:
09:00 - 09 հուլիսի, 2019