ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|
11:40 - 25 օգոստոսի, 2020

ԵՊՀ ռեկտոր նշանակվելու է Կառավարության թեկնածուն. չի կարող լինել օբյեկտիվ ընտրություն, երբ նախարարի խորհրդականը տարածում է թեկնածուներից մեկի՝ ԵՊՀ-ի զարգացման ծրագիրը. Ռ. Մելքոնյան |tert.am|

tert.am: Ես չեմ հավատում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը օբյեկտիվ է լինելու կամ կայանալու է ռեկտորի թեկնածուների ծրագրերի համեմատություն, մրցույթ, տեսլականների միջև բախում, քննարկում: Այս մասին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, թե ընտրության ժամանակ գերակայելու է խմբակային շահը:

«Իշխանությունը, որը խոսում է բուհական ինքնավարությունից, ակադեմիական ազատություններից, որևէ կերպ իր քայլերով համահունչ չէ իր հայտարարություններին: Կարող ենք ուղղակի նայել Հոգաբարձուների խորհրդի կազմը, որ հասկանանք՝ իշխանությունները գնալու են թիմային լուծման: Իշխանությունները խոսում են բուհական ինքնավարությունից, մինչդեռ համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր ոլորտների փոխնախարարներ, տարբեր պետական կառույցների ղեկավարներ, և այս կամ այն կերպ իշխանություններին մերձ կանգնած անձինք»,- ասաց Մելքոնյանը՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամների 50 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են:

«Ենթադրում եմ նաև, որ իշխանությունը ոչ միայն այդ 50 տոկոսն ունի. կարծում եմ՝ համալսարանի կազմից ընդգրկվածներից 1-2-ը տարբեր շարժառիթներով քվեարկելու են իշխանության ընդունած որոշման օգտին: Ես կարծում եմ, որ լինելու է դասական սցենար, և ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ոչ թե ընտրվելու, այլ նշանակվելու է Կառավարության ընդունելի թեկնածու»,- ասաց ռեկտորի թեկնածուն՝ ցավալի և մտահոգիչ որակելով այն հանգամանքը, որ իշխանությունները ներկայանում են իբրև որոշ արժեքների կրողներ, բայց անում են ճիշտ հակառակը:

«Մենք տեսնում ենք տարբեր կապեր, հովանավորչություն: Չի կարող ընտրությունը համարվել օբյեկտիվ, երբ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով, իշխանությունների տերմինաբանությամբ, «ըստ օդում կախված լուրերի», շատ ջերմ հարաբերություններ ունի ռեկտորի թեկնածուներից Վահրամ Դումանյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարածում է ԵՊՀ-ի զարգացման վերաբերյալ Դումանյանի հարցազրույցը: Սա համարել օբյեկտիվ՝ ուղղակի ճիշտ չէ: Նմանատիպ այլ դրսևորումներ ևս կան: Պետք չէր ներկայացնել սա որպես մեծ հեղափոխական փոփոխություն: Մեր կոլեգաներից ոմանք մի գաղափար էին առաջ քաշում, ես համաձայն չէի, բայց հիմա, ցավոք, համաձայն եմ՝ անգամ պետք չէ ռեկտորի պաշտոնի համար ընտրություններ անել, կարելի է ուղղակի նշանակել, որովհետև այս կամ այն կերպ, միևնույն է, ռեկտորը նշանակվում է»,-ասաց Մելքոնյանը:

Անդրադառնալով ռեկտորի հետաձգված ընտրություններին և հարցին՝ արդյո՞ք ռեկտորի գրանցված հինգ թեկնածուները կմնան, թե՞ հնարավոր է նոր թեկնածուների առաջադրում, Մելքոնյանն ասաց.

«Թեկնածուներիս մոտ էլ բազմաթիվ հարցեր և անորոշություն կա: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս ԿԳՄՍ նախարարության գործելաոճը հարցականներ առաջացնող է. տարբեր ժամկետների խախտումներ արդեն կան: Որքանով ինձ է հայտնի, գերակշռում է այն կարծիքը, որ պետք է գրանցված թեկնածուները մնան, և Հոգաբարձուների նոր խորհուրդն իրականացնի ընտրություն:

Իրավական առումով էլ այդպես է. խորհուրդը փոխվում է, բայց այն գործառույթները, որ կան, վերաբերում են ընդհանրապես խորհրդին, ոչ թե փոփոխված անձերին: Թեև նախարարությունից տարբեր՝ ոչ դրական անակնկալներ կարելի է սպասել»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ռեկտորի թեկնածու և համալսարանական, որևէ ծանուցում չի ստացել ընտրությունների կայացման ու ժամկետների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։

Օրերս հաստատվեց համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի անդրանիկ նիստը կկայանա վաղը: Նիստի օրակարգում են Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել