Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԼՂ հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն. Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկում են ունեցել

ԼՂ հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն. Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկում են ունեցել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 21-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Ինչպես հայտնում են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:
16:17 - 21 հուլիսի, 2023
Կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով․ԱԽ քարտուղարը՝ Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարին

Կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով․ԱԽ քարտուղարը՝ Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարին

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին: «Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով: Քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:52 - 17 հուլիսի, 2023
Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները

Արմեն Գրիգորյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այդ մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի Ֆեյսբուքի էջում: «Ա. Գրիգորյանը և Ս. Փաուերը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ, ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները»,- նշված է գրառման մեջ:
14:00 - 13 հուլիսի, 2023
Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
 |amerikayidzayn.com|

Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, ըստ հայկական կողմի տեղեկատվության, քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ մասնավորապես, երկկողմ համագործակցության զարգացմանը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում: Ամերիկյան կողմը հրապարակման պահին դեռևս տեղեկություն չի տրամադրել հանդիպման մասին: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հարցում է փոխանցել ամերիկյան կողմին՝ հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու խնդրանքով: Պատասխան ստանալու պարագայում հայկական ծառայությունն անմիջապես կհրապարակի այն: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում, խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ ու ընդգրկել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն շրջանակ: Նրա խոսքով, առկա է լավ հնարավորություն այս հարաբերությունները խորացնելու ու նոր թեմաներ ընդգրկելու համար: «Ժողովրդավարությունն ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել [հարաբերությունները]»: Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում: «Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Գրիգորյանը: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ: Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»: Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար: «Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»: Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ, պնդում է Գրիգորյանը: «Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առոմով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»: Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»: Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»: Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշեց երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը: «Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»: Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել: Ի պատասխան հարցին, կապված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկի մասին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ՝ Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ Վարդան Օսկանյանը տաս տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնինս նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...»: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»: Ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու մասին հարցին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ դա շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: «Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»: Տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին խոսելիս՝ Գրիգորյանը նկատել է, որ այսօր տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում: Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, «Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը», ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը: Նա շեշտում է. «Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով և փորձում ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:24 - 12 հուլիսի, 2023
ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ

ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Արմեն Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է: Նա ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր:
14:37 - 03 հուլիսի, 2023
Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները
 |armenpress.am|

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը: - ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում են ԱԽ նիստերում, մասնավորապես 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: Ի՞նչպես կմեկնաբանեք դրանք: - Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը: Երեկ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ և արձագանքել Նիկոլ Փաշինյանի ելույթին։  «Հարգելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ` Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ ներկայացված  որոշ հարցերին և ներկայացնել իմ դիրքորոշումն ու պարզաբանումները: Պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի:  Վարչապետը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ  ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: -2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը,  թույլ են  հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները: Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ: Միաժամանակ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով մոբիլիզացնել մեր ռեսուրսները, հստակեցնել ընկերությունների արտադրողական հնարավորությունները, ներկայումս առկա հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների քանակները, դրանք ՀՀ զինված ուժերին տրամադրելու հնարավոր ժամկետները: ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում ամրագրել ենք, որպեսզի ունենանք սեփական հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ գեոստացիոնար ուղեծրում կամ վարձակալել հետախուզության և կապի կազմակերպման արբանյակ: Վարձակալման դեպքում գումարը կկազմի … դրամ, իսկ ձեռքբերման դեպքում՝ … դրամ: Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ: Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես …  Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն …  Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ … Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ … Բժշկական ապահովման կարևորագույն խնդիր է վիրավորներին՝ մարտի դաշտից տարհանման և մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման հարցը, քանի որ գործող համակարգը չի կարող բավարարել լայնածավալ ռազմական գործողությունների պահանջները … Իմ զեկույցում սահմանափակվել եմ միայն առաջնային լուծում պահանջող խնդիրներով, ըստ առաջնահերթությունների: 2020 թվականի հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է ինձ թե ինչ կարիքներ ունի բանակը, ինչին ես պատասխանել եմ, որ զինված ուժերի կարիքները ձևակերպված և ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում և ըստ էության անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը ընթացքավորված է: Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չեր կարող լուծվել: Բացի այս զեկույցներից, գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից վարչապետին առաջարկել եմ ձեռնարկել միջոցներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու համար` ներկայացնելով հստակ գործողությունների հաջորդականությունը: Ի դեպ, առաջարկները նրա կողմից ընդունվեցին և մենք սկսեցինք իրագործել պլանավորած միջոցառումները, սակայն մինչև պատերազմի սկիզբը լուրջ հաջողությունների չհասանք: 4. Ինչ վերաբերվում է  պատերազմից առաջ անվտանգության   խորհրդի նիստում  իմ կողմից զեկուզված  «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին, ապա պետք է  հաշվի առնենք որ անվտանգության   խորհրդին ներկայացված յուրաքանչյուր զեկույց նախապատրաստվել է տվյալ նիստի օրակարգի հարցերին համահունչ և չի կարող բովանդակային առումով արտահայտել անվտանգության համակարգի հիմնախնդիրներին վերաբերվող բոլոր հարցերը: Օբյեկտիվ եզրահանգումներ անելու համար պետք է ուսումնասիրել տարբեր ձևաչափի քննարկումների ընթացքում ներկայացված զեկույցները` ամբողջական պատկեր կազմելու համար: Մասնավորապես իմ զեկույցում նշել եմ որ ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունը առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով․․․ Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ: Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդը ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար մենք չունեինք: Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը: Ոչ իրատեսական  գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել:    
20:05 - 29 հունիսի, 2023
ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ այն նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն»: Նատալի Լուազոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ հատկապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:
16:16 - 20 հունիսի, 2023