«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսում է այն տեսակետը, որ պետք է պարզի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ամեն դետալը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: «Ձեր առաջարկած նախագծով հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք արդեն ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, բայց դուք հարկ չեք համարել գալ: Այս պահին պատերազմի հետ առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն է: «Այն կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Ինչ վերաբերում է պատերազմի մասին ճշմարտությանը, կարծում եմ, այն բավականաչափ քննարկվել է, միանշանակ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»,- ասաց վարչապետը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսխորհրդի և ուսանողների դերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսանողական խորհրդի և ուսանողների դերը: Այս մասին Գորգիսյանն ասաց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում: «Ուսխորհուրդների նկատմամբ շատ քամահրական վերաբերմունք նկատեցի: Դրանք հաստատ ժամանակին եղել են քաղաքականացված, ծառայեցվել են քաղաքական շահերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք վերացնել առհասարակ երևույթը: Բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհրդի և ուսանողների դերը: Ես կխնդրեի սրան անդրադարձ կատարենք»,- ասաց Գորգիսյանը: Գորիգիսյանն ընդգծեց, որ հիմա ուսխորհուրդները 25 տոկոսի մասնակցություն ունեն բուհի կառավարման մարմնում, իսկ այս նախագծով նման դրույթ չկա: «Այս նախագծով ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, որը ինքնակառավարման խնդիր է առաջացնում»,- նշեց պատգամավորը: Գևորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:
15:44 - 10 փետրվարի, 2021
ՀՀ դեսպանները պետք է փաստեր ներկայացնեին, որ Ադրբեջանն է եռակողմ հայտարարությունից հետո սպանել հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել․ Մարուքյան

ՀՀ դեսպանները պետք է փաստեր ներկայացնեին, որ Ադրբեջանն է եռակողմ հայտարարությունից հետո սպանել հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել․ Մարուքյան

Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողություններն Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղություններով։ Նշված մարտական գործողություններում հայկական կողմն ունեցավ շուրջ մեկ տասնյակ զոհ, գերեվարվեցին 60-ից ավելի անձիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մինչ օրս հայկական կողմը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ռազմագերիների վերադարձ, իսկ ադրբեջանական պատվիրակները, ընդդեմ մեր ելույթների, պնդում են, որ այդ գերեվարված անձիք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ իբր նրանք են հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո հարձակում գործել ադրբեջանական կողմի վրա։ ՀՀ դեսպանները բոլոր երկրներում պետք է այս երկու ամիսն օգտագործած լինեին և համապատասխան երկրների խորհրդարանականների ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ազգային պատվիրակությունների հետ կազմակերպած լինեին հանդիպումներ, նրանց բացատրեին, փաստեր ներկայացնեին, որ իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանն է հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից շուրջ մեկ ամիս հետո հարձակվել, սպանել խաղաղությունը պահպանող հայ զինծառայողներին ու գերիներ վերցրել տվյալ տարածքից։ Եվ այդ աշխատանքը Հայաստանի դեսպանների կողմից տարվելու դեպքում մեր միջազգային գործընկերները տեղեկացված կլինեին եղելությանը, ու մենք ստիպված չէինք լինի նրանց իրազեկվածության զրոյական մակարդակում տրամադրել տեղեկատվություն և խնդրել, որ իրենց ունեցած լիազորություններն ի օգուտ հայկական կողմի գործադրեն՝ զուգահեռ դիմադրելով նաև ադրբեջանական հակաքարոզին։ Պատկերն այլ կլիներ, եթե ազգային պատվիրակությունների հետ որևէ աշխատանք տարված լիներ Հայաստանի դեսպանների կողմից։ Ամփոփելով՝ առաջարկում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել ՀՀ դեսպաններին ինտենսիվ աշխատանք տանել, հանդիպումներ ունենալ համապատասխան երկրների խորհրդարանականների և հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում ազգային պատվիրակությունների կազմերում ընդգրկված պատգամավորների հետ, նրանց ներկայացնել իրականությունը՝ այն, որ Հին Թաղերի և Խծաբերդի մարտերը սկսվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակմամբ, որտեղ դեռ ռուսական խաղաղապահ զորքը հասած չի եղել, սպանվել են հայկական կողմից 9 հայ զինծառայող, գերեվարվել են 62-ը, և այժմ այդ անձիք միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո կարող են համարվել միայն ռազմագերի՝ համապատասխան իրավական հետևանքներով և ենթակա են պարտադիր վերադարձման հայկական կողմին»,- գրել է Մարուքյանը։
12:03 - 04 փետրվարի, 2021
Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

news.am: Արդեն սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում, չփնտրեմ կապ իրողությունների, առկա խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք կրկին կապ չունեն իրար հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ «Ցավոք, մենք ականատես ենք լինում այն նույն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, որը հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք  պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանի կողմից, հետո այդ խնդիրներից բխող արդեն թե ով կարող է այդ խնդիրները լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, հարաբերությունների որևէ փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն իրենց կարծիքով ուղարկել եւ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ «դատվելու են», այդ պատճառով արտերկրում նշանակումներ են արվում, Գորգիսյանն ասաց. «Ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև եթե մեկին պիտի դատենք, կապ չունի նա դեսպան է, նախարար է, նրան պիտի բերենք ու դատենք։ Եթե մեր նախատեսված ճանապարհով գնա ամեն ինչ, կստեղծվի փաստահավաք խումբ, որը վեր կհանի փաստեր, որոնց հիման վրա, հնարավոր է հարուցել քրեական գործեր, բարեփոխումներից հետո կունենանք անկախ դատական իշխանություն»։ Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հակված, որ Մակունցն այդ առաքելությունը չի կարող լավ իրականացնել, Գորգիսյանն ասաց. «Ես չասացի՝ նա լավ կամ վատ դեսպան կլինի, ժամանակը ցույց կտա։ Փորձը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք լավ դեսպաններ, որոնք որևէ կապ չեն ունեցել դիվանագիտության հետ, բայց հետո դարձել են։ Ես վիճարկում եմ սկզբունքը, չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը։ Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական գործ, ես կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները, բայց չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե նրա առաջ դրված է ամեն օր գնալ և կոկտեյլ խմել։ Դեսպանը դիվանագիտական թիմի մի օղակ է»։ Անդրադառնալով վերլուծաբանների այն խոսքին, թե Մակունցին դեսպան նշանակելով պաշտոնական Երևանը Վաշինգտոնին հասկացնում է, որ մեզ համար միևնույն է հայ-ամերիկյան հարաբերությունները, Գորգիսյանն ասաց. «Հայաստանն ունի արտաքին գերատեսչություն ի դեմս՝ ԱԳՆ-ի, եթե մենք այստեղ փոփոխություն չունենք, եթե մենք ռեակտիվից չենք դարձել նախաձեռնող, չենք սկսել ակտիվ գործողություններ, եթե տեսլականը չի փոխվել, ում ուր ուզում ես տար, միևնույն է։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեռ 2019 թվականին իշխանությունը շրջանառության մեջ էր դրել մի հայեցակարգային փաստաթուղթ, որով նման բան նախատեսվում էր։ Սովորույթ է դարձել, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, հետո բերում ու նույն բանն անում են։ Վստահ չեմ, որ հենց հիմա դրա ժամանակն է, բայց կյանքը չի կանգնել, շարունակվում է, պետությունը պիտի շարունակի զարգանալ։ Ցանկացած պարագայում երբ իրավապահ մարմինները հաշվետու են լինում Ազգային ժողովում, դա լավ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ոստիկանությանը, չկա հասցեատեր, որին պտի տանք։ Միակ պատասխանող մարդը վարչապետն է, որի միակ պատասխանը լինում է՝ դե ես խնդրին մանրամասն տեղյակ չեմ, գրավոր գրեք, կիմանանք»։
15:38 - 25 հունվարի, 2021
Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցներում:  ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:   Մարուքյանը, սակայն, նկատեց, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատեց, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում: «Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասաց նա: Մարուքյանը հայտնեց, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն առաջադրվելու է:
13:26 - 21 հունվարի, 2021
Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի առաջին նիստը՝ հունվարի 25-ին |1lurer.am|

Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի առաջին նիստը՝ հունվարի 25-ին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարություններով հանդես եկավ: «Ինչպես գիտեք, դեռևս անցախ տարի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Քովիդ-19-ի դեմ պայքարի՝ Կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի ձևավորումը պատերազմական դրությամբ պայմանավորված՝ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեց: Հունվարի 12-ին, ԱԺ նախագահի կարգադրությամբ, կազմվել է արդեն անհատական կազմը, և հանձնաժողովն այդ փաստի ուժով ստանձնել է իր լիազորությունները»,- նշեց պատգամավորը՝ հայտնելով, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 25-ին: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի թե՛ ռեսուրսները, թե՛ հնարավորությունները սահմանափակ են, և կարիք կա հանրության հետ սերտ համագործակցության: «Ես ուզում եմ կոչով դիմել փորձագիտական, մասնագիտական շրջանակներին, բժիշկներին, համավարակաբաններին՝ կիսվելու հանձնաժողովի հետ իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով: Ուզում եմ դիմել ԶԼՄ-ներին՝ կիսվելու հանձնաժողովի հետ իրենց բացահայտած խնդիրներով»,- նշեց պատգամավորը:
12:58 - 21 հունվարի, 2021
Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացված աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը. Արկադի Խաչատրյան |tert.am|

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացված աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը. Արկադի Խաչատրյան |tert.am|

tert.am: 2020 թվականին «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարը, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների սահմանափակման դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, այդ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:Նա հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց, սակայն հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի կազմը, և հանձնաժողովը ստանում է իր լիազորությունները և սկսում գործունեությունը: Արկադի Խաչատրյանը կոչով դիմեց հանրությանը՝ աջակցել հանձնաժողովին: «Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորի քաղաքական կամք: Մեր բոլոր այն գործընկերներին, որոնք մտահոգություններ են հայտնում տվյալ քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ կոչ եմ անում ընդգրկվել հանձնաժողովի աշխատանքներում և սեփական արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի քննիչ հանձնաժողովի անդամը»,-ասաց նա:
17:48 - 19 հունվարի, 2021
Իշխանությունը հայտարարում է՝ երկրի լրջագույն խնդիրը ընդդիմությունն է. այս պայմաններում անհնար է ճգնաժամի հաղթահարումը. Էդմոն Մարուքյան

Իշխանությունը հայտարարում է՝ երկրի լրջագույն խնդիրը ընդդիմությունն է. այս պայմաններում անհնար է ճգնաժամի հաղթահարումը. Էդմոն Մարուքյան

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք Աժ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր։ Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք Աժ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։   Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի անհնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում»,- գրել է Մարուքյանը։  Նշենք, որ երեկ իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ասել է․ «Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է»։  
12:22 - 19 հունվարի, 2021
Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին |1lurer.am|

Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցին: «Իշխանությունը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված: Բոլոր քաղաքական ուժերին առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումն ու նպաստը՝ եթե նման ցանկություն լինի: Ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել: Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նախագիծը 37 կողմ, 76 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չմտավ ԱԺ նստաշրջանի օրակարգ:
11:12 - 18 հունվարի, 2021
Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|

Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 40, դեմ՝ 73 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ են իրականացրել այդ նախաձեռնությունը, որ կարողանան արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկել, սակայն քաղաքական մեծամասնությունը չի ներկայացել խորհրդի նիստին։ Նա ընդգծեց՝ փաստաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Մենք առաջարկում ենք հնարավորությունն օգտագործել և այդ կետը քննարկել այս ամբիոնում՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որն Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործություն է, և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակները օգտագործել, որ Ադրբեջանին վերադարձնենք դեպի միջազգային իրավունքի պահպանման նորմալ միջավայր, եթե դա հնարավոր է»,-ասաց նա։ Ավելին՝ tert.am-ում
10:59 - 18 հունվարի, 2021
Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը. Մարուքյան |1lurer.am|

Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստում ներկայացրեց «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցը: «Ակնհայտ է, որ այն բոլոր կետերը, որ այստեղ շարադրված են, մնացել են այնես, ինչպես որ կա: Մենք պնդում էինք, որ երկրի թիվ 1 բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ: Մյուս կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար: Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը: Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել, որ հարցը մտնի օրակարգ, և խորհրդարանը սկսի քննարկել երկրում ճգնաժամից դուրս գալու ճանապարհները: Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում առաջարկեց, իր խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար։ Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժխողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել:
10:38 - 18 հունվարի, 2021
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը |1lurer.am|

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը |1lurer.am|

1lurer.am: Իրավագետ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը վտանգավոր է համարել ԲԴԽ նախագահ Վարդազարյանի հայտարարությունը, որ ինչպես ԲԴԽ դատավոր անդամի դեպքում, այնպես էլ ԲԴԽ անդամ իրավաբան-գիտնականի համար գործում է տարիքային սահմանափակման դրույթը: «Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել ու խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել: Եթե իրենք այսօր հայտարարում են, թե ԲԴԽ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությունն այդ պաշտոնում եղել է հակասահմանադրական, Դատական օրենսգրքի դրույթներին հակասող, ուրեմն՝ ԲԴԽ դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են, ավելին՝ այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, հետևաբար՝ նրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր դատական ակտերն ու որոշումները բեկանելի են, ապօրինի են»,- ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարեց Ջհանգիրյանը: Նրա խոսքով, եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ինքը կհասկանար: «Բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- նշեց նա՝ հավելելով, որ հրավերի դեպքում պատրաստ է ԲԴԽ անդամների քննարկել այդ հարցը: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպմանը՝ Ջհանգիրյանը նշեց. «Լուսավոր Հայաստանի» որոշումը չգիտեմ, բայց ինձ թվում է՝ նրանց բոլոր կասկածները փարատեցի»:  
12:34 - 14 հունվարի, 2021