Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին

 |armenpress.am|

Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցեց Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և արագացում․ նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ թեմայով պանելային քննարկմանը։  Սահակյանը կարևորեց նման գագաթնաժողովը, որը, նրա համոզմամբ, ոլորտի հետ շփվելու, առկա խնդիրները հասկանալու և միասին դրանց լուծումները գտնելու հարթակ է։ «Գագաթնաժողովը հնարավորություն է տալիս տեղեկացնել այն  ծրագրերի մասին, որոնք նախարարությունը պլանավորում է իրականացնել և իրականացնում է ոլորտի զարգացման համար»,- ասաց փոխնախարարը։ Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանն անցում է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ճանաչողությունից դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը։ «Պանելային քննարկմանը խոսվել է այն նախաձեռնությունների մասին, որոնք  մենք իրականացրել ենք, այդ թվում՝ դասընթացները, որոնք հինգն են․ կիբերանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ձեռներեցություն։ Մենք այսօրվա Հայաստանը դիրքավորում ենք ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ՝ ապագա կարիքներից»,- նշեց Սահակյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը ՏՏ ոլորտում հաջողելու համար մեծ ներուժ ունի։ Գագաթնաժողովը նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով գնում է այդ նպատակի իրականացմանը։   Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:  Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։  «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:  
14:51 - 22 հունիսի, 2022
Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար

 |armenpress.am|

Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Մրցունակ աշխատուժը երկրի և համայնքի տնտեսության զարգացման ամենակարևոր նախադրյալներից է, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, թիրախավորված և սոցիալական զարգացվածությունը: Երևանում մեկնարկած Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման շարունակական զարգացման քաղաքականություն՝ միտված աշխատանքի և բարձր արտադրողականության զբաղվածության խթանմանը:  «Նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում են մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, ինչպես նաև կարիերայի զարգացման և վերապատրաստման արդյունավետ համակարգերի ներդրումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ զբաղվածության ռազմավարությունը կընդունվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից: Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը՝ պետական կառավարման մի շարք կառույցներում համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ մասնավորապես աշխատուժի ձևավորման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝  աշխարհի որևէ երկրում աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: «Մեր խնդիրն է փորձել հասնել նրան, որ կրթության մեջ կատարվող ներդրումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն ունենան նաև երկրի տնտեսական  կյանքում: Կա միջգերատեսչական կայուն երկխոսություն՝ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղացնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային նոր մոտեցումներ է առաջարկում. այդ թվում ՀՀ բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի ներդրում, որը սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հնարավորություն կընձեռնի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հավելեց, որ իրենց նախարարությունը բաց է  բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր կցանկանան մասնակից լինել մեր երկրի տեխնոլոգիական փոփոխությանը: «Շատ կարևոր են ոչ միայն ունակությունները, այլև գիտելիքները: Մեծ փոփոխություններ անելու համար միայնակ դժվար է»,- նշեց նա Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
13:53 - 22 հունիսի, 2022
Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

 |armenpress.am|

Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը |armenpress.am|

armenpress.am: Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին,  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից: Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։ Ամերիկացի միլիարդատեր, Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Starlink-ը ինտերնետ ծառայությունների համար ստացել է ավելի քան 500.000 նախնական պատվեր: 2020 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել էր Starlink-ի beta թեստավորումը, որին, մասնակցում էին 11 երկրի օգտատերեր։ Ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար:
09:56 - 20 հունիսի, 2022
Տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներ Հայաստանի և Լիտվայի միջև

Տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներ Հայաստանի և Լիտվայի միջև

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:   Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող  ծրագրերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։   Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Լիտվայի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը, որը գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։   Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակներում հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը, նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։   Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում և Լիտվայում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններին։ Ռոբերտ Խաչատրյանն այդ ցանկում մատնանշել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որի ընթացքում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ։ Գիտությունն ու արվեստն իրար շաղկապող այս միջոցառման ընթացքում տեղի կունենան գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ՝ գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի ներկայացնելով հանրությանը։    Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հերթին ներկայացրել է Լիտվայում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ «ԲալթՏեխնիկա»-ն։    Կողմերը երկուստեք հրավիրել են միմյանց՝ պատվիրակությունների մակարդակով, մասնակցելու երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներին։   Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից՝ այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը հույս է հայտնել, որ լիտվական ընկերությունները ևս տեղեկացված կլինեն և կօգտվեն այդ հնարավորությունից։
17:01 - 13 հունիսի, 2022
ԲՏԱ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերի հետ

ԲՏԱ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, փոստային ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտային մի շարք ուղղություններով Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Ջոն Գալլագերն ընդգծել է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության կարևորությունը: Անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների ընդլայնման և զարգացման հնարավորություններին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորության կողմից բիզնեսին աջակցելու ճկուն մեխանիզմներ կան, որոնք հայկական տեխնոլոգիական ընկերություններին ևս կարող են օժանդակել ներկայանալու ինչպես բրիտանական, այնպես էլ միջազգային շուկաներում: Դեսպանը հավելել է, որ բրիտանական ընկերություններին ևս կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, ինչպես նաև բիզնես հիմնելու և ընդայնելու բարենպաստ միջավայրն ու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ Ռոբերտ Խաչատրյանը՝ կարևորելով այս ենթակառուցվածքի դերն ու նշանակությունը ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում, առաջարկել է դեսպանին այցելել «Ինժեներական քաղաք» և դիտարկել բրիտանական ընկերությունների կողմից այնտեղ գործունեություն իրականացնելու հնարավորությունը:Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև ՀՀ-ում սեպտեմբերին կայանալիք «STARMUS» և աշնանը՝ տեխնոլոգիական ամսվա շրջանակներում նախատեսված այլ միջոցառումների մասին և հրավիրել մասնակից լինելու։ Ջոն Գալլագերն իր հերթին հրավիրել է նախարարին մասնակցելու Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Ֆինթեք» ֆորում միջոցառմանը, որը կկայանա սեպտեմբերին Երևանում: Դեսպանի խոսքով՝ ֆորումը բրիտանական և հայկական ֆինանսական, տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության լավ հնարավորություն կընձեռնի: Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտի համատեղ գիտահետազոտական, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական խորհրդատվության, ներդրումների տրամադրման հնարավորություններին, քննարկել են նաև բրիտանական կողմից Արհեստական բանականության, տվյալների բազայի կառավարման համակարգերին նվիրված ֆորումին նախարարին ուղղված հրավերը:
15:48 - 11 հունիսի, 2022
Ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում. Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում. Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանում ՌԴ դեսպանության և նախարարության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի կարևորությունը,  և դրանք հետևողականորեն իրագործելու պատրաստակամություն հայտնել:  Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առանձնակի նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ամրապնդման առումով:   Նախարարը դեսպանին է ներկայացրել ռուսական կողմի հետ ադիտիվ տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընթացքը և ծրագրերը։ Ռոբերտ Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին նախարարության մասնակցության հետ կապված հարցերին։ Նախարար Խաչատրյանը նշել է, որ վերջին շրջանում ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից Հայաստանում աշխատելու մեծ հետաքրքրություն է նկատվում, ինչը կարող է խթան հանդիսանալ տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը։  Ռոբերտ Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել են նաև տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ առաջին տիեզերական արբանյակի հետ կապված մի շարք մանրամասներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության ընդլայնման, ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 
13:57 - 07 հունիսի, 2022
Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան․ ԲՏԱ

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան․ ԲՏԱ

ԲՏԱ նախարարությունը, հղում կատարելով SATLANTIS ընկերությանը, հայտնում է, որ Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան։   SATLANTIS ընկերությունը հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․   «SATLANTIS-ը հպարտությամբ հայտարարում է Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին:   Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին: ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT_1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում, դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։   «Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։   Ըստ զեկույցի՝ կան մի շարք ավելի մեծ երկրներ, որոնք դեռևս չունեն ARMSAT_1-ի նման 2 մետր լուծաչափով արբանյակ: Սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը, որով կզարգանա ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ հիմվելով SATLANTIS-ի առաջարկած մոդելի վրա:   8-ամսյա անհավանական արագ աշխատանքի արդյունքում, այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը արբանյակ է ուղարկում Տիեզերք։   Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT_1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարիների ընթացքում: Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի (առաքելության գործընկեր)՝ մայիսի 26-ին ARMSAT_1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։   Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում, որտեղ մասնակցություն կունենան Նոբելյան ինը մրցանակակիրներ՝ ներկայացնելով առաջիկա տարիների գիտական ամենաառաջադեմ մոտեցումները: Armsat_1-ի թռիչքը Հայաստանին կդիրքավորի որպես առաջադեմ երկիր հասարակության, գիտնականների և միջազգային հանրության առջև»։
20:11 - 06 հունիսի, 2022
Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։ Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։ Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։ Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ «Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։ Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։   Նանե Ավետիսյան
20:32 - 24 մայիսի, 2022
ՏՏ ոլորտի միջոցառումները կխթանեն ՀՀ ոլորտի վրա հիմնված տնտեսության զարգացմանը. մեկնարկել է Երևան Թեք Ֆորումը

ՏՏ ոլորտի միջոցառումները կխթանեն ՀՀ ոլորտի վրա հիմնված տնտեսության զարգացմանը. մեկնարկել է Երևան Թեք Ֆորումը

Մեկնարկեց Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառումը։ Ֆորումին մասնակցում են 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման և առաջընթացի համար։ «Զարգացմանը զուգահեռ, կարևոր է անդրադառնալ նաև արագ փոփոխվող աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին, որոնց արդյունավետ լուծումների մշակումն ու կառավարումը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար։ Այսօր, այստեղ մեկ հարթակում են համախմբվել պետական կառավարման համակարգի ղեկավարներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ ու ընկերություններ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու այդ մարտահրավերները և առաջարկելու լուծումներ։ Հուսով եմ, որ Երևան Թեք Ֆորումի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ` Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար»,- նշեց Ռոբերտ Խաչատրյանը։ Երևան Թեք Ֆորում 2022-ի  ընթացքում տեղի ունեցան ոլորտային քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները  փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների  պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։ Միջոցառման պանելային քննարկումների ընթացքում խոսեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել , որպեսի հասկանանք թե, որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար»,- նշեց Քերոբյանը։ Ֆորումի շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացված էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Տեսլա Էներջի»-ն, «Սինոփսիս»-ը, «Թումո»-ն, «Սիմփլի»-ն, «Դիսքո»-ն և այլն։
15:28 - 21 մայիսի, 2022
ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ «Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում  համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ռոբերտ Խաչատրյանն  ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվում է, որ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
18:50 - 16 մայիսի, 2022
Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։  Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։ Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։ Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։  2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։  Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։ Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։  «Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։  Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։ «Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։ Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։ Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։   Նանե Ավետիսյան
16:07 - 16 մայիսի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
15:40 - 13 մայիսի, 2022
«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

Այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության, կրթության, արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որը կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Նախկինում այն անցկացվել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 6-րդ STARMUS-ին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու Նոբելյան մրցանակի 8 դափնեկիրներ, հայտնի երաժիշտներ։ STARMUS-ին մասնակցելու համար Հայաստան կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի բիոքմիկոս Թիմ Հանտը, հայտնի տիեզերագնաց Քրիզ Հադֆիլդը։ Փառատոնին կմասնակցեն ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, հայտնի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը,  Ռիք Վեյքմանը, Sons of Apollօ խումբը։ «Այնպիսի մարդիկ են հետաքրքված STARMUS-ին մասնակցելով, ինչպես Բրայան Մեյը, Փիթեր Գեբը, ու ես համոզված եմ, որ մասնակցելու են։ Շատ մեծ հետաքրքրություն կա Իլոն Մասկի, Բեզոսի գալու վերաբերյալ, ինչպես ասում են` Աստված տա, ամեն ինչ լավ լինի, որ իրենք էլ գան»,-ասաց Գարիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում՝ որոշ պարբերականությամբ նաև մյուս հյուրերի անունները կհրապարակեն։STARMUS-ի նպատակը ոգեշնչելն էԳարիկ Իսրայելյանը պատմեց, որ STARMUS փառատոնի գաղափարը Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյինն ու իրենն է եղել․ «Մենք միասին գաղափարը սինթեզեցինք ու 10 տարի տևեց, մինչև եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել այսպիսի փառատոն։ STARMUS-ի ամենակարևոր նպատակը ոգեշնչելն էր՝ ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարևոր է, առանց գիտության, առանց տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության իմաստը գոյություն չունի»։ Աստղաֆիզիկոսը նշեց՝ իրենք ցանկանում են, որ գիտության և հասարակության միջև եղած անջրպետը նվազի․ «Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Լուսնի և արևի խավարումները, այսինքն՝ գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից։ Այդ անջրպետը  շատ անգամ արհեստականորեն է պահվել, իսկ հետո  գիտությունը այնքան բարդացավ, որ սկսեցին զարգանալ քվանտային ֆիզիկան, բիոտեխնոլոգիաները, ու այդ բարդությունը սկսեց այդ անջրպետը ստեղծել գիտության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունը չհասկանա, թե գիտությունը ինչի համար է պետք, այն չի գնահատվի  ու գիտությունը կմահանա։ Մարդիկ պետք է անպայման հասկանան դրա կարևորությունը։ Ես չեմ ասում, որ նրանք հասկանան քվանտային մեխանիկան, բայց կարևոր է իմանալ  հիմնական գիտական բազան․ ինչու է արվում է, ինչպես է արվում,  ինչ է գիտական մեթոդիկան»։Նա նշեց, որ STARMUS-ում փորձել են ներգրավել այն արվեստագետներին, ովքեր ուզում են գիտնականների հետ աշխատել, ովքեր ուզում են ստեղծագործել, ովքեր ուզում են համագործակցել ու ովքեր ուզում են աջակցել, որպեսզի գիտությունը հասանելի լինի հանրությանը․ «Պարզվեց, որ այդպիսի արվեստագետները շատ են, կան արվեստագետներ, որոնք պատրաստ են ձեռք մեկնել գիտնականներին, օգնել իրենց, որպեսզի գիտության հարգանքը, գիտության պոպուլյարիզացիան հասարակության մեջ մեծանա»։ Ինչո՞ւ  Հայաստանում  Աստղաֆիզիկոսն ասաց՝ STARMUS-ը որոշել են անցկացնել Հայաստանում, որովհետև այստեղ վերջին 30 տարում գրեթե ոչինչ չի արվել գիտության մասսայականացման համար․  «Զրոյական աշխատանք է կատարվել, որպեսզի գիտությունը հասցվի հասարակությանը։ Հիմա ես գիտեմ, որ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե Գիտության կոմիտեն առաջին անգամ  սկսել են քայլեր տանել այդ ուղղությամբ, որի վառ օրինակն է STARMUS փառատոնը Հայաստան բերելը։ Հայաստանում եղել է շատ լավ գիտություն, շատ մեծ գիտնականներ են եղել, շատ տրադիցիաներ են եղել  թե՛ գիտության, թե արտադրության, թե՛ տեխնոլոգիաների։ Ցավոք, այդ ամեն ինչը շատ թուլացել էր, և փորձելու ենք վերականգնել դա»։ Գարիկ Իսրայելյանը նաև պարզաբանեց, թե ինչու է փառատոնն այս անգամ կրում «50 տարի Մարսի վրա» խորագիրը․ «Հիմա մենք սկսել ենք ուրիշ դարաշրջան, որի տեխնոլոգիաները գնալու են մարդկությանը դեպի Մարս հասցնելը, բայց որը փոխելու է ամբողջ մարդկությանը։ Ինչպես 60-70 թվականները փոխեց մարդկությանը, այնպես էլ այդ խնդիրները, որ մեզ պետք է փորձեն հասցնել Մարս, էլի փոխելու են մարդկությանը, ու շատ են փոխելու։ Մեր փառատոնին կխոսենք այդ մասին․ ինչպես կլիմայի դեմ պայքարել, ինչպես նոր տեխնոլոգիաները արվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ ստեղծել, դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա, լավացնելու է կյանքը, բոլոր տեղական խնդիրները լուծվելու են դրա ուղղությամբ»։Փառատոնը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի վայրէջքի 50-ամյակին։ Մարս 3-ը դեպի կարմիր մոլորակ է տեղափոխվել հայ հայտնի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։ Գարիկ Իսրայելյանը   Ի՞նչ է սպասվում փառատոնի ընթացքումԳիտնականի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, և իրենց նպատակն է լինելու ոգեշնչել դպրոցականներին, ուսանողներին, հասարակությանը։  Փառատոնի շրջանակներում գիտնականները դասախոսություններ կկարդան դպրոցներում ու բուհերում, հանդիպումներ կլինեն Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների,  նորարարների հետ։ Հանդիպումներ կլինեն գիտական համայնքի հետ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով․ «Փորձելու ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել,  դրա համար դիալոգ է պետք։ Ի տարբերություն այլ գիտական փառատոնների, մենք չենք թաքցնելու մեր գիտնականներին կամ ինեժեներներին ժողովրդից։ Մեր փառատոնը փակ չի լինելու, մենք չենք փակվելու համալիրում, այնտեղ սկսենք ու այնտեղ էլ վերջանա, STARMUS-ը բացվելու է ու նույնիսկ պլաններ կան թե՛ Գյումրիի, թե՛ Լոռիի հետ կապված, այսինքն՝ կփորձենք մաքսիմում բացել, որ ամբողջ Հայաստանում հետաքրքիր բաներ լինեն»։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը․ «Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք՝ համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները։Փառատոնի կազմակերպումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում, այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը կարևորում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը․ «STARMUS փառատոնը այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերին սկիզբ տալու համար։ STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փատելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։ Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս․ այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական ու մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք»։  Նանե Ավետիսյան
18:47 - 06 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ,  նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ, հույս ունենք, հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի: Ահա նաև այդ թիմի անդամներից մեկը՝ պարոն Խաչատրյանը, պարոն Խաչատուրյանին փոխարինում է նախարարի կարգավիճակով: Եվս մեկ անգամ, պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Պարոն Խաչատրյան շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով և համոզված եմ, որ կապահովեք ծրագրերի շարունակականությունը, արդյունավետությունը: Պարոն Խաչատուրյան, պարոն նախագահ, համոզված եմ, որ Դուք էլ կշարունակեք ոլորտի նկատմամբ Ձեր ուշադրությունը և կնպաստեք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որը մենք գործնականում միասին ենք կազմում, միասին ենք իրականացնում և միասին ենք դառնանում անհաջողություններից և միասին ենք ուրախանում  հաջողություններով», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի պարտավորեցնող են: «Նշանակված նախարարը թիմից է, և  համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի սկսված  ծրագրերը շարունակելու համար, համոզված եմ, որ նաև Ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ  այս 7 ամսվա աշխատանքների  ընթացքում՝ որպես նախարար: Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել, որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝ զգալով, որ այն, ինչ-որ անում ենք, անում ենք Կառավարության հետ միասին, Կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է լինի:  Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր ձեռքբերումներ ունենանք: Ձեր հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝ կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի  հնչեցրած գնահատականների արդյունքը կլինի այն, որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների», - ասել է Վահագն Խաչատուրյանը: Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ դերակատարություն են  ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգաները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը՝ շարունակենք սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»:  
12:07 - 29 ապրիլի, 2022