Նիդերլանդներ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։ Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:  Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:
13:14 - 07 հոկտեմբերի, 2021
Տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին

Տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման եւ Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար: ԱԺ նախագահն անդրադարձավ հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումը եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա ընդգծեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձան միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը:
14:45 - 16 սեպտեմբերի, 2021
Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի. Նիդերլանդներում ՀՀ դեսպան

Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի. Նիդերլանդներում ՀՀ դեսպան

Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված «Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում են նոր պատերազմի» վերտառությամբ հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, ինչը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում:«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթղթի դրույթները, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր։ Ինչպես բազմիցս զգուշացրել եմ, Ադրբեջանի բռնապետը, ոգեշնչված իր անպատժելիությունից, շարունակելու է ագրեսիվ գործողությունները և արդեն իսկ կանգնեցրել է տարածաշրջանը նոր պատերազմի եզրին։ Չդատապարտվելով Human Rights Watch-ի կողմից փաստագրված ռազմական հանցագործությունների համար՝ Ալիևն այժմ հպարտորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել է ուժի միջոցով՝ չմտածելով անգամ հետևանքների մասին և համոզված լինելով, որ անձեռնմխելի է ցանկացած տիպի պատժիչ գործողությունից։ Փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել իր մեղքերը, Ադրբեջանը սկսել է հայելային մեղադրանքներ ներկայացնել, քանի որ դա լավագույն միջոցն է միջազգային հանրության ուշադրությունն իր գործողություններից շեղելու համար: Ավելին, ի պատասխան բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին՝ Բաքուն վերջիններիս դեմ սկսել է իրականացնել կեղծ դատավարություններ՝ հիմնված շինծու մեղադրանքների վրա։ Ի հակադրություն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությանը՝ Բաքուն առաջ է քաշել ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը։ Այդ կեղծ օրակարգն ավելի ընդլայնվեց ԵՄ պաշտոնյաների քաջալերող հայտարարությունների միջոցով, ովքեր «ծափահարում էին ականապատ տարածքների քարտեզների և ռազմագերիների փոխանակումը», այցելում էին Ալիևին Բաքվում՝ պատրաստակամություն հայտնելով սովորականի պես շարունակել համագործակցությունը բռնապետի հետ, որի կոռումպացված դաշնակիցները դատապարտվում են եվրոպական դատարաններում Ալիևի կողմից տարիներ շարունակ կաշառվելու համար։ Ոգեշնչված իր անպատժելիությամբ՝ Իլհամ Ալիևն ամրապնդել է տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ խոստանալով վերադառնալ «իր նախնիների երկիրը»։ Ավելին, այս նկրտումների մասին նա խոսում է Եվրոպական խորհրդի նախագահի կողքին կանգնած և ապա «գովաբանում» վերջինիս՝ «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները չօգտագործելու համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրանից հետևություններ անի: Սա ակներև է դարձնում այն հանգամանքը, որ ԵՄ-ի՝ «շարունակել, ասես ոչինչ չի եղել» մոտեցումը, չեզոք դիրքորոշումը և «երկու կողմերին ուղղված կոչերը» ոչ միայն չեն նպաստում կայունությանը, այլև խրախուսում են Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել ինչպես իր հռետորաբանության, այնպես էլ՝ գործողությունների մեջ: Ալիևը, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է, որ ազատ է անել այն, ինչ ցանկանում է, և չկա որևէ սահման, որն ինքը պատրաստ չէ հատել։ Խնդիրն այն է, որ ԵՄ-ն և իր անդամ երկրները լուրջ չեն վերաբերվում Ալիևի շարունակական սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես ԴԱԻՇ-ից կամ «Թալիբանից» եկող սպառնալիքների դեպքում էր, կամ երբ մեկ տարի առաջ Հայաստանը նախազգուշացնում էր, որ բռնապետը պատրաստվում է ագրեսիվ պատերազմ սկսել, և, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգված են: Եթե այդ ժամանակ ԵՄ-ն ավելի հաստատակամորեն պաշտպաներ իր իսկ սեփական արժեքները, բռնապետն այդքան հանգիստ չէր լինի վերոնշյալ արժեքների՝ նման բացահայտ ոտնահարման հարցում։ Բրյուսելում և այլուր որոշում կայացնողների համար պետք է պարզ լինի, որ ցանկացած այց Բաքու և Ալիևի ռեժիմի հետ հարաբերությունները «սովորականի պես» շարունակելու ցանկացած խոստում ծառայում են որպես իրավիճակի վատթարացման, սադրիչ և ագրեսիվ գործողությունների իրականացման խթան: Այս առումով դեսպանների դատապարտելի քարոզչական ուղևորությունը դեպի էթնիկ զտումների ենթարկված Շուշի՝ առանձնահատուկ պատասխանատվություն է պարունակում։ Մինչդեռ, ի տարբերություն ԵՄ-ի «երկկողմանիության» և «չեզոքության» քաղաքականության, Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կոչերին և ակնկալիքներին հակառակ գործողություններ է անում, այլև միանում է թուրքական սադրանքներին Կիպրոսում՝ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով օկուպացված հյուսիսային հատված և խոստանալով ճանաչել այն՝ այդպիսով անտեսելով ԵՄ-ին և վերջինիս արժեքներն ու քաղաքականությունը: Հատկանշական է նաև, որ Ալիևը փորձում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելու նպատակով անկախ դիտորդական առաքելության տեղակայումն այնպես, ինչպես արգելափակել էր այդ գործընթացը 2016 թվականին։ Այս ամենը շատ ակնհայտ բացատրություն ունի․ դիտորդներ պետք չեն այն կողմին, որը պատրաստվում է նոր պատերազմի։ Նոր ռազմական գործողությունները հրահրվում, սրվում և կազմակերպում են նրա կողմից։ Եվրոպացիները պետք է լուրջ վերաբերվեն տարածաշրջանում առկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակին և գործեն դրան համահունչ: Նրանք պետք է միասնական լինեն այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց հավատում են, ինչը պահանջում է ագրեսիվ գործողությունների նվազեցմանն ուղղված հստակ քայլեր։ ԵՄ պատժամիջոցները՝ համաձայն Ներկայացուցիչների պալատի բանաձևերի, միակ միջոցն են Ադրբեջանի ղեկավարին ստիպելու, որ վերջինս հարգի միջազգային իրավունքը։ Ցավոք, մենք հետ չենք բերի Ալիևի ռեժիմի կողմից սպանված տղամարդկանց և տղաներին, կանանց և երեխաներին, բայց կարող ենք այնպես անել, որ Իլհամ Ալիևն ու իր շրջապատը և մարդու իրավունքները նման ձևով ոտնահարողներն արդարադատության առջև կանգնեն»։
16:57 - 02 օգոստոսի, 2021
Ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել. Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |armtimes.com|

Ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել. Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |armtimes.com|

armtimes.com: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.  «Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:  Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում:  Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը:  Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել՝ մեր երկու երկրներում առկա համաճարակի պատճառով: Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները:  Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»: 
13:12 - 15 հուլիսի, 2021
Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ |armenpress.am|

Մարդու իրավունքներ, ՏՏ, գյուղատնտեսություն. Նիդերլանդները հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության ակտիվացմամբ |armenpress.am|

armenpress.am: Մի շարք ուղղություններով Նիդերլանդները հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ: Հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ  փորձում են աշխատել սեփական ծրագրերով՝ թիրախավորելով տարբեր ոլորտներ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: «Քննարկվում են մի շարք ծրագրեր բազմաթիվ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ. փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, օգնել Հայաստանին ավելի բարելավելու ժողովրդավարական կառույցների աշխատանքը: Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց դեսպանը: Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝  նկատվում է Նիդերլանդների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում: Ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը: Դեսպանը նկատեց, որ Նիդերլանդներն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներով: «Հայաստանն էլ գյուղատնտեսության մեծ պոտենցիալ ունի: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչով պայմանավորված մեծ հետարքրքություն կա այլ երկրների ներդրողների շրջանում: Եվրոպական երկրները փնտրում են թափանցիկություն, հստակություն, ապահովություն: Այդ գործոնների ապահովմամբ ներդրումների ակտիվությունը կմեծանա»,-ասաց դեսպանը:  Նիկոլաս Սխերմերսի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր գործընկեր է տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Դեսպանն իր հիացմունքը հայտնեց «Թումո» կենտրոն  այցելությունից: Նա հիացած է կենտրոնի գործունեությամբ, զարգացման ծրագրերով: Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ փորձելու են զարգացնել և խթանել Հայաստանի ու Նիդերլանդների ՏՏ ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցությունը: Ուշադրության կենտրոնում են պահելու զբոսաշրջության ոլորտը, մանավանդ, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կառավարելի է: Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ դեսպանը նշեց, որ ներկայում կոնկրետ ծրագրերի մասին տեղեկություն չի կարող ներկայացնել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ ամենօրյա զարգացումները պարբերաբար զարմացնում են իրեն: Կան նիդերլանդական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցով: Դեսպանը հիշեցրեց, որ այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մինչ ուժի մտնելն արդեն որոշ ուղղություններով նախնական աշխատանքներ տարվել են: Նրա խոսքով՝  համաձայնագիրն ամփոփում է Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Համաձայնագրում ներառված են բազմաթիվ դրույթներ քաղաքական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության մասին:  
14:07 - 07 հուլիսի, 2021
Հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն. ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան |1lurer.am|

Հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն. ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, որքան շուտ՝ այնքան լավ. այսօր հայտարարել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը՝ շեշտելով, որ սա է Թագավորության կառավարության դիրքորոշումը: Օրեր առաջ Նիդեռլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր մի բանաձև, որով պահանջում է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ Դիտարկելով բանաձևերի ազդեցությունը այս հարցի լուծման վրա՝ Նիկո Սխերմերսը հույս է հայտնել, որ ռազմագերիների վերադարձը կլինի առանց նախապայմանների: Նիկո Սխերմերս (ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Սա ակնթարկային լուծվող հարց չէ, բայց ես հույս ունեմ, որ շուտով այն կլուծվի: Արդեն շատ աշխատանք է արվել, անցած շաբաթ էլ այստեղ էին Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի արտգործնախարարները, որոնք որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ նույնպես աշխատում են ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:   - Իսկ ի՞նչ գնահատական կտաք պատերազմից հետո Բաքվում բացված այսպես կոչվող «ռազմավարի պուրակին»՝ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից: - Նման բան պետք է տեղի չունենար, դա անընդունելի է, և այսպիսին է նաև իմ երկրի կառավարության դիրքորոշումը: Պուրակի բացումը շոկային էր, և այն չի նպաստում խաղաղությանը: Մենք ակնկալում ենք վստահության մթնոլորտի ստեղծում, կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդակում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն:
20:11 - 28 հունիսի, 2021
Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը |armenpress.am|

Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ Վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետևանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման և համանման այլ թեմաների վերաբերյալ։ Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին (ի կատարումն նախորդ քննարկման ստանձնած պարտավորության), որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև հետպատերազմական զարգացումներին և հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։ Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ ևս շարունակել ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաև անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը, նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին և սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։
10:22 - 17 հունիսի, 2021
Հայկ Չոբանյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

Հայկ Չոբանյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ կրթություն ինժեներիայի ոլորտում, ագրոտեխնոլոգիա և կլիմայական տեխնոլոգիաներ, որոնց ուղղությամբ ակնկալում է ընդլայնել երկրների միջև հետագա համագործակցությունը: Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ, ըստ առաջնահերթության, ՏՏ ոլորտը Նիդերլանդներում 2-րդ տեղն է զբաղեցնում: Դեսպանն առաջարկել է ծանոթանալ հայկական կողմի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջնահերթություններին՝ հնարավոր փոխգործակցությունը նախանշելու համար։ Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ կողմերն առաջարկեցին գործողությունների ծրագիր մշակել և փորձագիտական հետազոտություն իրականացնել:
22:33 - 04 հունիսի, 2021
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը: Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդերլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները:
20:10 - 02 հունիսի, 2021
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար

Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։   Նիդերլանդները ընդգծել է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի կարևորությունը։   «Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խոր մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերն անմիջապես հեռացնել սահմանից, և նշվում է սահմանազատման հարցը բացառապես բանակցությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին»,- շեշտել է ԱԳ նախարարը։  
12:54 - 02 հունիսի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։ Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորություն կտան նախարարության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել որակյալ և հասցեական։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում նիդերլանդական փորձը և, ըստ այդմ՝ իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։ Վերջինս ներկայացրել է նաև նախարարության և նիդերլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակում համայնքային փոքր տան գնման, վերանորոգման և կահավորման աշխատանքների ընթացքը։ «Ի թիվս համագործակցության մի շարք ոլորտների՝ հետաքրքրված ենք նաև Նիդերլանդների օրինակով Հայաստանում կարիերայի և տեխնիկական կրթության զարգացման հեռանկարով։ Մտադիր ենք Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոններում անցկացնել մասնագիտական ուսուցման, վերապատրաստումների և կարողությունների զարգացման դասընթացներ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Վերջինս ընդգծել է նաև Նիդերլանդներում կիրառվող սոցիալական դեպքի վարման համակարգի կարևորությունը, որը հաջողված օրինակ է, թե ինչպես կարելի է իրականացնել քաղաքացու կարիքների ամբողջական գնահատում՝ պետական աջակցության ծրագրերը կազմակերպելով առավել հասցեական։ Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս խորքային ճանաչել Հայաստանն ու համագործակցել արդյունավետ՝ ըստ առաջնահերթությունների․«Նիդերլանդների կառավարության և անձամբ իմ անունից կարող եմ հավաստել, որ պատրաստակամ ենք մեր ներդրումն ունենալ իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կարող են դրական արդյունք տալ և բարձրացնել հասարակության տարբեր խմբերի կյանքի որակը։ Մեզ համար առաջնահերթ են օրինակ՝ աշխատող մայրերի զբաղվածության ապահովմանը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված և ոլորտային մի շարք այլ ծրագրեր»,- նշել է Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։ Դեսպանն անդրադարձել է Նիդերլանդներում հաջողած որոշ ծրագրերի, որոնք կարող են արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Որպես օրինակ նա մատնանշել է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների գիտելիքի և փորձի փոխանակման ծրագիրը, որի ընթացքում վերջիններս կենսաթոշակի անցնելուց հետո այլ երկրների գործընկերների հետ համագործակցության արդյունքում իրենց ներուժը ծառայեցնում են՝ ի նպաստ նոր կադրերի վերապատրաստմանը։ Սեփական երկրի փորձը ներկայացնելուց զատ, Նիկոլաս Յակոբ Սխերմերսին հետաքրքրել է Հայաստանում իրականացվող հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է տարեց խնամյալների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների նոր մոդելը՝ նրբություններն ու առավելությունները։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ նշելով, որ համատեղ իրականացվելիք ծրագրերն արդյունավետ քայլ կլինեն սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողություններ գրանցելու համար։
19:26 - 21 մայիսի, 2021
Մարուքյանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում Նիդերլանդների կառավարության ջանքերը

Մարուքյանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում Նիդերլանդների կառավարության ջանքերը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարևորել է «Լուսավոր Հայաստանի» համագործակցությունը նիդերլանդական Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ: Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարևորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն: Քննարկվել են նաև հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր:
19:37 - 12 մայիսի, 2021