Ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել. Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |armtimes.com|
13:12 - 15 հուլիսի, 2021

Ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել. Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |armtimes.com|

armtimes.com: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. 

«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին: 

Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում: 

Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը: 

Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել՝ մեր երկու երկրներում առկա համաճարակի պատճառով: Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները: 

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել