ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։ Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեղել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ իրականացրելիս է եղել ՀՀ համապատասխան տարածքում՝ ադրբեջանական զինծառայողներց 100 մետր հեռավորության վրա, վերջիններս ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, լիցքավորել իրենց զենքերը և պահել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով կրակել։ Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները: Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։ Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»։
16:18 - 26 հունիսի, 2021
Փորձ է արվում հանրությանը պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. դատախազություն

Փորձ է արվում հանրությանը պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. դատախազություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես էլ դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև հունիսի 24-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ «Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների: Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝  նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում: Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով: Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին: Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներն ինքնին փաստում են նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերի առկայությունը, ինչը նաև դատարանի համար էր հիմք հանդիսացել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելիս: Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Երկրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ հիվանդության պատճառաբանությամբ նախնական կալանքից ազատվելու հարցը լուծելու համար կա հստակ ընթացակարգ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից: Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն: Այդուհանդերձ, Ա. Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը: Վերջում հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի»,- ասվում է պարզաբանման մեջ:
21:52 - 24 հունիսի, 2021
Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժկական կենտրոնի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստանի» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա ընթացավ գլխավոր դատախազության շենքի առջև: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պրոֆեսոր Չարչյանը քաղբանտարկյալ է, և սա ներկայիս իշխանությունների քաղաքական հետապնդումն է իրենց դաշինքի դեմ: Նրանք պահանջում են, որ ԲԿ տնօրենն անհապաղ ազատ արձակվի: Դատարանը երեկ բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է: Դատախազությունից այսօր որևէ մեկը դուրս չեկավ: Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։
19:41 - 24 հունիսի, 2021
Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|

Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը երեկ մինչև Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Ֆեյսբուքում գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք», - գիշերը գրել է Վարդևանյանը: «Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը», - նաև նշում է փաստաբանը:
10:53 - 24 հունիսի, 2021
Որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ որոշ ընտրատեղամասերում արդյուքների անհամապատասխանության մասին․ դատախազությունում դրանք կուսումնասիրվեն

Որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ որոշ ընտրատեղամասերում արդյուքների անհամապատասխանության մասին․ դատախազությունում դրանք կուսումնասիրվեն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ:   Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:   Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց»:
18:37 - 23 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են  հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով: Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը: Երեկ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ ԿԸՀ-ն, քննության առնելով միջնորդությունները, իր որոշումներով բավարարել է դրանք: Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:   
18:32 - 22 հունիսի, 2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին  անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվող նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձ ընտրակաշռք տալու կասկածանքով  ձերբակալվել է մեկ անձ: Առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Մասնավորապես, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի տարածքում գումարի տեսքով բաժանում են ընտրակաշառք՝ անձամբ բնակիչներին այցելությունների կամ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշակի առումով կաշառքի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում բջջային հեռախոսակապի միջոցով: Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով  հարուցվել են  քրեական գործեր:   Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվերկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին: 2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու համար:  Երկու քրեական գործեի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:  
19:24 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

Հայաստանի Հարապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները:  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր: Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ: Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:  Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:   
18:17 - 21 հունիսի, 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  -      79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված) -      7-ը վերաբերում է  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված) -      89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) -      46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) -      60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս) -      6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված) -      32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ չկապված:   Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:  Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:  Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով: Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները: 
00:32 - 21 հունիսի, 2021
64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները

64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ), 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված) 6-ը՝ ընտրողներին կաշառք տալուն և ստանալուն, այդ թվում՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված), 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված) 15-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) 1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդված) 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված): 2-ը՝ այլ:  Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:  Դրանցից մեկով, նշված ժամանակահատվածում  ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
17:57 - 20 հունիսի, 2021
Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:  Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես,  ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն: Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու: Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»:
16:16 - 20 հունիսի, 2021
Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով: Եվ դատախազության տեսադաշում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու: Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»,- գրել է նա:
13:42 - 20 հունիսի, 2021