#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ից սկսած մեր քաղաքական թիմին ներկայացվել են աշխարհի բոլոր մեղադրանքները, և անվտանգության առումով հարցականի տակ են փորձել դնել մեր գործողությունները: Այդպիսի քայլեր են փորձել անել այն մարդիկ, որոնք իրենց կառավարման շրջանում գրեթե ոչինչ չեն արել մեր անվտանգությունը բարձրացնելու համար: Այս մասին Իջևանում հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Համեմատության համար նաև նշեց, որ 1999-ից 2007թթ կառավարող ուժը Հայաստանում ռազմական բյուջեն կազմել է 1 մլրդ դոլարով, գործող իշխանության կառավարման շրջանում, 2018-2020թթ, Հայաստանի ռազմական բյուջեն եղել է 2 մլրդ դոլար: « Այսինքն 2 անգամ ավելի, քան 10 տարվա ընթացքում է եղել»,-ընդգծեց Գրիգորյանը: «2009-17թթ քաղաքական ուժը ՀՀ-ումռազմական բյուջեն ավելացրել է մի մի մարդ, որն ասում է եղել է անվտնագւոյթյան առումով ՀՀ գլխավոր մասնագետը, ռազմական բյուջեն ավելացրել է 50 մլն դոլարով: Մեր իշխանության գալուց 7 ամիս անց ռազմական բյուջեն ավելացրել ենք 200 մլն դոլարով: Անվտանգության մասնագետներ էիք, պատերազմով անցել էիք, դու չգիտեի՞ք, որ պատերազմի հիմնական պատճառներից է ռազմական բյուջեն: Հայտարարում են, որ պատերազմի պատճառ է հանդիսացել մեր քաղաքական թիմի հայտարարությունները: Հարց է առաջանում, եթե ստացել ենք ապրիլյան պատերազմ, ապա 2011-15թթ ինչ հայտարարություն են արել: Այդ մարդիկ գիտեն, որ պատերազմի պատճառներից մեկը ռազմական բյուջեն է: Բայց իրենց կառավարման շրջանում, երբ նույն Ադրբեջանը 1999-2007թթ իր ռազմական բյուջեն ավելացնում էր 3 անգամ, Հայաստանի ռազմական բյուջեն քիչ էր դրանից 3 անգամ: Հիմա ընտրությունների պատճառով հայտարարագրել են իրենց ունեցվածքը, նայեք այդ թվերն ու նայեք 1999-2007 թվականների ռազմական բյուջեն:  Ռազմական բյուջեի աճը համեմատելի չէ իրենց եկամուտների աճի հետ: Քայլեր չեն արել, ռազմական բյուջեն համապատասխանաբար չեն ավելացրել, մենք ստացել ենք  2016-ին այն, ինչ ստացանք նաև 2020-ին: Մեզ մեղադրում էին, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն իբրև ԱԽ նիստում ասել է, որ պատերազմը պետք է դադարեցվի: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը սկսվելուց առաջին օրվանից յուրաքանչյուրս գիտեինք և ամեն ինչ անում էինք, որ պատերազմը դադարի: ԶՈւ ԳՇ պետը ստել է: Մենք հրապարակել ենք այդ ԱԽ նիստի և արձանագրությունը, և ձայնագրությունը, և ամբողջ հայ ժողովուրդն է տեսել, որ նման բան չի եղել: Ավելին, 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ, մենք ջախջախել ենք թշնամուն: Դրանից 3-4 ամիս հետո պատերազմի արդյունքներն արձանագրելուց հետո նա հետ է կանգնել իր խոսքերից, և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծամասնությունը կեղծիք  է եղել:Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
21:29 - 11 հունիսի, 2021
Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին

Այսօր «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին

«5165» շարժումը շարունակում է իր մարզային հանդիպումները, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթանում են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցում շարժման հիմնադիրների հետ, սահմանում մարզային առաջնահերթությունները։ Հունիսի 11-ին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշում էր, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: «Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը: «5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։
21:12 - 11 հունիսի, 2021
Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

armtimes.com: Կա՞ մարդ, որ վարկ չունի: Ո՞վ է ձեր վարկերը փակելու: Բոլորիդ ունեցվածքները գրավի տակ են չէ՞, բայց ո՞վ է լուծելու այդ հարցերը: Եթե չփակեցիք ունեցվածքը տանելու են չէ՞ ձեռքներիցդ: Այսօր Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը: «Մարդը էսօր կանգնած ա ունեցվածքը կորցնելու ճանապարհի եզրին, այսօր հիմնական խնդիր դա է, ժողովուրդ ջան, եթե սենց շարունակվի ձեր ունեցվածքը կորցնելու եք»,- ասաց Ծառուկյանը: Նա ասաց, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»: Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
20:52 - 11 հունիսի, 2021
Առաջարկելու ենք երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով․ «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան

Առաջարկելու ենք երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով․ «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյան

Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, և հզոր բանակ ունենալուց հետո նաև տանել այն քաղաքականությունը, որը անհրաժեշտ է մեր պետությանը, մեր պետականությանը։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանը։ «Այսինքն՝ եթե քաղաքական գործիչները, քաղաքական վարչարարները չեն կարողանում զգալ ուժ, իրենք կարող են և սխալ վարվել։ Այս իսկ պատճառով մենք կոչել ենք ռազմաքաղաքական ուղղվածությունը մեր»,- նշեց նա։ Մինասյանի խոսքով՝ հակաօդային սարքեր պիտի ստեղծենք․ «Այսինքն՝ մեր ռազմաարդյունաբերությունը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա, բայց քանի որ մեզ անհրաժեշտ է նաև ժամանակ, որ մենք կարողանանք հստակ կերպով պատերազմը տեղափոխել իրենց կողմ։ Իսկ դրա համար հատուկ նշանակության ջոկատները քիչ են, ավելի շատ պիտի պատրաստել և էլ ավելի որակով, որը հնարավոր է։ Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք փոխել զենքի տեսակը, պարտավոր ենք զինվորի մարտական ոգին փոխել, պարտավոր ենք մարտավարությունը փոխել։ Դրանք պարապմունքների միջոցով են գալիս, որովհետև վստահ զինվորը՝ նաև որպես բարոյահոգեբանական մարդ, կերպար, արդեն բարձր է և հնարավորություն ունի կատարելու գործողություններ»։ Վարչապետի թեկնածուն ընգծեց, որ Մեր բանակը թույլ չէ, ուղղակի պետք է ճիշտ վարվել նրա հետ, ճիշտ ուժեղացնել։ «Իսկ ինչ վերաբերում է արդեն ինժեներական կառույցներին, մենք ունենք գծագրած անգամ նոր տեսակի կառույցներ, որոնք պետք է օգտագործենք; Իհարկե դրանց մեջ կան գաղտնիքներ նաև, բայց շատ պրիմիտիվ, անգամ շատ փոքր գումարների դեպքում հնարավոր է հասնել այդ պաշտպանությանը սահմանների»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ամբողջապես պրոֆեսիոնալ բանակ չի լինելու, նորից օգտվելու են 18 տարեկանների ծառայությունից, բայց անհրաժեշտ է վեց ամիս, որ այդ երիտասարդները դառնան այն զինվորը, որը իրենք ուզում են, այսինքն՝ փոխված մարտավարությամբ, մոտեցումներով, բարոյահոգեբանական վիճակով, և անգամ նախատեսել ենք դրա մոտենալու համար անգամ դպրոցներից սկսել պարապմունքները, ոչ միայն դպրոցներից, այլև տնից։ Խոսելով երկրի հետագա զարգացումից՝ թեկնածուն ասաց, որ առաջին հերթին պետք է տնտեսությունը զարգացվի, արդյունաբերության մասին ինքը չեմ խոսում․ «Գյուղատնտեսության մասին խոսենք։ Թվում է՝ հասարակ է այդ ամենը։ Գիտենք, որ Թուրքիան սուբսիդավորում է ձեռներեցներին, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ և տեղափոխմամբ, դրա համար Թուրքիայի ապրանքը, սննդամթերքը բավականին էժան են, դրա համար կարողանում է աշխարհի շուկաները գրավել»։ «Մենք առաջարկելու ենք անգամ երկրորդ սենատի ստեղծում, որը համալրված է լինելու մեր արտասահմանի եղբայրների միջոցով։ Այս երկիրը միայն մերը չէ, նրանք նույնպես պետք է մասնակցեն այս պրոցեսին»,- ընդգծեց Ալեքսան Մինասյանը։
20:30 - 11 հունիսի, 2021
«Զարթոնք»-ի նպատակը ազգային արժեքների հենքի վրա իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն ստեղծելն է |hetq.am|

«Զարթոնք»-ի նպատակը ազգային արժեքների հենքի վրա իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն ստեղծելն է |hetq.am|

hetq.am: «Այս տարիների ընթացքում հետևողականորեն թիրախավորվել են մեր ազգային արժեքները, ընտանիքը, բանակը, եկեղեցին, և մենք գտնում ենք, որ ազգային դիմագծի ջնջման հակառակ դաշտում ազգային գաղափարները կրող, պահպանող ուժերը քիչ են, և այդ ամենը նպաստել է, որ կորցնենք մեր ազգային դիմադրողականությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամ Տաթևիկ Բուջատյանը։ Վերջինիս խոսքով՝ տարիներ առաջ աբսուրդ կթվար հանգամանքը, որ Հայաստանը լուռ հետևում է, թե ինչպես է թշնամին իր պետության տարածք է ներխուժել ու քիչ-քիչ առաջանում, իսկ այժմ ինքնապաշտպանական բնազդը կարծես թմրած է։ Ահա թե ինչու կուսակցության անդամները որոշել են այն անվանել «զարթոնք»: Բուջատյանն ասում է՝ իրենց նպատակը հայի արժահամակարգը պահպանելն է, և այդ նպատակի իրագործման համար տարբեր մասնագիտության տեր անձինք որոշել են համախմբվել և զբաղվել քաղաքականությամբ։ Կուսակցության հիմնադիր անդամներից Վրեժ Խաչիկյանն էլ ասաց, որ իրենց ցանկանում են ազգային արժեքների հենքի վրա կառուցել իրավական, ժողովրդավարական, սոցիալական ինքնիշխան պետություն։ Խաչիկյանը նշեց, թե արդեն մի քանի տարի է՝ հայ ընտանիքը թիրախավորվել է։ «Հայ մարդու համար ընտանիքը սրբություն է, և, ես վստահ եմ, մեծամասնության համար, ընդունելի է կնոջ և տղամարդու միչև Աստծո կողմից տրված միությունը։ Եթե այս սրբությունը ոչնչացում ենք, որի համար հայ մարդը պատարստ էր կյանքը զոհելու, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ բազմաթիվ հարորդիներեր սահմանին զոհվել են՝ հանուն իրենց ընտանիքի անվտանգության։ Կուսակցությունը իր գործունեության հիմքում ազգային, քրիստոնեական արժեքներն է դնում։ Մեր հարցին՝ եթե մի օր կուսակցությունն իշխանության գա, ի՞նչ առաջարկ կունենա Հայաստանի Հանարպետության՝ Քրիստոնեություն չդավանող աձանց համար, ինչպի՞սի դիրքորոշում կունենա սեռական այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ, Վրեժ Խաչիկյանը պատասխանեց որ իրենց կուսակցությունը ընտրության հարցում որևէ սահամանփակում չի դնում և չի տեսնում։ «Յուրաքանչյուր անձ ունի ընտրության իրավունք՝ սկսած կրոնից մինչև ընտանիք կազմելը, և մենք չպետք է խոչընդոտենք, սակայն այդ իրավունքը պետք է իրացվի չափահաս դառնալուց հետո»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության անդամների մեծ մեծամասնություն են կազմում փաստաբանները, որոնք իրավագիտակից անձինք են։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:28 - 11 հունիսի, 2021
Քննություն է տարվում՝ պարզելու քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հունիսի 9-ի ժամը 16:40-ի սահմաններում իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հունիսի 9-ին  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ըստ քղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:07 - 11 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Հունիսի 20-ի ընտրություններից մեկ օր անց արձանագրվելու է, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, սակայն թավշյա մանդատը փոխարինվելու է պողպատյա մանդատով: Այս մասին Աչաջուրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեզ մեղադրում են, որ հեղափոխությունից հետո մենք բավարար կոշտ չենք եղել: Սակայն դա այդպես էր, որովհետև 2018-ին մենք կանգնեցին ձեր առաջ ու ասեցինք, որ դա սիրո ու համերաշխության հեղափոխություն է: Մենք ձեզ խոստում ենք ունեցել տված: Ամենավատ բանն է, որ մարդկանց դատապարտում են անձնական որոշումներով, որովհետև պետք չէ հույսը դնել անձանց վրա, պետք է հույսը դնել ինստիտուտների վրա, ու մենք ձգտել ենք հասնել հենց ինստիտուցիոնալ կայացման: Ինստիտուցիոնալ կայացման ճանապարհը բավականին երկար ճանապարհ է, իսկ հունիսի 21-ից մենք հաստատելու ենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա, որովհետև այս երեք տարիներին այդ ինստիտուցիոնալ կայացման վրա այնքան ենք աշխատել, որ հիմա այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ դատական համակարգից սկսած մինչև մնացած բոլոր համակարգերը, պետք է սկսեն աշխատել», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամենաաբսուրդ մեղադրանքն այն է, որ իրենց ասում են, թե իրենք թույլ իշխանություն են: «Իրականում մենք թույլ իշխանություն չենք, և դրա ապացույցը այն է, որ այն ամենի միջով, որ մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն դրան չէր դիմանա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ առաջին հերթին ձեր շնորհիվ ենք դիմացել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով աչաջուրցիներին: Փաշինյանը մանրամասներ պատմեց նաև ԳՇ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին. «Իմ՝ վարչապետ դառնալուց Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ իրեն ԳՇ պետ նշանակելու, ես իրեն ասել եմ՝ Օնիկ,ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ ոչ՝ խնդիր չունես, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Պատերազմի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ես պետք է լսեմ միայն իր ասածը: Սակայն հետագայում՝ նոյեմբերի 20-ին, Օնիկը Սյունիքի մարզում հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն: Այդ երեկոյան Օնիկի նախաձեռնությամբ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Այստեղ նա ինձ հորդորում է հրաժարական տալ: Ես էլ հորդորում եմ իրեն քնել, հանգստանալ ու մոռանալ այդ խոսակցությունը: Ես ասում եմ, որ անկախ ամեն ինչից՝ ուզում եմ իրեն լիարժեք վստահել: Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որոնցից ես համոզվում եմ, որ շատ բաներ պատերազմի ժամանակ ինձ ճիշտ չեն զեկուցվել: Այդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ես կրկին հորդորում եմ Օնիկին դուրս գալ այդ տրամաբանությունից: Հետո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն քայլ առ քայլ անցնում է ընդդիմության շարքերը: Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել: Ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրեն, համարել եմ, որ այդ մարդն այդպես է մտածել: Ես իրեն ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում: Ինչո՞ւ: Ես ուղղակի ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրելու էս տարբերակով փաստաթուղթը: Ինչո՞ւ է տարածվում հակառակ լուրը: Ինչո՞ւ է դա արվում: Ու հիմա վերլուծությունն ինձ լրիվ այլ հետևությունների է բերում: Կարո՞ղ է ընթացս ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն  կա, որն դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի-կտանի մեր կառավարությանն, այդ թվում՝ ինձ: Այն ժամանակ նման բան իմ մտքով էլ չէր անցնի: Ես իրեն անվերապահորեն եմ վստահել: Սակայն հիմա եմ հետահայաց վերլուծելով նման բան մտածում»:
19:54 - 11 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|

armenpress.am:  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը մեկնարկել են Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել  նրանց հուզող հարցերին։ «Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ, վստահելով «Զարթոնքի» հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ», - հայտնում են կուսակցությունից։
18:45 - 11 հունիսի, 2021
ՀՔԾ-ն 1 անձի մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու համար

ՀՔԾ-ն 1 անձի մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու համար

 Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով Ս. Զ.-ն ու ևս 7 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 11 հունիսի, 2021
Ոչ ոք շատ ձայն չի հավաքելու․ Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա․ Արամ Մանուկյան

Ոչ ոք շատ ձայն չի հավաքելու․ Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա․ Արամ Մանուկյան

Զարգացումներ կարող են լինել և Հայաստանը չունի իմունիտետ, մեծ առումով չունի դաշնակիցների խումբ, չունի դիվանագիտություն, որոնք կարող են կաշկանդել բացասական զարգացումները։ Ավելին ասեմ, հնարավոր է նույնիսկ շատ նպաստավոր պայմաններ ստեղծվեն բախումների, հակամարտության, միգուցե նաև ֆիզիկական ուժ կիրառելու և դա ուղղակիորեն կթուլացնի Հայաստանը, էլ չեմ ասում ինչքան թույլ է, որը արտաքին միջամտությունների լուրջ հիմք կարող է հանդիսանալ։ Մենք 1994 թվականին հենց նույն վիճակում էինք Ադրբեջանի հետ հարաբերություններում, Էլչիբեյի ներքին ոչ սթափ քաղաքականությունը նպաստեց նրան, որ մենք հաջողություններ գրանցենք Ղարաբաղում։ Նույնը տեղի ունեցավ Վրաստանում։ Միշտ, երբ երկրի ներքին անկայունությունը խախուտ է, արտաքին ուժերի համար  հնարավորություն է ստեղծվում այդպիսի ներթափանցումներ անելու։ Այս մասին civilnet.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։ Խոսելով Հայաստանում ստեղծված անվտանգային խնդիրների և դրանց հանարվոր բացասական զարգացումների մասին Մանուկյանը շեշտեց, որ առաջիկա ընտրությունների երկու հիմանական խաղացողներն իր կարծիքով նպաստում են այդ զարմացումներին։ «Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ներսում և դրսում պարարտ հող է ստեղծում դրա համար այս հռետորաբանությունը, արտահայտությունները, քայլերը, քայքայված, քանդված կառավարությունը, սա լրջագույն ազդանշան են այդպիսի քայլերի գնալու, իսկ մյուս կողմն էլ ռեվանշի մտած, ոչ մի բարոյական արգելք չունեցող, զուտ անձնական ամբիցիաների վրա հիմնված քաղաքականություն ու քարոզարշավ է տանում։ Չի բացառվում, որ ընտրությունների օրը կամ հաջորդ օրերին սրացումներ լինեն, մի բան ակնհայտ է, որ ոչ ոք շատ ձայն չի հավաքելու, Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա։ Դա արդեն անկայունության հիմք է, և սրանից ելնելով է, որ մենք մտանք ընտրապայքարի մեջ, փորձելով հասկացնել մեր հասարակությանը, որ այս երկու ուժերի բախումը, որոնք բացարձակ քաղաքական չեն, չկա այստեղ ոչ ծրագրի, ոչ մտքերի բախում, կա զուտ անձնական վրեժի և իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցք, և այս դեպքում հարկավոր է ունենալ սթափության խոսք, երրորդ ուժ, երրորդ տեսակետ, որը հասարակությանը հասկացնի որ այս երկուսի ոչ գաղափարական բախումից մեր երկիրը չի շահելու։ Այս դեպքում սթափության խոսքը պետք է աշխատի, լրջանանալու  մեսիջը հասցնենք հասարակությանը և փորձենք սթափության բերել քվեարկողներին, քաղաքական ուժերին   անիմաստ է։ Անիմաստ է այսօր Փաշինյանին բացատրել այն վտանգները, որոնք մեր առջև կանգնած են, Քոչարյանին առավել ևս »,- հավելեց Մանուկյանը։ ՀԱԿ անդամի խոսքով շատ լուրջ անելիք ունեն մտավորականները, մարդիկ, ովքեր կարող են կենտրոն հանդիասանալ, իրենց շուրջը հավաքել այլոց։ Մանուկյանն ընդգծեց, որ դժվարությունը նրանում է, որ ժամանակը կարճ է, եթե իրենք ունենային ավելի շատ ժամանակ և ավելի հնարավորություններ՝ ֆինանսական, մամուլի և ալն, հանգիստ կարելի էր հասցնել քաղաքացիներին, այդ խնդիրը լուծել, որ հանկարծ բախումների չգնանք։ «Որպեսզի պատմական կտրվածքով այս պարտությունը ճշգրիտ բանաձևենք պետք է հետևյալ փուլերը հաշվի առնենք․ եր այս պատմությունը սկսվեց 1998-ից , մեր մոտեցումները փոխվեցին, իդեալոգիան փոխվեց, ռեալությունը, հաշվարկները փոխարինեցին արկածախնդրությանը, պոռոտախոսությանը, ականջահաճո հայտարարություններին և գնաց բանակի ոչնչացում, թալան։ Այդ ժամանակ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունը երկիրը ավազ դարձրեց, թուլացրեց և այդ ավազի վրա կառուցեցին իրենց տները, դղյակները։ Այսօր Հայաստանի գեներալների մի մեծ մասը Հայաստանի ամենահարուստենրն են։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ բանակն ուտում ես։ 1998 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսանի վարած քաղաքականությունը և՛ ներքին կոռուպցիոն առումով, և՛ ոչ հաշվարկային քաղաքականություն վարելու և դիվանագիտական առումով աջակցիներ չհավաքելու քաղաքականությունը բերեց մոտեցրեց նրան, ինչը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի պատմական, քաղաքական սխալն այն էր, որ ինքն այս իրողության հետ հաշվի չնստեց։ Բացարձակ հաշվի չնստեց, երբ 2017 թվականին իր սեղանին կար ամբողջ վիճակագրությունը, ուժերի հարաբերակցությունը կար իր սեղանին, 2018 թվականից Ռուսաստանը մեզ առաջարկում էր փոխզիջումային բանաձևը՝ Լավրովի պլանը, և նաև եռանախագահությունն էր արդեն ստիպում այդ փաստաթղթին ընդառաջ գնալ։ Նիկոլ Փաշինյանի սխալը իրողության հետ հաշվի չնստելն էր, հոգեբանները բացել են իր հոգեբանական կոդը և ասում են, որ ինքը մի խնդիր ուներ՝ անցնել Լևոն Տեր- պետրոսյանին, և խաղարույք դրեց,կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ չի ստացվի։ Արդյունքում մենք ունեցանք պատմական, հոգեբանական, հնարավորությունների պարտություն և կանգնեցինք ծանր վիճակի առաջ։ Մյուս  սխալն այն էր, որ նույն բաները իրեն առաջարկվում էին նաև պատերազմի ժամանակ, բայց նա նորից չգնաց դրան»,- եզրափակեց Մանուկյանը։
17:45 - 11 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման, տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ․ Վահե Հակոբյան

Այսօր այս ապիկար իշխանությունը շարունակում է կործանիչ գործողությունները, մենք տեսնում ենք ժամ առ ժամ, որ ադեկվատությունը ավելի շատ են կորցնում և ավելի են խորացնում առկա ճգնաժամը։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ Վահե Հակոբյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքացիներին տանում է ակնհայտ բախման։ «Տանում է, որ հայը դուրս գա հայի դեմ, մենք պետք է իր ձեռքից բռնենք և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի խնդրենք ձեր քվեն, որ մեզ տաք հնարավորություն՝ դուրս վռնդելուազգի դավաճաններին մեր երկրից։ Նիկոլի էջը, համոզված եմ, ամսի 20-ին փակ է լինելու»,–ասաց նա։ Նա հարց բարձրացրեց, թե արդյոք ընտրողները տեսնում են այլ ուժ, որն ի վիճակի է դուրս բերելու մեր երկիրն այս վիճակից, և քաղաքացիները պատասխանեցին՝ ոչ։
17:43 - 11 հունիսի, 2021
Պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել. Փաշինյանը խոսեց եռակողմ փաստաթղթի մասին |armenpress.am|

Պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել. Փաշինյանը խոսեց եռակողմ փաստաթղթի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում պայքարը շարունակվել է մինչև այն կետը, մինչև որն իմաստ է եղել պայքարել, պրոցեսը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պայքարը շարունակելը հիմնավորումներ չունի: Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Բերդավան համայնքում քաղաքացիների հանդիպմանը: Նա նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո ամենաշահարկված թեմաներից մեկը կապ ունի Նոյեմբերյանի հետ: «Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, անկլավ կամ տարածքներ էի տալիս, վերջին պահին ինչ-որ մարդիկ եկան, ձեռքիցս բռնեցին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դրանք բոլորը հեքիաթներ են: «Գալիս են պահեր, երբ ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և անի կոնկրետ քայլեր: Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ: Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, մինչև որն իմաստ ուներ պայքարել: Այն պահին, երբ տեսել ենք, որ այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որ պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ պրոցեսը»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց՝ չի կարող ասել, թե ուրախ է, որ այդ պատասխանատվությունը վերցրել է, սակայն այդ իրավիճակում այդ քայլը պետք է արվեր: Փաշինյանը շեշտեց, որ այդ քայլը անելու արդյունքում տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր ենք փրկել: Նա նշեց, որ սակայն անվտանգությունը շարունակում է  մնալ կառավարության առաջնային խնդրիրը: Արտաքին անվտանգության ապահովման համար Փաշինյանն ամենակարևոր ուղղություններից մեկը համարեց արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական հարաբերությունները, հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Փաշինյանը հավելեց, որ դիվանագիտական առումով մեթոդը հետևյալն է՝ Հայաստանի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելը: «Մեր տեսլականն այն է, որ այն, ինչ մեր վերահսկողության տակ է, պետք է շարունակի մնալ մեր վերահսկողության տակ: Բայց մյուս կողմից՝ և Նոյեմբերյանի, և Իջևանի, և Բերդի հատվածում կան Հայաստանի գյուղերին պատկանող հազարավոր հեկտարներով հողեր, որոնք պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց այդ թեմաների բարձրաձայնումը՝ իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու համար: Նա բերեց Բերքաբեր գյուղի օրինակը: Գյուղի վարելահողերի 99 տոկոսը Ադրբեջանի հսկողության տակ է և այդ գյուղն ըստ էության վարելահողեր չունի: Միայն Տավուշից հազարավոր հեկտարներով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
17:34 - 11 հունիսի, 2021
Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․ «Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։ Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։ Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։ Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։ Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։
17:18 - 11 հունիսի, 2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը |armenpress.am|

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը |armenpress.am|

armenpress.am:  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից մեկնարկած նախընտրական քարոզարշավին բարձրաձայնեց կրթության և գիտության ոլորտներում երկրի առաջ ծառացած որոշ խնդիրներ: «Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա իշխանության գալուց օրեր անց մենք անպայման վերանայելու ենք հանրակրթության համակարգը, Բոլոնիայի համաձայնագրի մի շարք կետեր, 12-ամյա կրթության գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը և այլն»,- ասաց Ուրիխանյանը: Նա հայտնեց, որ իրենք այնպես կանեն, որպեսզի կրթությունն ավելի օգտակար դառնա մարդու կյանքի համար: Ուրիխանյանը նաև ընդգծեց, որ իրենք նախատեսում են ապահովել աշխատատեղեր, ինչի շնորհիվ կապահովեն նաև գործազրկության որոշակի թվով չեզոքացում:
17:03 - 11 հունիսի, 2021