Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին։ «Մենք ամենասերտ կապի մեջ ենք, հաճախակի կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ և համանախագահողների հետ իսկապես և վաղուց նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն  ադրբեջանական կողմի ճնշումների, այդ այցը այնուամենայնիվ պիտի կայանա, այդ այցը նախատեսված էր սեպտեմբերին, հետո տեղափոխվեց նոյեմբեր, այնուհետև խոսքը գնում էր հունվարի կեսերի մասին և ակնհայտ է՝ այժմ համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը»։  Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, Միրզոյանը հիշեցրեց,  որ իր հանդիպումը երեք համանախագահների հետ եղել է Ստոկհոլմում։ «Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում 3+2 ձևաչափով, երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և վերջին պահին, հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպմանը՝ որոշակի պատրվակ բերելով, էական չի, դա բարձրաձայնելը։ Ուզում եմ ասել, որ այդ պահին արդեն բավականին շոշափելի էր և՛ օրակարգը, որով առաջարկվում էր շարունակել բանակցությունները, և կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին։ Ես վստահ եմ, վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես, երբ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին և այլն, ահա սա այն հարթակն է, այն ձևաչափն է, որտեղ դա պետք է և կարող է քննարկվել»։
18:45 - 19 հունվարի, 2022
Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։ Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։ Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։ «Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։
18:27 - 19 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, աշխարհը դրա հետ համաձայն չէ, եւ իրականությունն էլ այդպիսին չէ․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք (համանախագահները) չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ՀՀ արտաքին գերատեսչությունը պատրաստվում արձագանքել այս հայտարարությանը։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց՝ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով եւ դիրքորոշմամբ, ինչը, նրա կարծիքով, խանգարում է եղած խնդիրների՝ կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու ընդունելի լուծումներ գտնելուն․ «Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, եւ ոչ ԼՂ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ բոլորովին համաձայն չէ եւ իրականությունն էլ էդպիսին չէ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հերթական ապացույցն անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովում բազմաթիվ երկրների հնչեցրած դիրքորոշումներն են, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում․ «Սա միակ ձեւաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- ասաց ԱԳ նախարարը։ Նա նշեց, որ այս պահին ԵԱՀԿ  ՄԽ համանախագահության ֆորմատում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ, բայց այս պահին նախատեսված է ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։
16:54 - 19 հունվարի, 2022
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․ «Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
16:52 - 19 հունվարի, 2022
Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը

Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը

Վիեննայում հունվարի 14-16-ը ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։ Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը։
19:25 - 17 հունվարի, 2022
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ-խմբ․)Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Նախարար Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:Արարատ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:
18:47 - 11 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
20:22 - 10 հունվարի, 2022
Միրզոյանը Զասին ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը

Միրզոյանը Զասին ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արարատ Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը մանրամասն ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց  ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։ Հանդիպմանը նախարար Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում  իրավիճակը և ընդգծել  կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության: Նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը: 
16:00 - 23 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Վալերի Պեկրեսը ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը

Արարատ Միրզոյանն ու Վալերի Պեկրեսը ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ: ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։ Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:
19:44 - 21 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Այս մասին հատնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր: 
19:06 - 13 դեկտեմբերի, 2021
Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի դեկտեմբերի 10-ին կայացած բացման արարողությանը, որին մասնակցել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝  միջոցառմանը ներկա են գտնվել պատգամավորներ, սենատորեներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:  Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո, Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ, Այսօր ինձ պատիվ է ընձեռնվել՝ ներկա գտնվելու պատմական այս իրադարձությանը՝ Հայաստանի էսպլանադի բացման հուզիչ և, միևնույն ժամանակ, գոտեպնդող արարողությանը։ Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը մայրաքաղաք Փարիզի հետ դարերի պատմություն ունեն և հարուստ են համագործակցության ու պատմական առնչությունների բազմաթիվ դրվագներով։ Դրանք սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից և շարունակություն գտնում հաջորդ դարերում, երբ հայ առևտրականներն աշխույժ կապեր են ստեղծում Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ՝ ամրապնդելով արևելյան քրիստոնեական համայնքների և Եվրոպայի կենտրոնի միջև քաղաքական ու մշակութային կապերը։ Խորհրդանշական է, որ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տաճարներից մեկում է հանգչում հայոց վերջին արքան՝ Լևոն 6-րդը։ Փարիզի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում մեծացավ հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր և նրանց սերունդներ Փարիզում և նրա շրջակայքում ձևավորեցին ֆրանսահայ ստվար  համայնք՝ իրենց ներդրումն ունենալով նաև այս հիանալի քաղաքի զարգացման գործում։   Մենք չենք մոռանում, որ հենց Փարիզը դարձավ այն միջազգային կենտրոններից մեկը, որտեղ բազմաթիվ հայ գաղթականներ ու ականավոր մշակութային գործիչներ ապաստան գտան ու նոր կյանքի հնարավորություն ստացան։ Այստեղ՝ Փարիզում, փարիզցիների ջերմ հյուրընկալության պայմաններում ապրել և ստեղծագործել են մեծանուն ֆրանսահայեր Շառլ Ազնավուրը, Միսակ Մանուշյանը, Միշել Լեգրանը, Անրի Տրուայան, Անրի Վեռնոյը, Ժանսեմը, Գառզուն, Զաբել Եսայանը, Շավարշ և Արփիկ Միսակյանները և ուրիշներ։  Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Փարիզում է ապաստան գտել և գործունեություն ծավալել Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանում են հանգչում Առաջին Հարապետության հիմնադիր հայրերից մի քանիսը՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Տեր-Մինասյանը և այլք։  Փարիզի հետ ջերմ բարեկամության ամենաակտիվ շրջանը կապված է Հայաստանի անկախության երեք տասնամյակների հետ, երբ Երևանի ու Փարիզի միջև ձևավորվեց շատ սերտ ու ընդգրկուն համագործակցություն: Այդ համագործակցության՝ վերջին տարիների ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փարիզյան մասնաճյուղի բացումն էր, ինչը գործող քաղաքապետ տիկին Իդալգոյի նախաձեռնությունն էր և կյանքի կոչվեց իր հետևողական ջանքերի շնորհիվ։  Սիրելի՛ բարեկամներ, Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սկսած, Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել և ուղեկցել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին։ Այս համատեքստում կցանկանայի հիշել և հիշեցնել ևս մեկ պատմական դրվագ, որը շատ խոսուն է այսօրվա մեր միջոցառման համատեքստում։ 1980-ական թվականների վերջին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր մեկնարկել և օրեցօր ավելի էր ուժգնանում, Փարիզ քաղաքն այն եզակի միջազգային կենտրոններից էր, որն իր հանրային ուշադրությամբ պաշտպանության տակ վերցրեց այդ անկախական շարժման ղեկավարներին։ Փարիզի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը հյուրընկալեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար պայքարող ՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներին՝ ի աջակցություն հայ ժողովրդի նվիրական ձգտումների։  Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին նաև հետագայում։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի՝ Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց, Փարիզի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր՝ ուղղված ինչպես ֆրանսիական հասարակությանը, այնպես էլ՝ ողջ միջազգային հանրությանը։ Մենք բարձր ենք գնահատում այդ մարդասիրական և քաղաքական քայլը, որը ոգևորությամբ ընդունվեց նաև հայ հասարակության լայն շրջանակների կողմից։ Մեծարգո՛ տիկին քաղաքապետ,  Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը։ Հայաստանի Հանրապետության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տարիներ շարունակ մեր կողքին լինելու և մեր վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում Ձեր բոլոր այցերը Հայաստան, և վստահ եղեք, որ, այսօր էլ և ընդմիշտ, Դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես հարազատ ու հավատարիմ բարեկամ։ Ձեր շնորհիվ այսօր Փարիզի հետ մեր բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ, բայց իր բնույթով շատ կարևոր ու խորհրդանշական նոր դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Այս կապակցությամբ կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Փարիզի փոխքաղաքապետ պարոն Առնո Նգաչային՝ նախագծին հետամուտ լինելու համար, ինչպես նաև Փարիզի 8-րդ թաղամասի ղեկավար տիկին Ժան դ’Օտըսերին այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ այս պատմական որոշումը միաձայն սատարելու համար:  Հարգելի՛ բարեկամներ, հյուրեր և հայրենակիցներ,  Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս՝ Փարիզի սրտում հայկական այս նոր ու գեղեցիկ անկյունի ստեղծման՝ Հայաստանի Էսպլանադի բացման կապակցությամբ։ Այս առիթով իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարեկեցություն հայ և ֆրանսիացի ժողովուրդներին և հարատև կյանք հայ-ֆրանսիական անխախտ բարեկամությանը։  Կեցցե՜ն Հայաստանն ու Ֆրանսիան, կեցցե՜ն Երևանն ու Փարիզը, կեցցե՜ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։
18:43 - 10 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։ Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան - Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։ ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։ Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
12:09 - 10 դեկտեմբերի, 2021