Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․
«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
comment.count (0)