ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:  Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշել է, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրույթունները: Նա նշել է նաև՝ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հերպերին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:
12:46 - 10 նոյեմբերի, 2022
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

 |armenpress.am|

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության: Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
12:17 - 09 նոյեմբերի, 2022
Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

news.am: Ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը մասնակցում է հաջակցություն Արցախի՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքին: «Թուրքերի համար մենք թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա: Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն, ճիշտ լուծում էր, եւ մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
16:16 - 05 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:  Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
13:45 - 04 նոյեմբերի, 2022
Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։
20:47 - 03 նոյեմբերի, 2022
Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ քննակել է ՀՀ-ԵՄ գործընկերության մի շարք հարցեր

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Նշելով, որ Հայաստանի հետ բարեկամության հիմքում ընկած է ընդհանուր արժեքային համակարգը` ԵԽ պատգամավորները վերահաստատել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու պատրաստակամությունը:
17:37 - 03 նոյեմբերի, 2022
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ |armenpress.am|

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առաջընթաց կա. Միրզոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլինեն դրական արդյունքներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասաց Միրզոյանը:   ԱԳ նախարարը հայտնեց, որ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաև՝ երրորդ երկրների քաղաքացների համար սահմանի բացման վերաբերյալ:   «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է: Եվ կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- եզրափակեց Միրզոյանը:
17:13 - 03 նոյեմբերի, 2022
Պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Թավրիզ քաղաքում. Միրզոյան |1lurer.am|

Պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Թավրիզ քաղաքում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այս պահին պլանավորում ենք դեսպանություն բացել Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Գիտեք, որ մեր իրանցի գործընկերները Կապանում վերջերս բացեցին գլխավոր հյուպատոսություն: Վաղուց կա ձեռքբերված պայմանավորվածություն, որ մենք էլ Թավրիզում կբացենք»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է Ուրուգվային, ապա նախորդ տարի այդ երկրի ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում է այս պայմանավորվածությունը ձեռք բերվել: Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակներ բացել նաև Կիպրոսում և Սերբիայում: «ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Աշխարհագրությունից կարող եք ենթադրել, որ Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր որոշման մեջ»,- ասաց Միրզոյանը:
16:02 - 03 նոյեմբերի, 2022
ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները |armenpress.am|

armenpress.am: Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Միրզոյանը  նշեց, որ կան կենտրոններ, որոնք շահագրգիռ են հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմամբ: Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներով այդ բանակցություններին: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ հանդիպումը: «Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն: Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»,- ասաց նա:
15:57 - 03 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար զգուշավոր լավատեսության տեղ և լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: Ղազարյանը հիշեցրեց՝ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էր, սակայն, վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: Նա հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում: Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայտնի դեպքերի հետևանքով էին հարաբերությունները կասեցվել: «Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր»,-ասաց Հովհաննիսյանը:   Նա հիշեցրեց, որ վերջերս նաև Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաև Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ: «Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում: Անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,-ասաց փոխնախարարը: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին:
15:18 - 03 նոյեմբերի, 2022
ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը: Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե,  տնտեսական ցնցումների հաղթահարումը: 2023 թ ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կկայանա Բրյուսելում: Գործընկերության կոմիտեի նիստը ևս կկայանա Բրյուսելում: Երևանում կանցկացվի նաև Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հանդիպումը, նաև տարբեր ենթակոմիտեների հանդիպումներ՝ Երևանում և Բրյուսելում:
14:54 - 03 նոյեմբերի, 2022
Հայաստանն Իրանի հետ որևէ տարակարծություն չունի. ԱԳՆ խոսնակը՝ Mehr գործակալությանը

Հայաստանն Իրանի հետ որևէ տարակարծություն չունի. ԱԳՆ խոսնակը՝ Mehr գործակալությանը

Հայաստանի և  Իրանի միջև տարակածություններ չկան. Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Այս մասին իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:Ըստ Հունանյանի՝ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։Իրանը բնութագրելով որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։«Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։Արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։Պատասխանելով Ադրբեջանի հետ Հայաստանի  հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»։Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ, Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ։
12:47 - 03 նոյեմբերի, 2022
ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը

Նոյեմբերի 2–ին ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ՄԱԿ գրասենյակը համատեղ կազմակերպել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպման սկզբում մասնակիցներին է փոխանցվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Հայաստանում ԵՄ գրասենյակի անունից ելույթ է ունեցել նաև Ֆրանկ Հեսսը։ Բանաձևի շրջանակում տարվող աշխատանքների, նպատակների ու կարևորության վերաբերյալ ելույթներով միջոցառմանը հանդես են եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն ու ՏԻՄ ներկայացուցիչները: Ի թիվս այլ հարցերի, զեկուցողներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և կանանց վրա դրանց ազդեցությանն առնչվող հարցերի։ Միջոցառումն ամփոփել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես առաջնահերթ է համարում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացումն ու դրա դրույթների տեղայնացումը:
12:44 - 03 նոյեմբերի, 2022