ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության վերաբերյալ

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:27 - 02 հունիսի, 2021
Մեղադրանք՝ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին

Մեղադրանք՝ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու հետ համաձայնության գալով՝ պարբերաբար ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները, ավարտական աշխատանքների պաշտպանությունները գնահատվել են դրական: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բնակչուհուն, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
15:19 - 26 մայիսի, 2021
Զինծառայող Մհեր Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

Զինծառայող Մհեր Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Ստացած հրազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
19:50 - 25 մայիսի, 2021
ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը մայիսի 25-ին ժամը 14:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան և իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետևանքով մահացել է:  Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:50 - 25 մայիսի, 2021
Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 21-ին, Քննչական կոմիտեի անձնակազմին ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանին: Գեներալ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նորանշանակ վարչության պետը համակարգում նոր մարդ չէ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգյանը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, Շիրակի, Կոտայքի, Երևան քաղաքի դատախազություններում, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Ա.Գևորգյանի նշանակման կապակցությամբ իր խոսքը եզրափակել է՝ նշելով՝ բարի գալուստ մեր մեծ ընտանիք՝ մաղթելով նրան հաջողություններ և բեղմնավոր աշխատանք:
18:08 - 21 մայիսի, 2021
ՊՆ զրահափոխադրիչի գլորվելու հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս երեքը և զորամասի զրահատանկային ծառայության պետը տեղափոխվել են զինհոսպիտալ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՊՆ զրահափոխադրիչի գլորվելու հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս երեքը և զորամասի զրահատանկային ծառայության պետը տեղափոխվել են զինհոսպիտալ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15 կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող երեք պարտադիր ժամկետային զինծառայողները և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
16:25 - 21 մայիսի, 2021
Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզում է Սյունիքում թունավորման դեպքերի հանգամանքները

Սյունիքում թունավորման դեպքերի առնչությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով: Գործը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
11:46 - 19 մայիսի, 2021
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք կոպտորեն խախտել են հասարակական կարգը. 1 անձ ձերբակալվել է,  7-ի նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց. ՔԿ

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք կոպտորեն խախտել են հասարակական կարգը. 1 անձ ձերբակալվել է, 7-ի նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց. ՔԿ

2021թ. մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։  Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 15 մայիսի, 2021
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, և քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
21:33 - 14 մայիսի, 2021
Ավարտվել է «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

Ավարտվել է «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, 2016թ. հունվարի 20-ից մինչև նույն թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում փաստացի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրով ստացել է ընդհանուրը՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, 39.030.000 ՀՀ դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց «Նորալուսին» ՍՊ ընկերության սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող  ՍՊ ընկերություն հիմնադրելու համար, իսկ մնացած գումարով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը: Հայր և որդի Հայրապետյանները, տեղեկանալով կատարվածի մասին, նպատակադրվել են նշված վարկային գումարները մարել ընկերության տնօրենի և նրա ընտանիքի անդամների միջոցներով, այդ թվում՝ իրենց պատկանող ՍՊ ընկերության համար ծախսված վարկային միջոցների վճարման պարտավորությունը նրա և ընտանիքի անդամների վրա դնել և այդ կերպ, շահադիտական դրդումներով, իրենց գույքն ուրիշի հաշվին անհատույց ավելացնելով, գույքային օգուտ ստանալ՝ իրենց նպատակին հասնելու համար ներգրավելով կրտսեր Հայրապետյանի ընկերներին: Վերջիններս, Հայրապետյաններից ստանալով ՍՊ ընկերության տնօրենից 57.500.000 ՀՀ դրամ գումարը ցանկացած տարբերակով վերցնելու հանձնարարություն, ինքնիրավչության եղանակով այն ստանալու նպատակով, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են նրան և տևական ժամանակ պարբերաբար նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքներով, դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, հարկադրել են նրան և ընտանիքի անդամներին վերադարձնել նշված գումարը: Արդյունքում Հայրապետյանների օգտին փոխանցվել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, տնօրենի տատին պատկանող առանձնատունը, նրա ընտանիքին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ընդհանուր 4 253 450 ՀՀ դրամի տարբեր արժողության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ևս մեկ անձի՝ երևանաբնակ 36-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու և պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու ընկերներից մեկի և ինքնությունը չպարզված 5-6 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 13 մայիսի, 2021
Վանաձորում կազմակերպել են կեղծ ավտովթար. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Վանաձորում կազմակերպել են կեղծ ավտովթար. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն,  որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր, և կազմակերպել կեղծ ավտովթար, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:Վարորդներից մեկը՝ 33-ամյա տղամարդը, պատահարի և ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու մասին տեղեկացրել է ԱՊՊԱ ընկերության աշխատակցին, ով օժանդակել է՝ կնքելով համապատասխան պայմանագրեր: 2019թ. մարտի 29-ին հիշյալ վայրում կազմակերպել են իրենց մասնակցությամբ կեղծ ավտովթարը, որից հետո ավտոմեքենաներից մեկի սեփականատերը, զանգահարել է հիշյալ ապահովագրական կազմակերպության աշխատակցին, վերջինս էլ, կատարելով համապատասխան գործողություններ, փոխհատուցման դիմում է ներկայացրել ընկերությանը:    Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 33-ամյա տղամարդը 2020 թ. մայիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում նույն քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, հարվածներ հասցրել վերջինիս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Մեկ ամիս անց, նույն տղամարդը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության, կեղծ փաստաթղթեր կազմելուն դրդելու, խուլիգանության և ծեծի, ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ խարդախության կազմակերպման և փաստաթղթեր կեղծելու, իսկ ԱՊՊԱ ընկերության աշխատակցին՝ խարդախության օժանդակման համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  Նախաքննությունն ավարտվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:08 - 13 մայիսի, 2021
Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017 թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություն, 2018 թ. մայիսի 31-ին դիմում է ներկայացրել Մեղրաձորի համայնքապետարան՝ 140 քմ քոթեջի կառուցման համար շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով: Դիմումին կից ներկայացրած փաստաթղթերում, որպես շինարարության համար տրամադրվող հողատարածք՝ վերջինս ներկայացրել է «Նորալուսին» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ իբրև նպատակ ունենալով շինությունը կառուցել ընկերության տնօրինության տակ գտնվող ճամբարի տարածքում: Ստանալով Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարի թույլտվությունը՝ ՍՊԸ տնօրենը շինարարական աշխատանքները հանձնարարել է իրականացնել վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա, բացի այդ շինության մի անկյունը կառուցվել է սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքի վրա: Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, նշված 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ձեռք բերելու նպատակով, ՍՊԸ տնօրենը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս և նրա օգնականի հետ,  ստանձնելով հողատարածքի չափագրման աշխատանքներն իր վրա վերցնելու պարտավորությունները, դիմել է չափագրությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա չունեցող իր մտերիմին՝ 1.06 հա հողատարածքը չափագրելու և հողատարածքի հատակագիծ տալու համար, որպեսզի այն ներկայացվի կադաստրի կոմիտե: Տեղյակ լինելով վերոնշյալ հողատարածքի վրա ինքնակամ կառուցված շուրջ 140 քմ. մակերեսով շինության մասին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, փոխարենը, ՍՊԸ տնօրենի դրդմամբ, ինքնակամ կառուցված նշված շինությունը և դրան հարակից ընդհանուր 1.063 հա մակերեսով հողամասը հնարավորինս քիչ գումար վճարելու միջոցով ՍՊԸ կողմից օրինականացնելու և սեփականաշնորհելու համար, իր օգնականին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ և 2019 թ. սեպտեմբերի 5-ին, ապա նույն ամսվա 17-ին լիազորագիր տվել՝ իր անունից  ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում հանդես գալու համար: Վերջինս, գործելով համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, անձամբ ստորագրել և կնքել է չափագրությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող անձի կողմից  կազմված և նման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից  2019 թ. մարտի 10-ի թվագրմամբ կազմված վերը նշված հողամասի կեղծ հատակագիծը, որում այն ներկայացվել է իբրև շինությամբ չծանրաբեռնված:  2019 թ. սեպտեմբերի 19-ին համայնքի նախկին ղեկավարի օգնականը, նշված կեղծ հատակագիծը՝ անհատ ձեռնարկատիրոջ և վերջինիս աշխատակցի կողմից նույն օրը կազմված կեղծ եզրակացության հետ, ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Հրազդանի սպասարկման գրասենյակ, որի հիման վրա՝ վերը նշված հողատարածքը գրանցվել է որպես համայնքին պատկանող առանձին հողամաս: Դրանից հետո, նշված հողամասն՝ իբրև շինությամբ չծանրաբեռնված, 2019 թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպված ձևական աճուրդով, ընդամենը 1.730.000 ՀՀ դրամով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը՝ համայնքին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, վերջինիս օգնականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, ՍՊԸ տնօրենին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և փաստաթուղթ կեղծելուն դրդելու համար, իսկ փաստացի չափագրումն իրականացնողին, անհատ ձեռնարկատիրոջն ու աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
17:24 - 12 մայիսի, 2021
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս. ՔԿ

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մուտք գործած անձինք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1.500.000  ՀՀ դրամի գույքային վնաս: Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
15:34 - 12 մայիսի, 2021
Օրենքի բացը` ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության խթան․ դատախազությունը քայլեր է ձեռնարկում

Օրենքի բացը` ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության խթան․ դատախազությունը քայլեր է ձեռնարկում

Վերջին շրջանում մամուլում ու համացանցում անդադար խոսվում է ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության մասին։ Այսպիսի գողությունների թիվը նկատելիորեն ավելացել է․ հիմնականում գիշերային ժամերին գողանում են մեքենայի համարներից մեկը՝ մեքենայի դիմապակուն կամ տեսանելի այլ տեղ թողնելով գրություն այն մասին, թե որքան գումարի դիմաց կվերադարձնեն համարանիշը։ Միշտ չէ, որ տուժողները դիմում են իրավապահներին, նրանց մի մասը նախընտրում է հավելյալ քաշքշուկներից խուսափելու համար միանգամից կատարել հանցագործի պահանջը՝ փոխանցել գումարն ու հետ ստանալ համարանիշը։ Հանցագործները պետհամարանիշերի տեղն ասելու համար պահանջում են փոխանցումներ կատարել ոչ միայն դրամական արժույթով, այլ նաեւ կրիպտոարժույթով։ Կրիպտոարժույթով զբաղվող անհատ ձեռնարկատեր Գեղամ Գեւորգյանն աշխատանքի բերումով առնչվել է այս հանցագործություններից տուժածների հետ։ Մոտ երկու ամիս առաջ Գեւորգյանի ընկերությանը գրել է մի քաղաքացի՝ բիթքոին գնելու հարցով՝ ներկայացնելով, որ այն անհրաժեշտ է իր մեքենայի գողացված համարանիշերը վերադարձնելու համար։ Infocom-ի հետ զրույցում Գեւորգյանը պատմեց, որ գնորդին միանգամից առաջարկել է դիմել իրավապահներին, ինչին ի պատասխան՝ գնորդը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ ոստիկանություն, սակայն իրավապահներն ասել են՝ չնայած տեղյակ են հանցագործությունների մասին, սակայն որեւէ բան անել չեն կարող, ավելի լավ է՝ քաղաքացին պահանջված բիթքոինը փոխանցի, համարները հետ ստանա։ Մեր զրուցակիցն անձամբ մի քանի նման դեպք է հիշում, սակայն չի բացառում, որ եղել են նաեւ այլ հաճախորդներ, որոնք բախվել են խնդրին, ուղղակի գուցե իրենց ընկերությանը չեն ասել՝ ինչի համար է անհրաժեշտ բիթքոինը․ «Երեք-չորս նմանատիպ խոսակցություն եմ ունեցել այն անձանց հետ, որոնք ասում էին, թե ինչի համար է պետք բիթքոին, բոլորը իրավապահներին դիմելու իմ հորդորին ի պատասխան՝ ասում էին, որ կամ դիմել են ու ոստիկանությունից ստացել պատասխան՝ ավելի լավ է՝ տարեք, էդ բիթքոինը փոխանցեք, կամ էլ ասել են՝ անիմաստ են համարում դիմելը»,- մանրամասնեց Գեւորգյանը։ Վերջինիս, ի դեպ, նախորդ շաբաթ հրավիրել են ՀՀ ոստիկանություն՝ որոշակի «ճշտումներ» կատարելու, ապա ոստիկանության բաժանմունքում մեկ ժամ մնալուց հետո ոստիկանության օպերի անձնական մեքենայով տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զբաղվող քննիչի հետ զրուցելու։ «Իրավապահների ասած «ճշտումները» տեւել են յոթ ժամից ավելի, որի գերակշիռ ընթացքում ինձ չեն ներկայացրել իմ կարգավիճակը։ Ընդ որում՝ ոստիկանության բաժնում մեկ ժամ զրույցից հետո Քննչական կոմիտեի բաժնում ես մեկ այլ քննիչի աշխատասենյակում ժամեր շարունակ սպասել եմ այս դեպքերով զբաղվող քննիչին»,- պատմեց Գեւորգյանը՝ ընգծելով, որ միայն վերջում՝ իր բազմաթիվ հարցերից հետո են ասել, որ ինքը գործով վկայի կարգավիճակ ունի։ Իսկ թե ինչու են իրեն գործով վկա ներգրավել՝ Գեւորգյանին պարզ չէ․  «Ես պատասխանել եմ իրավապահներին հետաքրքրող հարցերին՝ ընթացքում փորձելով ճշտել կարգավիճակս, սակայն շուրջ 5,5 ժամ կարգավիճակ չունեի։ Բացի դրանից՝ մի քանի ժամ ինձ պահել են առանց որեւէ գործողություն կատարելու՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով դուրս գալ, ընդ որում՝ ասում էին՝ եթե փորձեմ դուրս գալ, ապա բերման կենթարկեն՝ ինձ համար բացարձակ անհասկանալի պատճառով։ Միայն ամենավերջում ինձ տրվեց վկայի կարգավիճակ, սակայն չեմ հասկանում՝ ինչու, հիմնավոր որեւէ մեկնաբանություն չլսեցի․ եթե իրենց պետք էր ճշգրտում, տեղեկություն կրիպտոարժույթների մասին, կարող էին դիմել, եւ ես բարյացակամորեն կհայտնեի տեղեկություններ»,- մանրամասնեց Գեւորգյանը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք: Գեղամ Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ ինքն այս պարագայում ուղղակի տեղյակ է, որ նման հանցագործություններ են տեղի ունենում, գուցե գիտի փոքր ինչ ավելին, քան այլ քաղաքացիներ, քանի որ իրենք կրիպտոարժույթի ծառայություն մատուցող ընկերություն են։  «Ես այդպես էլ չհասկացա՝ ինչին եմ վկա եղել, վկա չեմ եղել կատարված հանցագործությանը, ոչ տեսել եմ համարանիշերը հանելու պրոցեսը, ոչ այլ ինչ, ուղղակի զբաղվում եմ կրիպտոարժույթով, իսկ իմ ընկերությունից համարանիշերը վերադարձնելու համար ցանկացել են գնել բիթքոին»,- նշեց մեր զրուցակիցը։  Նրա խոսքով՝ ՔԿ-ի քննիչը՝ Հայկուհի Հակոբյանը, իրեն բաժին հրավիրելու համար «շատ հեռվից է եկել»՝ չնայած գրանցված ընկերության ղեկավար է, ու իրեն գտնելը շատ հեշտ է։ Իսկ քննիչը գնացել է մեր զրուցակցի հաշվառման վայր, որտեղ այժմ այլ անձինք են բնակվում, նրանցից ուզել Գեւորգյանի՝ արտասահմանում բնակվող ծնողների հեռախոսահամարը եւ նրանց միջոցով Գեւորգյանին հրավիրել ՔԿ։ Ընդ որում քննիչը, մեր զրուցակցի խոսքով, տեւական ժամանակ չի հայտնել իր ազգանունը։ «Քննչական կոմիտեում, փաստացի, խախտվել են իմ իրավունքները, ինձ առանց կարգավիճակի կամ առանց իմ կարգավիճակը ներկայացնելու պահել են յոթ ժամից ավելի՝ անհիմն զրկելով ազատությունից՝ առանց ողջամիտ բացատրություն ներկայացնելու, իսկ վերջում, պարզվեց, կրիպտոարժույթի վերաբերյալ տեղեկություններ էին ուզում ստանալ։ Ողջ աշխատանքային օրը զրկվեցի ոչ միայն ազատությունից, այլ նաեւ այդ ընթացքում ունեցա բավականին ֆինանսական կորուստ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավունքները խախտելու հարցով։ Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտմանը՝ Գեղամ Գեւորգյանն անձամբ հնարավոր է համարում այն պարագայում, եթե իրավապահներն իսկապես անհրաժեշտ ներուժով փորձեն գտնել հանցագործներին։ Ըստ նրա՝ եթե իրավապահները քաղաքացիների ահազանգերից անմիջապես հետո դեպքի վայրի մանրամասն զննություն ու համապատասխան գործողություններ անեն, ապա հնարավոր կլինի գործի ելքին օգնող բավականին տեղեկություններ հավաքել։ Գուցե այստեսակ հանցագործությունների բացահայտմանը որոշակիորեն խոչընդոտում է հանգամանքը, որ դրանցից որոշների դեպքում գործարքները կատարվում են կրիպտոարժույթով, սակայն կրիպտոարժույթն էլ պետք է կանխիկացվի, իսկ այդ դեպքում հնարավոր է հայտնաբերել կանխիկացնող անձին, եթե, իհարկե, կանխիկացումը չի իրականացվում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերով։ Գեղամ Գեւորգյանի համոզմամբ՝ այսպիսի հանցագործությունների բացահայտումը թեեւ բարդ է, սակայն անհնար չէ, ուղղակի անհրաժեշտ են շատ մասնագետներ եւ իրավապահների պատշաճ աշխատանք։ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի մեկնաբանությամբ՝ նմանատիպ դեպքերի բացահայտման փոքր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ գողության դեպքերի զգալի մասը կատարվել է գիշերային ժամերին։ Սա, նրա պնդմամբ, այն ժամանակահատվածն է, որ անչափ դժվար է գտնել վկաներ կամ հայտնաբերել գողությունը կատարող անձանց, որովհետեւ այսօր հիմնական մասը դիմակով է շրջում, տեսախցիկները գիշերային ժամերին չեն կարողանում հստակ պատկերել հանցանք կատարած անձանց։ Ինչ վերաբերում է ՔԿ քննիչի աշխատելաոճին եւ ոչ սահմանված կարգով անձին բաժին հրավիրելուն, Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ին տեղեկացրին, որ Գեղամ Գեւորգյանի հաշվառման վայր այցելելով, ապա նրա ծնողների հետ կապ հաստատելու միջոցով են հրավիրել բաժին, քանի որ չեն գտել նրա հեռախոսահամարները։ Ի հավելումն նշենք, որ հայաստանյան օրենսդրության համաձայն՝ կորած զույգ համարանիշերի փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր, իսկ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչեւ կրկնօրինակի հատկացումը տրվում է «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով: Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաեւ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաեւ տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար՝ 12.000 ՀՀ դրամի չափով։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով Օրենսգրքի 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսել եւ քրեական պատասխանատվություն սահմանել նաեւ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի հափշտակության եւ շորթման համար: Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. եւ 2021թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի հափշտակության 306 դեպք: Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշերը վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Դատախազության պարզաբանմամբ՝ արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշերը հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի դեպքում կարող է հասնել մինչեւ 8 միլիոն դրամի: Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը։ Բացի դրանից՝ արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաեւ այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին:  Ըստ դատախազության՝ թեեւ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաեւ քողարկված, եւ տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշերը հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր: Այս պայմաններում, ըստ դատախազության, շարունակվող դեպքերը, բացի համարանիշերի սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաեւ այդ համարանիշերը այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար: Դատախազությունը նշում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում վերոնշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը: Հայարփի Բաղդասարյան
14:26 - 11 մայիսի, 2021
Իրավապահները խուզարկել են Արթուր Ասատրյանի և ևս 13 անձի բնակարաններ. ՔԿ |tert.am|

Իրավապահները խուզարկել են Արթուր Ասատրյանի և ևս 13 անձի բնակարաններ. ՔԿ |tert.am|

tert.am: Այսօր իրավապահ մարմինները խուզարկություն են Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) և ևս 13 անձի բնակարաններում: Այս մասին հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Ոստիկանությունը մայիսի 4-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի։
16:37 - 10 մայիսի, 2021