Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Վրաստանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Դիտարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի ապաէսկալացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասվում է հայտարարության մեջ։
18:48 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է: Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին՝ 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ՝ կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական, նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել՝ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խոր համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ: Մեր համոզմամբ, նշածս բոլոր սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ: Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա: Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»: Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
13:58 - 17 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
14:29 - 16 նոյեմբերի, 2021
Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պարո՛ն Բարձր հանձնակատար,Պարո՛ն Պետքարտուղար,Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, որում, վստահ եմ՝ բոլորս մեծապես շահագրգռված ենք։ Ուրախ կլինեի ելույթ ունենալ և խոսել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև զարգացման օրակարգի մասին՝ հանգամանալից ներկայացնելով 2021թ․ մարտի մեկին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ընդգծելով «Եվրոպոլի» և «Հորիզոն Եվրոպայի» հետ մեր կնքած պայմանագրերի, մեկ ժամ առաջ ստորագրված Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի, «Ստեղծարար Եվրոպայի» և «Եվրոյուստի» հետ փոխգործակցության, ինչպես նաև՝ այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը, կիսվել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններով, ինչպես նաև՝ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընդտրությունների մասին, որոնք համապատասխան միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Կցանկանայի վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը Արևելյան Գործընկերության ապագայի և արժեքների վրա հիմնված համագործակցության հանձնառության վերաբերյալ։ Սակայն այս հանդիպումը տեղի է ունենում միանգամայն արտառոց հանգամանքներում, երբ հայ ժողովուրդն ու ժողովրդավարությունը առնվազն 2020 թվականի սեպտեմբերից սկսած գտնվում են ուժի կիրառման մշտական սպառնալիքի ներքո։ Հարգելի՛ գործընկերներ, Հակառակ գլոբալ զինադադարի մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ լրջագույնս վտանգելով տարածաշրջանային իրավիճակը։ Ավելին, նրանք փորձեցին ստեղծել Եվրոպայում ձգձգվող հակամարտություններն ուժի զանգվածային կիրառմամբ և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ լուծելու փորձի վտանգավոր նախադեպ: Խախտելով զինադադարի մասին երեք պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը վերջապես համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ, այդուհանդերձ, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։ Անվտանգությունն ու իրողությունները չեն կարող կառուցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հազարավոր կորսված մարդկային կյանքերի, կորուստների, տեղահանումների և միջազգային խաղաղության գործընթացի խաթարման հիման վրա։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։ Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։ Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։ Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։ Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը: Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն: Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»։
20:32 - 15 նոյեմբերի, 2021
Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։  Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։ Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօրվա իրադարձությունը իրականություն են դարձրել. Եվրոպական հանձնաժողովում, Խորհրդում և Սլովենիայի նախագահությունում մեր գործընկերներին, Հայաստանում բոլոր համապատասխան պատկան մարմիններին և Բրյուսելում մեր դիվանագիտական առաքելությանը։ Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:  Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։ Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:
18:28 - 15 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

ՀՀ ԱԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմնված իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
11:52 - 12 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: «Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների ու այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ  համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ «Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությամբ: Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ուղղված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն ՝ իրենց մանդատի շրջանակներում:  
22:17 - 11 նոյեմբերի, 2021
Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Իր ելույթում նախարարը նշել է.  «Պարո՛ն նախագահ,Պարո՛ն Գործադիր խորհրդի նախագահ,Տիկի՛ն Գլխավոր տնօրեն,Հարգելի՛ պատվիրակներ, Կցանկանայի, առաջին հերթին, շնորհավորել նորին գերազանցություն Մոուրաոյին՝ Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր պաշտոնում։ Ցանկանում եմ նաև շնորհավորել տիկին Օզուլեյին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար:  Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։ 2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։ Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ. Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է:  Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։ Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով: Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։ Շուրջ մեկ տարի է նաև, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։  Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակն անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։  Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19 000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։ Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28 000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները: Շնորհակալություն»։
22:00 - 11 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։
16:21 - 11 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
10:04 - 11 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
09:09 - 11 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:  Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի  խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:  Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար, որն ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։  Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների:  Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխափան մուտք ունենան Արցախ՝  ընդգծելով մարդասիրական բնույթի հարցերը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։ Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ, որը հայ-ֆրանսիական  առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային սյուներից է, և որում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Նշվել է նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայ-ֆրանսիական համագործակցության բարձր մակարդակի մասին:
21:00 - 10 նոյեմբերի, 2021