Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
09:09 - 11 նոյեմբերի, 2021

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։

Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել