Եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը․ Բակո Սահակյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Բակո Սահակյանը արտահայտեց իրա դիրքորոշումը․
«Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ և բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, և այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Մենք նաև այս ընթացքում կարևորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում:
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին: Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը:
Ողջունում եմ այս նախաձեռնությունը և համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն»:
ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
11:39 - 12 մարտի, 2019