Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:
Նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո, խորհրդարանը լսել է Արցախի Հանրապետության նախագահի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:
Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանաշել երկրի առաջնահերթությունները:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
«Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:
Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:
comment.count (0)