Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման վերաբերյալ

Քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ տեղի է ունեցել քննարկում՝ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։   Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։   Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են մասնավորապես թափառող կենդանիների տեղաբաշխումը բնակավայրերում և ոհմակների ձևավորման պատճառներն ու փորձել են բնակավայրերի հարակից տարածքներում և բնական էկոհամակարգերում թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիրների լուծման նպատակով տեղական ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցներ հայթայթելու եղանակներ գտնել։   Նախարարի տեղակալը շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացներում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով մասնագիտական գիտելիքներով և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգմամբ։   Խնդրո առարկա դաշտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, առկա պատկերի, համայնքների կողմից խնդրի կարգավորման հատվածային լուծումների տարբերակով կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծման և վերջիններիս մեթոդական աջակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացնելու հարցը։  
12:55 - 01 փետրվարի, 2022
Քննարկում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի շուրջ

Քննարկում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի շուրջ

Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճաքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։   Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն է՛լ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։   Վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները և ընթացքում առաջացած դժվարությունները։   Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։   Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը) առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), որի համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները:  
16:59 - 31 հունվարի, 2022
Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան

Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում.    «Այսօր ընդունել եմ «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանին և գործառնական տնօրեն Վահե Մարտիրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև անտառային ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։   Քննարկվել են Հայաստանում անտառային ոլորտում գույքագրված խնդիրները, առկա վիճակի բարելավման ու անտառապատ տարածքների վերականգնման ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածի ջանքերի համատեղման հնարավորությունները։   «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնի արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Կազմակերպությունը արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։   Անտառների վերականգնումը՝ լայնամասշտաբ ծառատունկը և դրանց պահպանումը,  Կառավարության առաջնահերթությունների շարքում է, և «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կիսում են անտառապատ տարածքների վերականգնման և կրկնապատկման մեր տեսլականը, յուրաքանչյուր հարցում ունեն մեր աջակցությունը»,- նշել է ՇՄ նախարարը:   «Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության մեր գործընկերներին պատրաստակամություն եմ հայտնել անել հնարավորը՝ անտառապատման աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար», գրառման վերջում ընդգծել է Հակոբ Սիմիդյանը:  
19:16 - 27 հունվարի, 2022
Հայաստանում կնշվի «Անտառագետի եւ ջրաբանի օր»

Հայաստանում կնշվի «Անտառագետի եւ ջրաբանի օր»

Հայաստանում սահմանվեց «Անտառագետի եւ ջրաբանի օր»։ ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել «Անտառագետի եւ ջրաբանի օր»։ «ՀՀ կառավարության 2004թ․ հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախարարության, պայմանավորված է նրանով, որ նույն որոշման 2-րդ կետով մարտի 23-ին (Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ) նշվում է օդերևութաբանի օր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 21-ը անտառների միջազգային օրն է, իսկ մարտի 22-ը ջրի համաշխարհային օրը, հետևաբար ՀՀ-ում անտառագետի և ջրաբանի օրը նշելու վերաբերյալ  նախագիծն անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն օդերևութաբանի, այլև  անտառագետ և ջրաբան մասնագետների առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:  «Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել  անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:  Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում «անտառագետի և ջրաբանի» միջազգային օրը նշելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է միջազգային գործընկերների կողմից, հանդիպումների և քննարկումների ընթացքում»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: 
11:29 - 27 հունվարի, 2022
Արփի Դավոյանը տեղյակ է խնդրի մասին. ՇՄ նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած «դեղին ձնծաղիկի» լուսանկարին

Արփի Դավոյանը տեղյակ է խնդրի մասին. ՇՄ նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած «դեղին ձնծաղիկի» լուսանկարին

Լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը: «Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ: Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում: Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»,-գրել է նա։
21:47 - 22 հունվարի, 2022
ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

Անցած տարվա փետրվարի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի առաջին գեոպարկի հիմնումը։ Infocom-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նշյալ գեոպարկի հիմնումը։  Ըստ նախարարության տրամադրած պատասխանի՝ 2020-21 թվականների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից պետական ֆինանսավորմամբ կատարվել են ապագա գեոպարկի սահմանների ճշգրտման և գեոսայթերի առանձնացման աշխատանքներ․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի ցանկին միանալու համար ՀՀ տարածքում գեոպարկերի ստեղծման պոտենցիալները և հնարավորությունները քննարկելու համար նախաձեռնել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետներ։ Խորհրդատվության և փորձի փոխանակման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերից պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագետներ ներգրավելու համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը գտնվում է մասնակից կառույցներից համապատասխան թեկնածուների ներկայացման փուլում»։ Անդրադառնալով գեոպարկի ստեղծման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո։ Գեոպարկի ստեղծման ընթացքի և մանրամասների վերաբերյալ Infocom-ը ավելի վաղ զրուցել էր  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ։    Գլխավոր լուսանկարում՝  ստեղծվելիք գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին   Նանե Ավետիսյան
10:12 - 21 հունվարի, 2022
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս ամբողջ ընթացքում իրականացրած փոխկապակցված, ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար։ «Խիստ վերահսկողության միջոցառումների այս ծրագիրը ցույց տվեց, թե ինչպես պետք է միմյանց լրացնելով աշխատեն պետական գերատեսչությունները, որպեսզի ունենանք նկատելի արդյունք։ Միջոցառումների մեկնարկի սկզբում մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախներին հասել ենք՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։ Եվ ինչն ամենակարևորն է ինձ համար, ակնառու է նաև խնդրին հասարակական վերաբերմունքի փոփոխությունը։ Ամբողջ ընթացքում թե՛ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները, և թե՛ շուկաներում սիգ փնտրող մեր քաղաքացիները կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել վերահսկողական միջոցառումներին։ Ցանկացած գործընթացի կայացման հիմնարար երաշխիքն առաջին հերթին հանրության շրջանում ունեցած աջակցությունն է»,-նշել է նախարարը։ Հակոբ Սիմիդյանը նաև անդրադարձել է միջոցառումների ընթացքում արձանագրված կազմակերպչական բնույթի խնդիրներին, որոնց շատ արագ տրվել են կարճատև լուծումներ և խոստացել, որ արդյունքների ամբողջական ամփոփումից ու որոշակի վերլուծություններից հետո կմշակվեն դրանց համակարգային լուծումների տարբերակները։ Այսպիսով՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:  Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։ Վերասկողության միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները կներկայացվեն առաջիկայում։
20:42 - 17 հունվարի, 2022
Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:   «Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցության ահագնացող միտումների հետևանքով: Այն հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրի:   Չնայած Հայաստանի չնչին մասնաբաժնին ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մեջ՝ 0,02 տոկոս, մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին:   Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը իրականացվում էր ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որն ավելի քան երկու տարի չէր գործում՝ պայմանավորված Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ։ Անհրաժեշտ էր միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել Կառավարության նոր կառուցվածքին համապատասխան:   Այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թ. հուլիսի 6-ի Վարչապետի 719-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը, որով ավելի ընդլայնվել են խորհրդի իրավասությունները, նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ:   Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար բարձրացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը շրջակա միջավայրի նախարարից վերապահվելով ՀՀ փոխվարչապետին՝ հորիզոնական կառավարում ապահովելու համար։   Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել և կարևորվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը:   «Համաճարակի բացասական հետևանքներից մեր երկրի վերականգնվելուն զուգահեռ անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր «կանաչ վերականգնումը» խթանելու և ցածր ածխածնային զարգացման հետագա միտումն ապահովելու համար:   Կպահանջվեն փոխհամաձայնեցված մոտեցումներ տնտեսության բոլոր ճյուղերում:   Այս ամենը նախատեսում է զգալի օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումներ, որոնք կնպաստեն նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի՝ (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը:   Վստահ եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բխում եմ մեր երկրի ստանձնած պարտավորություններից Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո՝ նպաստելով նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ֆեյսբուքի իր էջում:    
16:11 - 07 հունվարի, 2022
2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 4-ը արձանագրվել է սիգի վաճառքի 11 դեպք, առգրավվել է 955 հատ սիգ

2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 4-ը արձանագրվել է սիգի վաճառքի 11 դեպք, առգրավվել է 955 հատ սիգ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։   Նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով այսօրվա հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Ներկայացվել են նախորդող օրերին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։   2021 թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին և 2022 թ. հունվարի 4-ին ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները, նավով շրջայց են կատարել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 33 հատ սիգ տեսակի ձուկ,   Հունվարի 4-ին լճից դուրս է բերվել 21 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 19 հատ սիգ տեսակի ձուկ,   ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափամերձ հատվածներից ձկնորսների կողմից հեռացվել են ձկնորսական լողամիջոցները, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող միջոցառումների արդյունքում ափամերձ հատվածներից դուրս են բերվել շուրջ 220 լողամիջոցներ:   Արագ արձագանքման բաժնի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ եզրագծով,   Ոստիկանության կողմից 2022 թ. հունվարի 5-ից տրամադրվել է ճանապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով,   «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և տեսչական մարմնի կողմից իրականացվում է շրջիկ հսկողություն դեպի Երևան շրջանցող ճանապարհներին,   Իրականացված միջոցառումների արդյունքում 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 955 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ:   Նախարար Հակոբ Սիմիդյանն իր և Շրջակա միջավայրի նախարարության անունից գոհունակություն է հայտնել գործընկերներին իրականացվող միջոցառումների որակի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ անկախ որոշ ընթացիկ խնդիրների, նկատելի է գործողությունների համաժամանակյա և համադրված իրականացման պրակտիկա, ինչը բնականաբար տալիս է իր արդյունքը։   Նախարարը հորդորել է գործընկերներին հետայսու ևս գործընկերային մթնոլորտում շարունակել վերահսկողական միջոցառումների ծրագրից բխող պարտականությունների լիարժեք իրականացումը։  
17:45 - 05 հունվարի, 2022
Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան

Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:   «Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։   Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, քարտեզագրելու մեր հետագա անելիքները:   2022 թվականը և առաջիկա տարիները մեր երկրի համար պետք է լինեն հաղթանակների և առաջընթացի տարիներ՝ խաղաղ դարաշրջան բացելու, երկարաժամկետ գիտակցված զարգացման փուլ մտնելու հնարավորություն, իսկ դա պահանջում է առավել նվիրում, ջանք ու անդադար աշխատանք։   Մեզ է վստահված մեր երկրի գլխավոր հարստության՝ շրջակա միջավայրի կառավարումը, պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը։   Վստահ եմ, համատեղ ջանքերի, հետևողական ու բարձր պատասխանատվությամբ աշխատանքի և հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում մենք կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր և կկառուցենք մեր երազանքների երկիրը։   2022 թվականին բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն: Մեր ընտանիքներին՝ սեր և հոգատարություն:   Թող գալիք տարին լինի մեր համազգային նպատակների իրականացման և հաղթանակների տարի։   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է նախարարի ուղերձում:
15:49 - 31 դեկտեմբերի, 2021
Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել էր նախարար Հակոբ Սիմիդյանը, ինքը պատրաստվում է պարբերաբար այցերի միջոցով մասնակցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի ընթացքին։ Այսօր Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: «Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը: Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:25 - 25 դեկտեմբերի, 2021
Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողության կիրականացվի Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողության կիրականացվի Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, «Սևան»ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ: Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։ «Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։ Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվոթյամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։ Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, մանրամասնվել են ընթացակարգերը, ժամանակացույցը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։
18:00 - 17 դեկտեմբերի, 2021
ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին և «Պարենային արժեշղթաներ» ծրագրի ղեկավարին

ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին և «Պարենային արժեշղթաներ» ծրագրի ղեկավարին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուին և «Պարենային արժեշղթաներ» ծրագրի ղեկավար Այվըրի Հեքեթ-Էվանսին։ Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում և կրկին կարևորել ծրագրի գործունեությունը մեր երկրում։   Կողմերը կարևորել են ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերի համապատասխանությունը Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թթ․ Ազգային մակարդակով սահմանված գործողություններին, Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին և ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով նախանշված՝ շրջակա միջավայրի ոլորտին առնչվող առաջնահերթություններին:   Նաննա Սկաուն անդրադարձել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, պարենային արժեշղթաների և պարենային ապահովությանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները մեծ սպառնալիք են պարենային անվտանգությանը, ուստի ՊՀԾ-ն աջակցում է կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։   ՊՀԾ-ն աջակցում է ՓՄՁ-ներին անցում կատարել արևային էներգիայի, այսպիսով՝ նպաստելով կանաչ էներգիայի անցմանը։ ՊՀԾ ներկայացուցիչն անդրադարձել է գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ՊՀԾ-ի կողմից իրականացվող գործունեությանը՝ նշելով, որ Սյունիքում ՊՀԾ-ի աջակցությամբ պլանավորվում են ոռոգել մեծ չափերի գյուղատնտեսական նշանակության հողեր։   Պարենային անվտանգության վրա կլիմայական ռիսկերի ազդեցությունը հասկանալու և աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ՊՀԾ-ն կարևորում է կլիմայի փոփոխության վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը։ Այս նպատակով, ՊՀԾ-ն ցանկություն է հայտնել աշխատել ՇՄՆ համապատասխան ներկայացուցիչների հետ՝ հավաքագրելու տվյալներ և մշակելու համապատասխան մեթոդաբանություն, որը համահունչ կլինի կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթություններին։   Անդրադառնալով պարենային արժեշղթաների ծրագրին՝ կողմերը կարևորել են հատկապես սննդի օգտագործման արդյունքում առաջացած թափոնների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կողմերը քննարկել են նաև Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը և հետագա համագործակցությունը։
22:19 - 15 դեկտեմբերի, 2021