Անցած տարվա փետրվարի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի առաջին գեոպարկի հիմնումը։ Infocom-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նշյալ գեոպարկի հիմնումը։
Ըստ նախարարության տրամադրած պատասխանի՝ 2020-21 թվականների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից պետական ֆինանսավորմամբ կատարվել են ապագա գեոպարկի սահմանների ճշգրտման և գեոսայթերի առանձնացման աշխատանքներ․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի ցանկին միանալու համար ՀՀ տարածքում գեոպարկերի ստեղծման պոտենցիալները և հնարավորությունները քննարկելու համար նախաձեռնել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետներ։ Խորհրդատվության և փորձի փոխանակման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերից պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագետներ ներգրավելու համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը գտնվում է մասնակից կառույցներից համապատասխան թեկնածուների ներկայացման փուլում»։
Անդրադառնալով գեոպարկի ստեղծման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո։
Գեոպարկի ստեղծման ընթացքի և մանրամասների վերաբերյալ Infocom-ը ավելի վաղ զրուցել էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ։
Գլխավոր լուսանկարում՝ ստեղծվելիք գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին
Նանե Ավետիսյան
comment.count (0)