Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը: «Առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց ՀՀ տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու՝ ՀՀ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,-ասաց նա: Այսպիսով` առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը ՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում):  Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց` որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի: Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում: «Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու հետախուզման մեջ գտնվող անձինք: Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, ապա դատարան»,-ասաց փոխնախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ՝ Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության  անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ՝ Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքով համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ 2 և ավելի անգամ:    
16:38 - 29 ապրիլի, 2021
Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Իհարկե ո՛չ, չգիտեինք, որովհետև դուք ինքներդ էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որը խախտվել է: Պատճառները հասանելի չեն: Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՛ւ է երեկ հայ ռազմագերիներին հայրենիք բերող օդանավը դատարկ եղել: Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում՝ գերիներին պահում են տարածքների դիմաց, Քոչարյանը պատասխանեց՝ գերիներին, առաջին հերթին, պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, և դա ոչ մի կապ չի կարող ունենալ տարածքների հետ, որովհետև «գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել»: «Գերիները իրողություն են, որը պետք է լուծել: Առաջին պատերազմից հետո մենք տևական ժամանակ էդպիսի խնդիրների մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքների լեզվով չէր գնում: Դա պրոցես էր, որը տարիներ էր տևում»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ գերիների մասին խոսողները «փակուղի են ստեղծում գերիներին օր առաջ Հայաստան բերելու համար»:  «Լուրերի» թղթակցի հարցին՝ ի՛նչ է անելու հայկական կողմը, եթե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, Քոչարյանը պատասխանեց. «Շարունակելու ենք գերիներին վերադարձնելու գործընթացը տարբեր ձևերով»: «Բազմիցս ասել եմ՝ գերիների հարցով բազմաթիվ տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Դրանք չերևացող գործընթացներ են: Երբ ասում ենք՝ խոսենք հակառակորդի հետ, հենց պետք է խոսել այնպես, որ զրկված լինի խաղացնելու հնարավորությունից: Երևացող արդյունքը նաև այն է, որ կան արդյունքներ, որը չի բավարարում ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև առաջին հերթին գերեվարվածների հարազատներին և ընտանիքի անդամներին: Դուք չնկատեցի՞ք, որ գերիների հարցը անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ արդյոք դա քա՞յլ էր Ռուսաստանի դեմ՝ Քոչարյանի պատասխանեց. «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը»: «Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություննե՞րն էլ պետք է ինչ-որ ձևով մասնակից լինեն այս խնդրի լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
13:09 - 09 ապրիլի, 2021
Պատգամավորներն առաջարկում են վերանայել 1000 դրամների հիմնադրամին վճարների չափը՝ մեղմելով քաղաքացիների ֆինանսական բեռը |1lurer.am|

Պատգամավորներն առաջարկում են վերանայել 1000 դրամների հիմնադրամին վճարների չափը՝ մեղմելով քաղաքացիների ֆինանսական բեռը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  Նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագծով փոփոխություններ են նախատեսվում 2020-ի դեկտեմբերին ընդունված օրենքում՝ փորձ անելով մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող անձանց, անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը:  Կառավարության առաջարկությամբ նախորդ տարեվերջին վերանայվեց 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը: Մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը:  Ֆիզիկական անձանց համար ևս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, օրինակ՝ 100001-ից մինչև 150000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300 000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաև 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն. դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը: Օրինագծի հեղինակների առաջարկությամբ, սակայն, նախագծի քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով: 
11:43 - 09 ապրիլի, 2021
Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|

Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|

hetq.am: 27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք: «Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հայտնեց, որ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: Ըստ Քոչարյանի` բոլորին հնարավորություն է տրվելու օր առաջ վերադառնալ Հայաստան և իրենց խնդիրները` քրեական պատասխանատվությանն առնչվող հարցերը լուծել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, և չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները: Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանն առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ երկու տարի ժամկետով: Նախագիծը, սակայն, հանվել էր շրջանառությունից լրամշակման նպատակով:
16:22 - 16 մարտի, 2021
Առաջարկվում է խստացնել պարտադիր զինծառայությունից և զորահավաքից խուսափելու պատժաչափը. լրամշակված նախագիծը կներկայացվի 1 ամսից |1lurer.am|

Առաջարկվում է խստացնել պարտադիր զինծառայությունից և զորահավաքից խուսափելու պատժաչափը. լրամշակված նախագիծը կներկայացվի 1 ամսից |1lurer.am|

1lurer.am: Ամեն տարի Ազգային ժողովը ներում է շնորհում 27 տարին լրացած, զինծառայություն չանցած քաղաքացիներին, որոնք սահմանված տարիքը լրանալուց հետո պետբյուջե են վճարում օրենքով նախատեսված գումարը՝ ազատվելով քրեական հետապնդումից:  «Մենք որոշեցինք նման մոտեցումը դադարեցնել և խնդրին տալ համակարգային լուծում՝ նախաձեռնելով փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Օրենքի ընդունմամբ կլուծվի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու խնդիրը, նրանք ոչ միայն կազատվեն քրեական հետապնդումից, այլև լիարժեք մասնակից կլինեն երկրի հանրային կյանքին»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը:  Նա հայտնեց, որ օրինագիծը շրջանառության մեջ է դրվել պատերազմից առաջ, սակայն պատերազմի ընթացքում նախագիծը չմտավ մեծ օրակարգ, և նոր փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ: «Առաջարկում եմ քննարկենք նախագիծը, բայց ձեզ խնդրում ենք ժամանակավոր հետաձգել լիագումար նիստի օրակարգ ներառելը՝ հնարավորություն ունենալով մեկ ամսում ներկայացնել լրամշակված նախագիծը»,- ասաց Քոչարյանը:  Նա ներկայացրեց կատարված փոփոխությունները: Ըստ նախագծի՝ վարժական հավաքից խուսափելը օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվելու է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Իսկ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, հայտարարված զորակոչից խուսափելը օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվելու է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով:  «Այս նախագծով գնում ենք խստացումների, այդ թվում՝ զորահավաքներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է 27 տարին լրացած անձին քրեական հետապնդումից ազատվելուց հետո գումար վճարելու փոխարեն ծառայության անցնել պայմանագրային հիմունքներով՝ 2 տարի ժամկետով և պետության կողմից վճարվել դրա դիմաց»,- պարզաբանեց Քոչարյանը:   Հարցը հեղինակների խնդրանքով չներառվեց լիագումար նիստերի օրակարգ:
12:24 - 15 հունվարի, 2021
Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|

Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի քննադատությամբ: Բայց նախ, նա առանց որեւէ մեկի անունը տալու հայտարարեց, որ հրաժարակների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու համար, եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Ըստ նրա, պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը եւ իր կատարած աշխատանքի արդյունքները, եթե ինքը չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն աշխատանքից՝ դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար: «Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտնի թեզը հնչեցնելով Քոչարյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44- օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»: Այնուհետեւ անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ պատգամավորն ասաց, որ այդ ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո, ըստ Քոչարյանի, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու եւ բանակը ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա Զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք: Ապա անցնելով գլխավոր շտաբի քննադատությանը՝ պատգամավորը նշեց, որ այն անընդունակ է եղել պատերազմը կանխատեսել, պլանավորել, ապահովել ու ղեկավարել, Պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպիսիք են օրինակ զրահաբաճկոնները եւ սաղավարտները, տապալվել է զորահավաքը: Եվ այս ամենի հետեւանքով, ըստ Քոչարյանի, ստեղծվել է այս իրավիճակը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:38 - 17 նոյեմբերի, 2020
Կառավարությանը տնտեսության զորահավաքային նոր պլան հաստատելու իրավասություն կտրվի

 |armenpress.am|

Կառավարությանը տնտեսության զորահավաքային նոր պլան հաստատելու իրավասություն կտրվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:  Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։
11:50 - 30 սեպտեմբերի, 2020
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

Սույն թվականի օգոստոսի 8-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում ունեցան ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ։ Առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ-ն DCAF-ի հետ համատեղ կատարել էր աշխարհի առաջատար երկրների քննիչ հանձնաժողովների վերաբերյալ համապարփակ հետազոտություն։ «Ինչպես գիտեք, շուրջ մեկ տարի՝ 2019 թվականի հունիս ամսից, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ ստանձնեց 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դերակատարումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ չունենալով ոլորտային նախադեպ, քննիչ հանձնաժողովը կատարեց իր խնդիրը և առանց քաղաքական շահարկումների, անաչառ իրականացրեց իր պարտականությունները։ Շուտով՝ սեպտեմբեր ամսին Հանձնաժողովը կներկայացնի այդքան սպասված եզրակացությունը՝ լիովին փաստարկված և հիմնավորված»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։Հանձնաժողովի նախագահը կարևորեց առաջատար երկրների հաջողված փորձը կապված քննիչ հանձնաժողովների աշխատանքի հետ։ «Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում քննիչ հանձնաժողովները պետք է շարունակ հարստացնեն իրենց գործիքակազմը՝ օրենսդրական նոր կարգավորումների տեսով՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատանք տանելու նպատակով» - նշեց նա։ Երկու զեկուցյները լսելուց հետո, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ չնայած քննիչ հանձնաժողովների գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրական շրջանակով, կա որոշակի լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ օրինակ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու հետ կապված։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կատարված ուսումնասիրությունները կներկայացվեն ԱԺ պետական և իրավական հարցերով հանձնաժողովին ևս, և դրա հիման վրա կկազմակերպվեն քննարկումներ։
14:10 - 26 օգոստոսի, 2020
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։ Պատգամավորները հետևեցին համավարակի պայմաններում հատուկ կազմակերպված զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, ծանոթացան զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին և առկա խնդիրներին։ Զինակոչիկները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել պատգամավորներին, վերջիններս էլ նրանց ներկայացրեցին համակարգում սպասվող բարեփոխումները։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև զորակոչի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների մասնագիտական կարողությունները հնարավորինս հաշվի առնելու հնարավորությունները։ Շրջայցի վերջում պատգամավորները բարի և խաղաղ ծառայություն մաղթեցին զինակոչիկներին՝ խոստանալով հետամուտ լինել բոլոր խնդիրների լուծմանը։
16:34 - 22 հուլիսի, 2020