Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց. Փաշինյան |news.am|
news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստը:
Նիստն անցկացվում է հարցուպատասխանի ռեժիմով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը հարցեր է առանձնացրել, և եթե Փաշինյանը համարի, որ որոշ հարցերի պատասխաններ գաղտնի տեղեկություններ են պարունակում, դրանք կքննարկվեն փակ ռեժիմով։ Քոչարյանը նաև նշեց, որ թեև ընդդիմությունից ներկայացուցիչ չկա նիստին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կներկայացնի այն հարցերը, որոնք ընդդիմադիրները հնչեցրել են այլ հարթակներում։
Առաջին հարցը վերաբերում էր բանակցային գործընթացին։ Քոչարյանը հարցրեց, թե որտեղից է սկսվել պարտությունը բանակցային գործընթացում։
Փաշինյանը նշեց․ «Կա վարկած, որ օրինակ, նույն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապ ունեն բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման հայեցակարգի հետ. սա վարկած է, որը մինչ օրս քրեաիրավական առումով ապացուցված ու հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ»։
«1994թ.-ին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է: Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, ՀՀ բնակչությունը էականորեն նվազեց: Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին: Սա կապ ունի անվտանգության, ռազմական բյուջեների հետ նաեւ:
Նաեւ գիտենք, որ 1997-1998-ին ԼՂ հարցը ներքաղաքական իմաստով շատ կարեւոր նշանակություն է ունեցել»,-ասաց նա:
10:23 - 27 հունիսի, 2023