ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ուսումնասիրության առարկա հանդիսացող գույքերի արժեքների գնահատման, անձանց ֆինանսական հոսքերի և մեխանիզմների պարզման, վերլուծության ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառման, վարչության աշխատանքների օպերատիվության, մասնագիտական ներուժի ավելացման նպատակով ներգրավված տնտեսագետների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացի պատշաճ իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող՝ պատկան այլ մարմիններից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության ստացման խնդիրներին:     ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: Հետևաբար անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավոււնքը, արդարացնել այդ ակնկալիքները: Չնայած վարչության հսկայական ծանրաբեռնվածությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը վարչության դատախազներին հանձնարարել է էլ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները՝ բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար:
15:53 - 19 փետրվարի, 2021
Իշխանության ներկայացուցչին զրպարտելու արարքը քրեականացնելը կարող է սահմանափակել քաղաքական դիսկուրսը |hetq.am|

Իշխանության ներկայացուցչին զրպարտելու արարքը քրեականացնելը կարող է սահմանափակել քաղաքական դիսկուրսը |hetq.am|

hetq.am: Հանրային ծառայողին զրպարտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծի նպատակն է պաշտպանել պետության համար աշխատող մարդկանց՝ անկախ նրանից՝ վերին, ստորին, թե՞ միջին օղակում է նա գտնվում: Նման համոզմունք հայտնեց գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը Մեդիա կենտրոնի հրավիրած առցանց քննարկմանը: Հիշեցնենք, որ դատախազությունը նախագիծը քննակման է ներկայացրել փետրվարի 17-ին: Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար): Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով (500 հազարից մինչև 3 միլիոն դրամ) կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ամիրյանն իր խոսքում վկայակոչեց եվրոպական երկրներ, ինչպես, օրինակ, Գերմանիան, Ավստրիան, որտեղ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված, ուստի, իր կարծիքով, այս առումով Հայաստանը հեծանիվ չի հորինել. խնդիրը պետք է հանրային հարաբերությունների տիրույթում դիտարկել: Կարեն Ամիրյանի խոսքով՝ դատախազության իրականացրած մշտադիտակումն այն եզրահանգման է հանգեցրել, որ հասարակությունում ատելության խոսքի, բռնության կոչերի և ոչ հարգալից վերաբեմունքի խնդիր կա, ուստի զրպարտությունը պետք է դիտարկել որպես հանրային բարձր վտանգավորության աստիճան ունեցող արարք՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն: Ըստ նրա՝ այն կլինի զսպող մեխանիզմ: Ամիրյանը նաև համոզմունք հայտնեց, որ հանրային ծառայողին վիրավորելը վիրավորանք է պետությանը: «Իրավունքի գերակայություն» ՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Ասատրյանը հակադարձեց՝ քրեական պատասխանատվություն սահմանելը բավական դաժան մեթոդ կլինի անձի նկատմամբ, որը ցանկացել է հայտնել իր կարծիքը, որքան էլ այն լինի զրպարտող կամ վիրավորական: Ըստ փաստաբանի՝ նման պատժամիջոցը կարող է առաջացնել վախի մթնոլորտ, ինչպես նաև՝ սահմանափակել քաղաքական դիսկուրսը: Վերջինս նաև չհամաձայնեց դատախազության ներկայացուցչի այն դիտարկման հետ, թե պաշտոնատար անձին վիրավորելը նույնականացվում է պետությանը վիրավորելու հետ: Դավիթ Ասատրյանը նաև ընդգծեց՝ ավելի շատ ավտորիտար պետություններն են կիրառում նման խիստ միջոցներ, ուստի սա ժողովրդավարությունից հետընթաց է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին այս քննարկումը դեժավյու թվաց, վերջինս հիշեց, որ նման քննարկումներ եղել են ավելի քան 10 տարի առաջ, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը: Մելիքյանի խոսքով՝ չնայած այն ժամանակ շատ ավելի ավտորիտար տարիներ էին, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների փաստարկներն ավելի հիմնավոր որակվեցին, և ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը: Ինչ վերաբերում է եվրոպական երկրների փորձին, Մելիքյանը պնդեց՝ երբ Հայաստանը Գերմանիայի կամ Ավստրիայի նման ժողովրդավարական ավանդույթներ կունենա, այդ ժամանակ այսքան ցավալի չի ընդունվի նման օրենսդրական առաջարկը: Ըստ նրա՝ նման պատժամիջոցները ակտիվ կիրառվելու են և լուրջ խոչընդոտ են հանդիսանալու խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության համար: ԽԱՊԿ նախագահն ընդծեց՝ բոլոր հարթակներում հանդիպում են վիրավորանքներ ու զրպարտություններ, սակայն դրա դեմ պայքարի շատ ավելի քաղաքակիրթ մեթոդներ կան, սակայն իշխանությունը չի ցանկանում նման աշխատատար պրոցես տանել: Մելիքյանի խոսքով՝ պետական պաշտոնյաները վերին արտի ցորեն չեն, հատուկ պաշտպանության կարիք չունեն:
14:51 - 19 փետրվարի, 2021
Դատարանը վերսկսում է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը. մեղադրյալի աթոռին Աղամալ Հարությունյանն է |1lurer.am|

Դատարանը վերսկսում է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը. մեղադրյալի աթոռին Աղամալ Հարությունյանն է |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվելու է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից Աղամալ Հարությունյանն է։ Նա, մեղադրվում է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով։ Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականին Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով վճռին ու ուղարկել նոր քննության։ Ըստ դատախազության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ գործով ականատես վկաների դիմումների եւ հարցաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի մասին էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին. «Այսինքն՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ»: Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
14:09 - 19 փետրվարի, 2021
Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

Ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2020 թ. գործունեության արդյունքները և պատերազմին վերաբերող քրեական գործերով քննությունների ընթացքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության  դեմ պայքարի արդյունքները, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020 թ. ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ: Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր: 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:   Մյուս կողմից՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նույնպիսի հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտմանը՝ ըստ կոնկրետ դեպքերի, իրավիճակների, ռազմական գործողությունների ուղղությունների՝ հատկապես շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած  հանցավոր պատճառների և պայմանների ամբողջացման վրա: Այս առումով Արթուր Դավթյանն առանձնացրել է առանցքային մի քանի ուղղություններ: Մասնավորապես՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, երկրորդ՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի համապատասխանությունը ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը, երրորդ՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման հետ կապված հանցավոր թերացումների, սխալների ի հայտ բերումը, դրանց համար պատասխանատու պաշոնատար անձանց գործողությունների իրավաչափության պարզումը, չորրորդ՝ կոնկրետ դեպքերում ու իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերը, դրանց պատճառները և առաջացրած հետևանքները: Գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել իրավական գնահատականները նաև հանցավոր դրսևորումների ընդհանրության մեջ տալը՝ պատերազմի ելքի վրա դրանց թողած ազդեցության տեսանկյունից:  Արթուր Դավթյանը քննարկման ժամանակ նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու՝ ՀՀ զինվորական դատախազությունում շարունակվող պրակտիկան:   ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է՝ առանձնահատուկ կարևորելով հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում հնարավոր կոռուպցիայի, զորահավաքային ռեսուրսների կառավարման ոլորտում տարված անբավարար աշխատանքների պատճառահետևանքային կապերի լիարժեք բացահայտումը: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020 թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:  ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695 ՀՀ դրամ վնասը: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ  վնաս: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է շուրջ 1.3մլրդ ՀՀ դրամ վնաս: Եվս 111մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասիներից:
16:55 - 18 փետրվարի, 2021
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020 թ․ մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարաված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա  ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016 թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:   Արդյունքում՝ 2008 թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 18 փետրվարի, 2021
Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  ՀՀ ՔԿ Շիրակի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո  ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի համայնքի (2017թ.-ի նոյեմբերից՝ Անի խոշորացված համայնքի) ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը: Արդյունքում, նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված՝ ընդհանուր զգալի չափերի գումարը: Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ Ա. Գ.-ն 2011թ. դեկտեմբերի 11-ին, առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկ քաղաքի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ: Այնուհետև, 2012թ.-ի հուլիսի 4-ին, Մարալիկ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը երբևէ դրանում չբնակված, վարձակալ իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին, որից հետո բնակարանը նվիրաբերության եղանակով անհատույց օտարվել է վերջինիս: Այդ կերպ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննությունը շարունակվում է: 
14:41 - 17 փետրվարի, 2021
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Տնտեսվարողներից առերևույթ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է. «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 26-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող սննդի կետում, ՀՀ ՊԵԿ տարածքային հարկային տեսուչ Ա. Պ.-ի կողմից, նույն սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց անմիջապես հետո վերջինս և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ա. Պ.-ի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ միասին հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 40.000 ՀՀ դրամը։ Դեպքի առթիվ 2021թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նույն օրը նշված տեսուչները ձերբակալվել են: Բացի այդ, թվով մի քանի տնտեսվարողների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունում հաղորդումներ են ներկայացրել առ այն, որ 2020-2021թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսուչների կողմից խախտումները չարձանագրելու և իրենց չտուգանելու համար, նրանց պահանջով տվել են տարբեր չափերի կաշառքի գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է շուրջ՝ 1.390.000 ՀՀ դրամ: Հիշյալ փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել են 3 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և միացվել են մեկ վարությում: ՀՀ ՀՔԾ-ում իրականավող նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա ի պաշտոնե ունենալով ունենալով հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու, իրավախախտումներ հայտաբերելու և դրանք արձանագրելու, հարկ վճարողների հարկային պարտավորությունների՝ ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն  ու կատարումը ապահովելու լիազորություններ, խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար մի շարք տնտեսավարողներից պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում խոշոր չափերի գումարներ։ Միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ենթադրյալ այլ դեպխքեր հայտնաբերելու, հանցավոր արարքները խմբի կազմում կատարված լինելու, տեսուչների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով»։
18:57 - 15 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը:
17:19 - 15 փետրվարի, 2021
Արարատի մարզում գործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ինքնակամ շինություն են. դատախազություն

Արարատի մարզում գործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ինքնակամ շինություն են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020 թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Ուսումնասիրություններ են կատարվել մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով  ծանրաբեռնված  հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների, ինչպես նաև ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտներում: Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, տարածքների օրիանականացման ուղղությամբ:    Մասնավորապես, մարզի տարածքում կառուցված և գործող ինքնակամ ձկնաբուծարանների ոլորտի ուսումնասիրության շրջանակներում հարցումներ են կատարվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իրենց համայնքների տարածքներում ձկնաբուծական տնտեսություններ ունեցող 12 ՏԻՄ-եր: Մարզի դատախազությունում կազմակերպվել է ձկնաբուծությամբ զբաղվող 45 տնտեսվարողների ներկայացուցիչների  ընդունելություն: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք: Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։ Ուսումնասիրության և նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի վրա ՍՊԸ-ի կողմից կառուցվել է 5 հա ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական՝ կազմված լճակներից և այլ ինքնակամ շինություններից: Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո Արարատի մարզի դատախազի կողմից նախազգուշացում է ուղարկվել Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ սահմանված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ: Դրա հիման վրա Սիսի համայնքապետարանում կազմակերպված հանդիպման արդյունքներով համայնքի ղեկավարի որոշմամբ ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն, ապա իրականացվել է նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի շրջանակներում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրության ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նաև Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500 քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15.000.000 ՀՀ դրամ գումար։ Ուսումնասիրության արդյունքներով մարզի մի քանի համայնքների մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վերաբերյալ պաշտոնատար համապատասխան անձանց կողմից հողերի վերահսկողության և պահպանման ոլորտում առերևույթ լիազորությունների չարաշահման հանգամանքները լրիվ, օբյետիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքին իրավական գնահատական տալու նպատակով Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր:
14:06 - 13 փետրվարի, 2021
Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|

Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|

armtimes.com: Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնացկությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նշվում էր, որ 12 ոստիկան կես ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի: Այս կապակցությամբ պարզաբանմամբ են հանդես եկել գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության ՃՈ երեք տեսուչների և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021թ. հունվարի 21-ին:   «Ավելացնեմ նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո դատախազի համաձայնությամբ այդ տեսուրչների պաշտոնավարումը կասեցվել է: Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը: Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»»,-գրել է Աբրահամյանը: ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի նախաքննությունն ավարտվել է, և գործը դատաքննության փուլում է։ «Կոչ ենք անում չխեղաթյուրել իրականությունը. ոստիկանությունն ամենաշահագրգիռն է միջադեպի օբյեկտիվ իրավական գնահատման հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հավելենք, դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց:  Նշենք, որ այս գործով մեղադրյալներն են՝  ՃՈ ոստիկաններ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
12:45 - 12 փետրվարի, 2021
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել
 |1lurer.am|

Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: «Չնայած քրեական գործով մեղադրյալ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության դատական քննության վերաբերյալ դատախազության պարզաբանումներին, առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Վ. Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով: Հերթական նման փորձը կատարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ: Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ. Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական և հիմնավոր որոշման մեջ, ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաև՝ օրենքով սահմանված կալանավորման ՄԻ ՔԱՆԻ հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաև վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ:   Ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Վ. Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:   Այսուհանդերձ՝ ելնելով նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Վ. Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:
19:44 - 10 փետրվարի, 2021
Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող անձանց չկալանավորելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|

Կառավարության շենքը զավթելու փորձի մեջ մեղադրվող անձանց չկալանավորելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, սակայն, մերժվել են։
19:28 - 10 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021թ.-ի գործունեության առաջնահերթությունները: Մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող քրեական վարույթների ընթացքին, դրանց վրա պատերազմի և դրա հետևանքների թողած  ազդեցությանը, դրանց հաղթահարման միջոցներին: Համակողմանի քննարկման առարկա են դարձել հետպատերազմյան շրջանում զինված ուժերի վերափոխումների համատեքստում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում հանցավորության վիճակի վերահսկելիության և այս համատեքստում զորամիավորումների ղեկավարության հետ գործակցության խնդիրները:     Արձանագրելով, որ 2020թ.-ը ծանրագույն տարի էր նաև Արցախում ծառայություն իրականացնող քրեական հետապնդման մարմինների և դատախազության ստորաբաժանումների համար՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պատերազմի ամբողջ ընթացքում իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ծառայողական պարտքը բարեխղճորեն և մեծ նվիրումով իրականացրած կայազորների դատախազության աշխատակիցներին: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն հետաքրքրվել է նաև պատերազմի նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով և տվել է դրանցով վարվող քննությունների օպերատիվությանը, համակողմանիությանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես,  Արթուր Դավթյանը խստիվ շեշտել է ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված, անհետ կորած կամ ռազմագերու կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող զինծառայողների հարազատների կողմից ներկայացված պատերազմական գործողությունների տարբեր դրվագները, տարբեր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև սոցիալական հարթակներով, զարգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ մանրամասն քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և քննությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառել դատախազական ներգործության՝ օրենքով նախատեսված  հնարավոր բոլոր միջոցները, հատկապես՝ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ տալու, հաղորդումներ ներկայացնելու, իրավասու մարմիններից վերաբերելի և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները պահանջելու և ստանալու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կայազորների գործունեությանն առնչվող նաև այլ հարցեր:
13:25 - 10 փետրվարի, 2021
ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝  իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:   
11:22 - 09 փետրվարի, 2021
Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020 թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը, մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2020 թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019 թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը: 2020 թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 13-8: Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ 19-31: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:      2020 թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:  Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019 թ., սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով՝ 17-15: Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:               Մարզի տարածքում 2020 թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով կամ գրեթե 4.5 անգամ. 2019 թ. 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021 թ. ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամաբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020 թ.՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021 թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:          Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
13:24 - 08 փետրվարի, 2021