Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|
12:45 - 12 փետրվարի, 2021

Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքը ամիսների վաղեմություն ունի. գործը դատարանում է |armtimes.com|

armtimes.com: Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնացկությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նշվում էր, որ 12 ոստիկան կես ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի: Այս կապակցությամբ պարզաբանմամբ են հանդես եկել գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության ՃՈ երեք տեսուչների և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021թ. հունվարի 21-ին:

 

«Ավելացնեմ նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո դատախազի համաձայնությամբ այդ տեսուրչների պաշտոնավարումը կասեցվել է:

Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը:

Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»»,-գրել է Աբրահամյանը:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի նախաքննությունն ավարտվել է, և գործը դատաքննության փուլում է։

«Կոչ ենք անում չխեղաթյուրել իրականությունը. ոստիկանությունն ամենաշահագրգիռն է միջադեպի օբյեկտիվ իրավական գնահատման հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց: 

Նշենք, որ այս գործով մեղադրյալներն են՝  ՃՈ ոստիկաններ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել