ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Կփոխհատուցվի պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների սովորող երեխաների ու ամուսինների ուսման վարձը |1lurer.am|

Կփոխհատուցվի պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների սովորող երեխաների ու ամուսինների ուսման վարձը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության որոշմամբ կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը: Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ երաշխավորվում է ուսանողների միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս ֆինանսավորումը: Շահառուներն են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, և եթե ամուսիններից որևէ մեկն է մասնակցել պատերազմին: «Ովքեր կզորացրվեն, կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, իրենց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատվի համապատասխան լիազոր մարմինների տեղեկանքներով»,- նշեց Դումանյանը: Եթե ուսանողն արդեն վճարել է վարձը, ապա այն կփոխանցվի հաջորդ կիսամյակի համար՝ մանրամասնեց նախարարը: 
11:26 - 10 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծը
 |armtimes.com|

ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծը |armtimes.com|

armtimes.com: Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում նոր վրդովմունքի և խիստ քննադատության առարկա  դարձած «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագծի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական  Սամվել Կարաբեկյանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը անդրադարձան նախագծի հետ կապված որոշ դրույթների, պատասխանեցին մտահոգիչ մի շարք հարցերի: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե օրենքի նախագիծը հապշտապ է ուղարկվել Ազգային ժողով՝ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ վերջին տարիներին մշտապես քննարկման է դրվել նախագիծը, հետեւապես կրթական համակարգի առջեւ դրված խնդիրների լուծման տեսանկյունից անգամ ինչ-որ տեղ ուշացած օրենք է: Փաթեթը անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկելու նախաձեռնությունը եղել է դեռեւս օրենքի մշակման նախորդ փուլերում: Ըստ նրա, թյուրըմբռնման արդյունք է այն շահարկումը, որ դա կապված է այսօրվա իրավիճակի հետ կամ այնպիսի խնդրի հետեւանք է, որը պարտադրում է նման հապշտապություն: Հարցին, թե արդյոք հաշվի են առել այն մտահոգությունները, որ նախագծի պատճառով վտանգի տակ է հայտնվել բուհերի ակադեմիական ինքնավարությունը, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ ակադեմիական ինքնավարության առումով մեր բուհերը բավական ինքնավար են, այլ բան է, թե որքանով են նրանք օգտագործում իրենց տրված գործառույթները: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատություններին, բուհը, բավականաչափ ինքնավար լինելով, չի կարողանում ինքավարությունը տարածել ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների,  հետազոտողների վրա: Ուսումնական պլաններում, նրա դիտարկմամբ, կան բավականին բյուրոկրատական գործընթացներ, եւ դա անմիջապես անդրադառնում է ակադեմիական ազատության իրացման վրա: Անգամ բուհական հանրության հիմնական պահանջները ուղղված են դեպի պետություն, բայց ուղղված չեն համալսարանի ներսում իրենց իսկ վերապահված իրավունքները իրականացնելուն: «Սա շատ կարեւոր խնդիր է, որի իրականացման համար օրենքի նախագիծը ոչ թե սահմանափակում է ակադեմիական ազատությունները, այլ  ինստիտուցիոնալ որոշակի հիմքեր է ստեղծում դրանց արդյունավետ իրականացման համար»,- ասաց նախարարի խորհրդականը: Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ավելացրեց, որ բուհական ինքնավարությունը պարզապես մեկ ցուցիչ է, որով գնահատվում է տվյալ երկրի բուհական համակարգի ինքնավարությունը. «Ես կասեմ, որ այս օրինագիծը ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, բայց մի քանի քայլ առաջ է տանում դեպի ակադեմիական բուհական ինքնավարություն, այստեղ պետք  է կարողանանք պետություն-լիազոր մարմին-բուհ հավասարակշռությունը ապահովել, որը կբերի արդյունավետ կառավարման: Մեր պետությունը որդեգրել է, որ աստիճանաբար պետք է ընդլայնի այդ  ինքնավարությունը: Հաջորդ ցուցիչները՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու, ուսանողներ ընտրելու, ծրագրեր  ներդնելու, դադարեցնելու իրավասություններն են, որոնք իրականացվում են օրենքի շրջանակներում»: Բուհերը քաղաքական վերահսկողության տակ առնելու մտավախություններին ի պատասխան՝ Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ մտահոգությունները առավելապես նախագծի այս անցումային դրույթին են վերաբերում, որի մեջ որեւէ անանցանելի խնդիր չկա: Խոսքը բուհերում մինչեւ հինգ տարի ժամկետով ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հնարավորությունն ամրագրելու մասին է, ինչը անհամաձայնության մեծ ալիք էր բարձրացրել։ Կարաբեկյանը նշեց, որ մի շարք երկրներում գործում է այդ մեխանիզմը, ընդ որում՝ ոչ միայն անցումային դրույթի ձեւով, այլեւ կա պրակտիկա. պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որեւէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատությունները, չի միջամտում բուն ակադեմիական պրոցեսին, ինչը,  ցավոք սրտի, հիմա մենք տեսնում են  ամեն քայլափոխի: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
22:05 - 09 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունը: ԿԳՄՍ նախարարը, փաստելով պատերազմի և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերը, առաջարկել է դիտարկել մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը: «Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվում: Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և հակասում է համամարդկային արժեքներին»,- ասել է Վ. Դումանյանը և հավելել, որ հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններում ակնկալում է նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:   Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը և Հայաստանին օգնել հնարավորինս արագ հաղթահարել հետպատերազմյան շրջանի դժվարությունները:  Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, քննարկել ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունն այդ բնագավառներում կայուն զարգացում ապահովելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը և այս տեսանկյունից ևս կարևորվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:55 - 09 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը: Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության և պաշտպանության, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին: Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, և Իտալիան այդ առումով երկրորդ օրակարգ չունի»,- հավելել է նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարևոր գործընթացում: Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության արդյունքները. «Կենտրոնի հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»: «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարևոր ծրագրին աջակցելու և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը և Բոլոնիայի համալսարանին։ «Չնայած COVID-19-ի և պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջև դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,- փաստել է կենտրոնի տնօրենը:
10:55 - 09 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:  Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը: ԿԳՄՍ նախարարը փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ. «Կան բոլոր նախադրյալները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր կայացած համագործակցությունը նաև հետայսու շարունակելու և ընդլայնելու համար: Հետպատերազմյան շրջանի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունների հաղթահարման ու ներկայիս մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից մեր արդյունավետ համագործակցությունը խիստ կարևոր է»: ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել համագործակցության շարունակության պատրաստակամությունը. «ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում մեր հիմնական գործընկերներից է: Պատրաստ ենք գործադրել հնարավոր բոլոր ջանքերը համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար: Մենք վերանայում ենք մեր՝ բարեփոխումների առաջիկա 5 տարիների ծրագրերը՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով ՀՀ Կառավարության որդեգրած ռազմավարություններին»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության շրջանակի ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
19:43 - 08 դեկտեմբերի, 2020
Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսկմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։ Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝  Կենտրոն Արաբկիր Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդիվ դիտարկված խախտումներն արդեն շտկվել են։ Միայն Երևանում սեպտեմբերից մինչ օրս դիտարկվել է ավելի քան 50 մանկապարտեզ, շուրջ 140 դպրոց․ վերջիններից 49-ի մոտ՝ կրկնայց։ Դպրոցներն արձակուրդների ընթացքում բավականին լավ են կազմակերպել covid-անվտանգության միջոցառումները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու հիմնականում նշանակված են բուժքույրերը, որոնք և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասին տրամադրվել են զգալի քանակով ախտահանիչներ, որոնք ունեն ճիշտ մակնշում։ Դասերի ընթացքում փորձ է արվում աշակերտների տեղաշարժը դասարանից դասարան հնարավորինս կրճատել։ Դիդակտիկ նյութերի կիրառումը սահմանափակվել է։ Ընդհանուր առմամբ՝ սանիտարահամաճարակային առումով կշիռ ունեցող խախտումներ չեն արձանագրվել։ Դրանք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն և ենթակա են տեղում շտկման։ Թերություններից են, օրինակ, այն, որ որոշ տեղերում իրազեկման թերթիկները եղել են դեռ պարետի սահմանած ձևանմուշով։ Նկատվել է, որ դպրոցներն առավելապես առաջնորդվում են ուղեցույցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանի։ Անակնկալ դիտարկումների ընթացքում պատահականության սկզբունքով բացվում և նայվում են դասարանները, աշակերտների նստեցման կարգը, դիմակների կրումը։ Դիտարկվում են անգամ դիմակների համար նախատեսված աղբամանները՝ պարզելու՝ արդյո՞ք իրականում դիմակները փոխվում են մի քանի ժամը մեկ։ Covid-անվտանգության կանոնների ամենօրյա հսկողության դրական պատկեր է դիտարկվել նաև մանկապարտեզներում և մասնավոր դպրոցներում։ Ընդ որում՝ մանկապարտեզներում հակահամաճարակային ռեժիմը պահպանվում է առավել խստորեն ու զգուշավորությամբ։ Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԱԱՏՄ համաճարակաբանները նաև մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում։
16:48 - 08 դեկտեմբերի, 2020
Նախագծում իսպառ բացակայում է բուհերում արհմիությունների մասնակցությունը բուհերի խորհուրդներում. Հայտարարություն

Նախագծում իսպառ բացակայում է բուհերում արհմիությունների մասնակցությունը բուհերի խորհուրդներում. Հայտարարություն

ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հայտարարությունում սվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների (պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տեխնիկան անձնակազմ) ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը: Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների եւ ակադեմիական խորհուրդներում: Նախագծում ընդհանրապես չի հիշատակվում ռեկտորների կողմից կոլեկտիվ պայմանագիր կնքելու լիազորության մասին, ինչպես նաեւ չի ընդգծվում բուհերում գործող արհմիություններում եւ մասնագիտական միություններում միավորվելու աշխատողների իրավունքը: Ինչը հավելյալ խթան կհանդիսանա բուհերում գործող արհմիությունների դերակատարության բարձրացմանը՝ նպաստելով բուհական համակարգի աշխատողների աշխատանքային եւ մասնագիտական իրավունքների արդյունավետ պաշտպանության ավելացմանը: Ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել վիճահարույց դրույթ՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ: Փաստացի, նախարարը կարող է մինչեւ հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։ Այս դրույթը իսպառ ոչնչացնում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտության ոլորտի աշխատակիցների օրինական շահերը: ՀՀ բուհերի արհմիությունների կողմից թվարկված բոլոր թերությունները մատնանշվել են, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, ցավոք սրտի բոլորը առաջարկները մնացել են անպատասխան։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից եւ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյակ օրենքի նախագիծը լրամշակելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված հնարավորությունների շրջանակներում իրականացնել  գործողություններ հիշյալ օրենքի նախագծի ընդունումը կանխելու համար:
10:43 - 08 դեկտեմբերի, 2020
ՀԽ-ն պնդում է բուհական կրթության և գիտության զարգացման մասին առանձին օրենքների անհրաժեշտությունը

ՀԽ-ն պնդում է բուհական կրթության և գիտության զարգացման մասին առանձին օրենքների անհրաժեշտությունը

Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով որ վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում վրդովմունքի և խիստ քննադատության առարկա է դարձել այդ օրենքի վերջնական նախագիծը: Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից, ՀԽ-ն նաև պնդել է նշված օրենքի փոխարեն տարանջատ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին առանձին օրենքներ ունենալու անհրաժեշտությունը։ Հանրային խորհրդի փաստաթղթում նշված է. «Ինչպես  բուհերի և գիտական հիմնարկների ժողովներում, այնպես էլ Հանրային խորհրդի Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովում՝ ԿԳՄՍ-ի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, երկու անգամ քննարկվել է վերոհիշյալ օրենքի նախագիծը, հնչած առաջարկություններն ու դիտողություններն էլ  երկու անգամ ուղարկվել են նախարարություն, որոնք որևէ կերպ հիշատակված չեն ներկայացված առաջարկություններում: Ըստ երևույթին  անօգուտ, քանի որ դրանցից ամենակարևորները, որոնք վերաբերում են բուհի ինքնավարությանը, ակադեմիական ազատություններին, գիտական հիմնարկների անկախությանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին և այլն, մնացել են նույնը: Արդյունքում, ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում «անհետաձգելի և չզեկուցվող» ձևաչափով «հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ» Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերջնական նախագիծը, որի  մեջ կատարված որոշ կարևոր բովանդակային փոփոխություններ  հանրային քննարկման չեն էլ դրվել: Ի դեմս այդ փաստաթղթի,  ստացել ենք մեր երկրի ժողովրդավարական հիմքերը թուլացնող օրենքի նախագիծ, որը վտանգում է գիտական և բուհական ոլորտների ինքնավարությունն ու ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունն ու շահառուների մասնակցային իրավունքի իրացումը, զրկում է բուհերի ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, նաև գիտական հանրությանը իրենց աշխատանքային  կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից: Ելնելով վերոշարադրվածից՝ Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  նշում են, որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը: Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները  գտնում են.   Ազգային ժողովից հետկանչման ենթակա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Ստեղծել բուհական կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքների նախագծեր՝ ոլորտների շահառուների և պրոֆեսիոնալների մասնակցությամբ, հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները, որոնց վրա նույնպես մասնագետներ են աշխատել: Պնդում ենք մեր նախկին առաջարկության վրա, տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին: Պատերազմը ցույց տվեց, որ մեզ անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, ռազմաարդյունաբերական հզոր համալիր ստեղծելու հայեցակարգ, որը պիտի հիմնվի մեր երկրի գիտական և արդյունաբերական ներուժի վրա: Վերջ տալ հանրային քննարկումների տեսլական ստեղծելու, հանրության առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն իբր հաշվի առնելու, այլընտրանքային կարծիքները կոպտորեն խլացնելու, և սուտը պետական գործելակերպի բաղադրիչ դարձնելու արատավոր պրակտիկային»:
19:49 - 07 դեկտեմբերի, 2020
Հաստատվել են դպրոցական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը․ ԿԳՄՍՆ

Հաստատվել են դպրոցական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են դպրոցականների 2020-2021 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։      Համաձայն ընթացակարգերի՝ օլիմպիադաների բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում, երկրորդ փուլը՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/, իսկ երրորդ փուլը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրերում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները`  հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների /Երևանում՝ քաղաքապետարանի/ դիպլոմներով և գովասանագրերով: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:  Օլիմպիադաների վերաբերյալ տեղեկությունները  տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:
17:12 - 07 դեկտեմբերի, 2020
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծում առկա են բուհերի ինքնակառավարման սահմանափակման դրույթներ․ ԵՊԲՀ գիտական խորհուրդ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծում առկա են բուհերի ինքնակառավարման սահմանափակման դրույթներ․ ԵՊԲՀ գիտական խորհուրդ

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողները և ուսանողները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ Կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում  ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը: Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի՝ մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։ Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները: Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը: Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով: Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ «...աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»: Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով: Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական: Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ: Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։ Եզրահանգելով կոչ ենք անում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների»:        
21:57 - 06 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.  «(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։ Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:  Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը: Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում  ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։  Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։ Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։    
13:36 - 06 դեկտեմբերի, 2020
Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն․ Սերոբ Խաչատրյան |hetq.am|

Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն․ Սերոբ Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Մեր հասարակության բոլոր հատվածներն ունեն իրենց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում, ընդ որում՝ նաեւ կրթության համակարգը», - Մեդիա կենտրոնում հրավիրված վեբինարի ընթացքում հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա խոսքով, կրթության համակարգ ասելով, հասկանում են ոչ միայն ֆորմալ կրթությունը, այլեւ ավելի լայն՝ հանրային կրթության մակարդակը եւ կրթությունը՝ որպես արժեք։ Մասնագետի պնդմամբ՝ այս ոլորտում եղել են բազմաթիվ բացթողումներ, որոնցից մեկն էլ այն է, որ համակարգը չի դիտվել որպես ամբողջական եւ փոփոխություններ անելիս եղել են միայն առանձին հատվածներում, օրինակ՝ բուհ ընդունվելու կարգը, քննությունները։ «Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն, թղթե, որովհետեւ թղթի վրա ահագին բան կա գրված, բավականին առաջադեմ, զարգացած երկրների փորձից վերցված, բայց իրականության մեջ այդ ամենը բացակայում է», - նշեց Սերոբ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ վերջին տարում նաեւ կաղել են թղթեր ստեղծելու գործունեությունից, որովհետեւ չի ստեղծվել կրթության զարգացման ռազմավարություն։ Ըստ Խաչատրյանի՝ պլանավորվում էր այս տարի ներկայացնել կրթության փոփոխության վերաբերյալ ռազմավարական պլանը, բայց երկրում ստեղծված իրավիճակի հետեւանքով կրթությունը մղվել է երկրորդ պլան։ Կրթության փորձագետը վստահեցնում է՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների միավորումը բերեց նրան, որ նախարարությունը դարձավ ավելի ծանրաշարժ, հանրության կողմից թիրախավորված։ «Մենք մի վիճակում ենք, որ համակարգը չի աշխատում եւ դու բեռը մեծացնում ես, ավելի ծանր իրավիճակի մեջ ես ընկնում», - ասաց նա։ Անդրադառնալով համակարգի բացթողնումներին՝ Սերոբ Խաչատրյանը պնդեց, որ չի կարեւորվել հանրակրությունը՝ նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը, նախարարները եղել են ոչ թե հանրակրթության մասնագետներ, այլեւ դասախոսներ, ընդ որում՝ կուսակցական առաջնորդներ, բացառությամբ ներկայիս նախարարի։ «Եթե դու չունես նախադպրոցական նորմալ համակարգ, եթե քո երկրում երեխաների առաջին կեսը կյանքի առաջին տարիներին չի սովորում, չի գնում մանկապարտեզ, դու արդեն մեծ հարվածի տակ ես դնում կրթությունը, երբ դպրոցական համակարգում անհասկանալի է ՝ ինչ է կատարվում, քաոս է, ապա որեւէ շանս չունես համակարգը զարգացնելու համար։ Պետք է մտածենք, որ նախարարության ղեկավար կազմում, գոնե առաջին տարիներին լինեն հանրակրթության մասնագետներ, պետք է մեզ նաեւ հասարակության հետ աշխատանք», - ասաց Խաչատրյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:21 - 05 դեկտեմբերի, 2020
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետները կերկարաձգվեն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների  վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է. -քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչև 2021 թվականի մարտ ամիսը, - եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի  ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի, -պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում, այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին»: 
19:29 - 04 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»:   Խորհրդի անդամները, իրենց նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով նախարարին, ներկայացրել են, ըստ իրենց, նախագծում տեղ գտած խնդրահարույց որոշ կետեր: Ըստ այդմ՝ նշվել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանվել է բուհերի լիցենզիաների գործողության դադարեցման ժամկետ, այն է՝ բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: Խորհրդի անդամների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դադարեցվելու լիցենզիաների գործողությունը: Հաջորդ խնդրահարույց հարցը, որ բարձրաձայնել են խորհրդի անդամները, վերաբերել է անցումային դրույթներում սահմանված այն կետին, ըստ որի՝ կառավարման խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նախագծով մինչ նոր կառավարման խորհուրդների ձևավորումը գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, ինչպես նաև մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Ռեկտորների խորհրդի անդամների դիտարկմամբ՝ այս պարագայում չեն գործում նշանակված ռեկտորի նկատմամբ օրենքով սահմանված մի շարք կետեր, այն է՝ ընտրության կարգ, որակավորման նվազագույն չափանիշներ, խորհրդի կողմից ռեկտորին անվստահություն հայտնելու մեխանիզմի բացակայություն: Անդամները մտահոգիչ են համարել նաև օրենքի նախագծում բուհերի՝ ամրագրված պարտադիր ծրագրային հավատարմագրումը՝ ընդգծելով, որ այն ֆինանսական մեծ բեռ կդառնա բուհերի համար: Ըստ խորհրդի անդամների՝ բուհերը պետք է անցնեն նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, և վերոնշյալ գործընթացների համար ի հայտ կգա նաև կադրային ռեսուրսի խնդիր: Խորհրդի անդամները բարձրացրել են նաև ռոտացիոն սկզբունքի, լրիվ և մասնակի ծանրաբեռնվածության, գիտական աստիճանների շնորհման և ճանաչման, վկայագրի տրամադրման, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության բացառման, բուհերի ռեյտինգավորման, խորհուրդների կազմերի ձևավորման և այլ հարցեր:   Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի նախագիծն անցել է համապատասխան բոլոր օղակներով և արժանացել ՀՀ կառավարության հավանությանը. օրենքը վերջնական կընդունվի Ազգային ժողովի կողմից: Նախարարը նշել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, որոնք, ինչպես նաև ակադեմիական շրջանակի կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ կքննարկվեն Ազգային ժողովում: «Պետական բուհերի հիմնադիրը պետությունն է, և բացառելով կոլեկտիվ անպատասխանատվության հնարավոր դրսևորումները՝ պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր պետական բուհի արդյունավետ գործունեության համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունը ես համարում եմ անվստահության մթնոլորտի ջախջախումը և հաշտության հաստատումը: Մենք՝ բոլորս, մեկ միասնություն ենք, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ վերացնելու բուհերում անառողջ մթնոլորտը և հասնելու համերաշխության»,-շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը ներկա նախարարության պատասխանատուները հանգամանալի անդրադարձել են ռեկտորների խորհրդի անդամների բարձրաձայնած բոլոր մտահոգություններին ու դիտարկումներին՝ առաջարկելով դրանք դեկտեմբերի 7-ին գրավոր ներկայացնել լիազոր մարմին:
19:12 - 04 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Երևանի պետական համալսարանի դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեկանները հայտարարություն են տարածել, որը հրապարակել է «ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ անձինք. Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ
15:55 - 04 դեկտեմբերի, 2020