Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն․ Սերոբ Խաչատրյան |hetq.am|
21:21 - 05 դեկտեմբերի, 2020

Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն․ Սերոբ Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Մեր հասարակության բոլոր հատվածներն ունեն իրենց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում, ընդ որում՝ նաեւ կրթության համակարգը», - Մեդիա կենտրոնում հրավիրված վեբինարի ընթացքում հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով, կրթության համակարգ ասելով, հասկանում են ոչ միայն ֆորմալ կրթությունը, այլեւ ավելի լայն՝ հանրային կրթության մակարդակը եւ կրթությունը՝ որպես արժեք։ Մասնագետի պնդմամբ՝ այս ոլորտում եղել են բազմաթիվ բացթողումներ, որոնցից մեկն էլ այն է, որ համակարգը չի դիտվել որպես ամբողջական եւ փոփոխություններ անելիս եղել են միայն առանձին հատվածներում, օրինակ՝ բուհ ընդունվելու կարգը, քննությունները։

«Այսօր Հայաստանն ունի թղթե կրթություն, թղթե, որովհետեւ թղթի վրա ահագին բան կա գրված, բավականին առաջադեմ, զարգացած երկրների փորձից վերցված, բայց իրականության մեջ այդ ամենը բացակայում է», - նշեց Սերոբ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ վերջին տարում նաեւ կաղել են թղթեր ստեղծելու գործունեությունից, որովհետեւ չի ստեղծվել կրթության զարգացման ռազմավարություն։ Ըստ Խաչատրյանի՝ պլանավորվում էր այս տարի ներկայացնել կրթության փոփոխության վերաբերյալ ռազմավարական պլանը, բայց երկրում ստեղծված իրավիճակի հետեւանքով կրթությունը մղվել է երկրորդ պլան։

Կրթության փորձագետը վստահեցնում է՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների միավորումը բերեց նրան, որ նախարարությունը դարձավ ավելի ծանրաշարժ, հանրության կողմից թիրախավորված։ «Մենք մի վիճակում ենք, որ համակարգը չի աշխատում եւ դու բեռը մեծացնում ես, ավելի ծանր իրավիճակի մեջ ես ընկնում», - ասաց նա։

Անդրադառնալով համակարգի բացթողնումներին՝ Սերոբ Խաչատրյանը պնդեց, որ չի կարեւորվել հանրակրությունը՝ նախադպրոցական եւ դպրոցական կրթությունը, նախարարները եղել են ոչ թե հանրակրթության մասնագետներ, այլեւ դասախոսներ, ընդ որում՝ կուսակցական առաջնորդներ, բացառությամբ ներկայիս նախարարի։

«Եթե դու չունես նախադպրոցական նորմալ համակարգ, եթե քո երկրում երեխաների առաջին կեսը կյանքի առաջին տարիներին չի սովորում, չի գնում մանկապարտեզ, դու արդեն մեծ հարվածի տակ ես դնում կրթությունը, երբ դպրոցական համակարգում անհասկանալի է ՝ ինչ է կատարվում, քաոս է, ապա որեւէ շանս չունես համակարգը զարգացնելու համար։ Պետք է մտածենք, որ նախարարության ղեկավար կազմում, գոնե առաջին տարիներին լինեն հանրակրթության մասնագետներ, պետք է մեզ նաեւ հասարակության հետ աշխատանք», - ասաց Խաչատրյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել