Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։ Շարունակությունը՝ tert.am կայքում
10:31 - 25 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

 ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: «ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմոլորտ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
14:42 - 24 սեպտեմբերի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
13:10 - 24 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը:
10:14 - 24 սեպտեմբերի, 2021
Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։ Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
09:45 - 24 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանն այսօր էլ շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն այսօր էլ շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ. Արարատ Միրզոյան

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, բարձր եմ գնահատում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը: Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում: COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը: Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը: COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում: Շնորհակալություն»:
22:38 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ «Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։  
20:36 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
12:14 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
11:40 - 23 սեպտեմբերի, 2021
ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը քննարկել են այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Այդ մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն, ինչ ուղերձներ էին փոխանցվել մյուս կողմին ու ինչ արձագանք էր տվել սլովակական կողմը։  Որպես տեղեկատվության տրամադրման մերժման պատճառաբանություն ԱԳՆ-ն նշում է, որ չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը՝ ելնելով «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետից («Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»)։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին սլովակական Dennik N թերթի լրագրող Վլադիմիր Շնիդլը հոդված էր հրապարակել Ադրբեջանի կողմից Սլովակիայից Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների ձեռք բերման մասին: Լրագրողը պարզել էր, թե ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա էր տրամադրել, իսկ դրանք տարանցել էին Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացրել էր այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը:  Սլովակիայում այդ ժամանակ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հրապարակայնորեն քննադատության էր ենթարկել Սլովակիայի գործելակերպը։ «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- նշել էր Սեյրանյանը: Զենքի արտահանման ետևում կանգնած էր եղել սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ էին ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է եղել, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն էր, որը նույնիսկ չէր էլ ժխտում այդ փաստը` ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ: Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում էր այդ երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Սլովակիան նշում էր, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որը 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:09 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ: Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության ստանձման համատեքստում: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ներառականության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
22:46 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը: Ինչպես ասվում է հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
22:38 - 22 սեպտեմբերի, 2021
ԱԳ նախարարը Լիտվայի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

ԱԳ նախարարը Լիտվայի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կայունության հաստատմանը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։  
20:32 - 22 սեպտեմբերի, 2021
Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, որոնք կառուցված են հինավուրց պատմական և մշակութային կապերի հիմքի վրա», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, Բուլղարիան, ըստ Սվետլան Ստոևի, ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ՝ հանուն բուլղար և հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության: «Համոզված եմ, որ մեր Արտգործնախարարությունների միջև հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր և կառուցողական զարգացման գործում», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ առողջություն և ամենայն բարիք մաղթելով իր հայ գործընկերոջը:
19:57 - 21 սեպտեմբերի, 2021
Սերգեյ Լավրովը  Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Սերգեյ Լավրովը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Իր ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է. «Մեծարգո Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման և իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով: Հույս ունենք, որ Մոսկվայի և Երևանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում ևս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը: Մեծ կարևորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հագեցած երկխոսությանը և հաճույքով արձանագրում ենք երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում և արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում: Հարգելի՛ Արարատ Սամվելի, Ձեզ և Հայաստանի ԱԳՆ-ի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն հաջողություններ»:
19:46 - 21 սեպտեմբերի, 2021
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:   «30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, արձանագրվեց մեր կամարտահայտումը՝ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն՝ իր հիմքում ունենալով ժողովրդավարությունը, հայ ժողովրդի իրավունքների ու համապարփակ անվտանգության պաշտպանությունը, ազգային-հոգևոր զարգացումը՝ որպես մեր պետականության զարգացման ուղենիշներ։   Արցախյան գոյամարտը, հումանիտար դժվարագույն մարտահրավերները, մեզ պարտադրված տնտեսական շրջափակումը ձևավորեցին այդ դժվար իրավիճակը, որոնց պայմաններում հիմնադրվեցին և կայացան անկախ Հայաստանի պետական ինստիտուտները։   Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածությունը անկախ պետականությանը և ժողովրդավարությանը։   Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական նմանատիպ մարտահրավերների։ Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք պիտի շարունակենք ջանքեր գործադրել ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ձգտենք կայուն և տևական խաղաղության, լավագույնս սպասարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի շահերը։   Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անկախության կերտման և պահպանման ճանապարհին։   Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում:  
16:22 - 21 սեպտեմբերի, 2021