Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|

Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Չեխիայի արտգործնախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու և լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը։ Այս մասին Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջինս կարևորեց այն փաստը, որ նախարարի առաջին այցին զուգահեռ՝ գործարար համաժողովին ներկա գտնվելու համար Չեխիայից գործարար պատվիրակություն է այցելել ՀՀ։ «Լիահույս եմ, որ գործարար համաժողովը կտա սպասված արդյունքներ, և ստեղծված կապերը կլինեն ամուր և խոստումնալից»։ «Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի վրա։ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումերը, որոնք եկան փաստելու, որ հակամարտության կարգավորումը, քաղաքական կարգավորուկը մնում են օրակարգում»։
13:11 - 01 հոկտեմբերի, 2021
Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ԱԳ նախարարը՝ դեպանին

Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ԱԳ նախարարը՝ դեպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի: Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները: «Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։  
19:12 - 30 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:
23:49 - 29 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։  Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 29 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
13:05 - 29 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
17:29 - 26 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հումանիտար հետևանքների վրա, այդ թվում՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը։ Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
13:24 - 26 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Արարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի։ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ է նշել Բելգիայի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնցում աջակցություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում ընդգծվում էր Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին։  
10:57 - 26 սեպտեմբերի, 2021
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։ Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։
21:45 - 25 սեպտեմբերի, 2021
Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման պայքարի գործում:
18:21 - 25 սեպտեմբերի, 2021
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի  հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ սա ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն էր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով որ «ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։
16:57 - 25 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։   Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը:   Անդրադառնալով ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ոճրագործություններին միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
11:27 - 25 սեպտեմբերի, 2021
Միրզոյանի և Բոռելի հանդիպմանը շեշտվել է ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Միրզոյանի և Բոռելի հանդիպմանը շեշտվել է ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։ Հայտնում են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։
10:48 - 25 սեպտեմբերի, 2021
Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։ Շարունակությունը՝ tert.am կայքում
10:31 - 25 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

 ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: «ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմոլորտ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
14:42 - 24 սեպտեմբերի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
13:10 - 24 սեպտեմբերի, 2021