ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Պատերազմի ընթացքում առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ

Պատերազմի ընթացքում առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ

Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով):  117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
19:22 - 22 դեկտեմբերի, 2020
Գորիս համայնքի ղեկավարը առերևույթ ապօրինի ընդերքօգտագործման համար ներգրավվել է որպես մեղադրյալ

Գորիս համայնքի ղեկավարը առերևույթ ապօրինի ընդերքօգտագործման համար ներգրավվել է որպես մեղադրյալ

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ Ա.Առուշանյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում  քննվող քրեական գործերը, նախաքննական մարմնի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործերի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ: «Մասնավորապես՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական նպատակներով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կողմից, առանց պայմանագրի, ընդերքի օգտագործմամբ, կազմակերպել և ղեկավարել է առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն՝ էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքին: Այսպես՝ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի, որի հաղթող է ճանաչվել իր ազգականը, որից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վերոհիշյալ հողամասն օտարվել է և գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք: Այնուհետև 2019 թվականի հունիսին Առուշանյանի նույն ազգականի անվամբ հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը փաստացի պատկանում է համայնքի ղեկավարին և կառավարվել ու ղեկավարվել է վերջինիս կողմից: ՍՊ ընկերությունը, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, չունենալով ընդերքօգտագործման իրավունք (թույլտվություն), լեռնահատկացման ակտ, առանց ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, այլ անհրաժեշտ փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության ձեռք բերման, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2019-2020թթ. ընթացքում Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 10275,8մ2, այլ անձանց պատկանող ընդհանուր 9309,8մ2, ազգականի անվամբ հաշվառված և ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողամասերում Առուշանյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է՝ ընդհանուր 15382մ2 ծավալով ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանում, վերամշակում՝ այդ կերպ համայնքային հողային ռեսուրսներին և շրջակա միջավայրին պատճառելով 619,232 ՀՀ դրամի, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի,  պետությանը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված 1,000,000 ՀՀ դրամի, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ ընդհանուր 15,093,587 ՀՀ դրամի վնաս: Արդյունքում՝ համայնքի և հասարակության օրինական շահերին և շրջակա միջավայրին պատճառվել է 619,232 ՀՀ դրամի էական, իսկ անձանց և պետությանը՝ ընդհանուր 16,867,785 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը, գրավադրել նշված բնակարանը, սակայն գրավի առարկան չբավականացնելու, ինչպես նաև աշխատակցի կողմից իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառով հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել: Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին իր ընկերների հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, համայնքի մի բնակչի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր՝  գլխուղեղի ցնցումով՝ ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի ցանցենու պերիպապիլյար այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձևով արտահայտված մարմնական վնասվածքներ: Մասնավորապես՝ նշված օրը վերջինս իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային, հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները, լրացնելով միմյանց գործողությունները, բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև հայհոյել և քաշել-պոկել է ավտոմեքենայի համարանիշը: Բացի այդ, Ա.Առուշանյանը համացանցի «facebook» սոցիալական կայքի իր անհատական էջում հրապարակված կոչով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, մասնավորապես՝ հասարակության և պետության անվտանգության, հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված հավաքների ազատության իրավունքի սահմանափակման պայմաններում, առանց հավաքի անցկացման համար լիազոր մարմնին գրավոր իրազեկելու և դրանով անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն ապահովելու, դիտավորությամբ փորձել է կազմակերպել ու անցկացնել հավաք, ինչը տարածվել է նաև լրատվամիջոցներով: Ըստ հրապարակման՝ համայնքի ղեկավարը Գորիս համայնքի ազգաբնակչությանը կոչ է արել 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 06:00-ին, համայնքի Գ.Տաթևացու անվան հրապարակից ավտոերթով մեկնել «Սյունիքի դարպասներ» կոչվող տարածք և արգելել ՀՀ վարչապետի մուտքը Սյունիքի մարզ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:   Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:13 - 22 դեկտեմբերի, 2020
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի է ձերբակալվել. նա դատարանի որոշմամբ ազատ կարձակվի |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց. նա ազատ կարձակվի։ Նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին իրենք գնում են Ձերբակալվածների պահման վայր՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու գործընթացի համար։ Արմեն Մելքոնյանը նշեց, որ Առուշանյանին առնչվող մյուս քրեական գործով էլ վերջինս ունի վկայի կարգավիճակ։ «Այդ որոշումները կայացնելուց առաջ մտածեն՝ ում հանդեպ, ինչ որոշում են կայացնում։ Եթե այս ապօրինի ձերբակալման նման, ապօրինի մեղադրյալ ներգրավվելու որոշումներ կայացվի, խափանման միջոց տրվի ապօրինի, դրանով մի խնդիր են լուծելու՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնելու։ Առուշանյանն օդի, ջրի նման Գորիս համայնքին անհրաժեշտ է։ Պատկերացրեք խրամատի զինվորների ոգեւորությունը, որ իմացել են՝ Առուշանյանն ազատ է արձակվել եւ հասնելու է իրենց»,- նշեց պաշտպանը։ Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնեն դատարան։
17:32 - 22 դեկտեմբերի, 2020
Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասաց Եգանյանը:
15:59 - 22 դեկտեմբերի, 2020
Ավարտվել է Արամ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Արամ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թ. Վարդանյանը, իր ծանոթից ստանալով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակելու առաջարկ, համաձայնել է և այդ նպատակով պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, վերջինս, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, ինչպես նաև՝ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամին համարժեք դրամական միջոցներ և գույք: Այնուհետև Ա. Վարդանյանը, շորթմամբ հափշտակած՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 20.087.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ առանձնատունը օրինականացնելու նպատակով, քողարկելով դրա ծագման իրական աղբյուրը, իր մտերիմին հանձնարարել է պարտապանի մոր հետ կնքել առանձնատան վաճառքի ձևական պայմանագիր, որից հետո՝ 2012 թ. սեպտեմբերի 28-ին, կնքվել է առանձնատան առուվաճառքի պայմանագիրը: Սակայն առանց պայմանագրով նախատեսված՝ գնվող գույքի գումարը տալու, առանձնատան սեփականության իրավունքը փոխակերպել է իր մտերիմի անվամբ՝ այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերած առանձնատունը, որը հետագայում վաճառել է: Բացի այդ, Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում: Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ վերջինս հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, թե իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական: Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին՝ նշված քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
13:40 - 22 դեկտեմբերի, 2020
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

2020 թ. դեկտեմբեր ամսին՝ չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների:Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել է դիակներից 4-ի ինքնությունը:Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:Կատարվում է նախաքննություն:
19:23 - 18 դեկտեմբերի, 2020
Բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել հափշտակություն կատարելու համար

Բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտամատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը և իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի ավտամատացված բանկային համակարգում գործողություններ կատարելու իրավասություններ, 2019թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, անմիջապես բանկի ավտամատացված  համակարգից  իր և Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30 - 18 դեկտեմբերի, 2020
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք հանդիսանում են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Դ.Գ-ն., վերջինիս որդին՝ Թ.Գ.-ն, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ն: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ վերջիններս քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ:Բացի այդ, մեկ այլ՝  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դ.Գ-ն. զբաղեցրել է վերոնշյալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:Քննության տվյալներով՝ վերջինս պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, օժանդակել է ՓԲ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (վատնելուն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
20:10 - 17 դեկտեմբերի, 2020
Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

2020թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտային հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան դիտավորյալ վարել է նույն հատվածում բողոքի ակցիա իրականացնող անձանց վրա, որի հետևանքով մի քաղաքացի ստացել է ձախ ոտքի կոտրվածք։ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1985թ.-ին: Բժշկի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ տուժած քաղաքացու մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի փակ կոտրվածք, ոսկրաբեկորների տեղաշարժով» մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ 2020թ.  դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը դեկտեմբերի 16-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
15:10 - 17 դեկտեմբերի, 2020
ՔԿ-ն պարզում է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

ՔԿ-ն պարզում է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից" Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Նույն օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով,  որի նախաքննությունը կատարվում է  ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել լրատվամիջոցներից մեկում տեղադրված՝ մետրոպոլիտենի վերոնշյալ կայարանում իրականացրած ակցիայի տեսաձայնագրությունը: Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային կայարանում» ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1972, 1998 և 1979թթ.: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:03 - 15 դեկտեմբերի, 2020
ՔԿ-ն ՀՀ տեղափոխված 44 հայ գերիների մասնակցությամբ հարցաքննություններ է իրականացրել

ՔԿ-ն ՀՀ տեղափոխված 44 հայ գերիների մասնակցությամբ հարցաքննություններ է իրականացրել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում։ Դիմավորումից հետո, ըստ ՔԿ-ի, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ», - ասված է հաղորդագրությունում: Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։ Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։
17:17 - 15 դեկտեմբերի, 2020
Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դաստիարակչուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ. անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
16:52 - 15 դեկտեմբերի, 2020
«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։ Մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն, անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: 2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու, հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
17:20 - 14 դեկտեմբերի, 2020