ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արթուր Դավթյանը հանձնարարել է բացահայտել և կանխել հնարավոր նախապատրաստվող բռնությամբ զուգորդված հանցագործությունները

Արթուր Դավթյանը հանձնարարել է բացահայտել և կանխել հնարավոր նախապատրաստվող բռնությամբ զուգորդված հանցագործությունները

ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմամթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020թ դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային հավաքներին մասնակցող,  կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:        Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ հանցավոր հնարավոր դրսևորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:07 - 07 դեկտեմբերի, 2020
Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը․ Դատախազություն

Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը․ Դատախազություն

2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։ Այդ տեսաուղերձն արձանագրվել էր ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ, բացի այդ դրա վերաբերյալ ստացվել էին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից դիմումներ: Երևան քաղաքի դատախազության միջոցով դրանք անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում, նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք էին բերվել անձանց նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշվալ հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է: Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից: Նման երևույթներն արժանանալու են խիստ իրավական գնահատականների:
11:37 - 06 դեկտեմբերի, 2020
Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները |hetq.am|

Դատախազությունը բողոքարկել է Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի ու ևս 9 անձի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու` դատարանների որոշումները |hetq.am|

hetq.am: Դատախազությունը բողոքարկել է նոյեմբերի 19-ին և 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով 11 անձանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատարանների որոշումները։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նշված գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Վերջիններս ձերբակալված են եղել, ապա ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ։ Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
20:04 - 04 դեկտեմբերի, 2020
Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 19-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով։ Խոսքն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի մասին է, երբ քրեական գործ չի կարող հարուցվել, եթե բացակայում է դիմողի բողոքը։ Այդ դեպքերը սահմանված են Քրդատ օրենսգրքի 183-րդ հոդվածով, որը սպառիչ թվարկում է գործերը, որոնք հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա։ Դրանց թվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ՝ ծեծի հոդվածը։ Դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ հիշյալ դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվել են հենց ծեծի հոդվածի շրջանակում։  Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:38 - 02 դեկտեմբերի, 2020
ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:  «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ: Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին: ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով: Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:   Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները: Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել: Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»,- ասված է հաղորդագրությունում:            
16:20 - 02 դեկտեմբերի, 2020
Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Աշոտ Մինասյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Դեպքի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ կանխվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:14 - 02 դեկտեմբերի, 2020
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2020թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:  Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։ ՀՀ գլխավոր դաստախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել և շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:  Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով հաղթող ճանաչված և ՀՀ արդարադատության ակադեմիայում հատուկ մասնագիտացման առարկայական ծրագրով ուսումնառություն անցածներից հինգ անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին: Ներկայումս ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառություն են անցնում վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարած ևս երեք դատախազների թեկնածուներ, որոնք ուսումնառության գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հաջորդ ամսվա սկզբին կարող են համալրել և ամբողջացնել վարչության դատախազների շարքերը։ Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել և անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։ Մեկնարկած գործընթացի շրջանակներում ամբող ծավալով և հետևողականությամբ գործադրվելու է ողջ իրավական գործիքակազմը՝ համապատասխան վարույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալների ձեռքբերման, տնտեսական շրջանառությունից դրանց դուրս բերման, բացառապես իրավական ընթացակարգերով և իրավաչափ գործիքակազմով դրանք օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, պետության խախտված իրավունքները վերականգնելու համար:
11:30 - 02 դեկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանն ու Իրանի դեսպանը քննարկել են քրեական արդարադատության մասին հարցեր

Արթուր Դավթյանն ու Իրանի դեսպանը քննարկել են քրեական արդարադատության մասին հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավետ արձագանքմանը: ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարավորության  դեպքում այդ այցը կկազմակերպվի: Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Պարոն դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վսհատություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը:
18:29 - 01 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները: Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ: Նշված համաձայնությունն իրագործելու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ»,  «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ: 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում: Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:  Միաժամանակ, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման արգելմանն առնչվող միջազգային պայմանագրերի կարգավորումներին համահունչ՝ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հիշատակված հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետևանքները կենսագործելու ուղղությամբ:  
17:33 - 30 նոյեմբերի, 2020
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի: Մասնավորապես՝ նշվածի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղարությանը իրազեկել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու շրջանակներում տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով վարձկանների հավաքագրման և ռազմական գործողություններում նրանց օգտագործելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով ռազմական հանցագործությունների կատարման, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազամթիվ զինծառայողների և քաղաքացիական անձանց ապօրինաբար կյանքից զրկելու, մեծ ծավալի զինատեսակներով դիտավորությամբ քաղաքացիական, հումանիտար և մշակութային ենթակառուցվածքները, գույքը ոչնչացնելու կամ վնասելու բազում դեպքերի վերաբերյալ ստացված փաստական տվյալների և ապացուցյների, դրանց կապակցությամբ իրականացվող քննության մասին: Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին: ՀՀ դատախազությունը հետևողական կերպով հետամուտ է եղել նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նշված աշխատանքը և գործընթացը բնույթով իր մեջ կոնֆիդենցիալության էական բաղադրիչ է պարունակում, այլ մանրամասներ հաղորդել հնարավոր և նպատակահարմար չէ:    Դեռևս 2017 թվականից օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ՀՀ դատախազությունը հետամուտ է եղել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հարցումների կապակցությամբ  հետևողական քայլեր ձեռնարկելու հարցում, որոնք գործնականոըւմ տվել են իրենց էական դրական արդյունքները։ Օրինակ, ինչպես Արցախ այցելած, այնպես էլ այնտեղ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:
13:58 - 28 նոյեմբերի, 2020
Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. O.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։    Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա.O.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցե, ՀՀ ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը: Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ՝ նաև հետը նախորոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործարկելով` նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում: Կատարած հանցավոր արարքի համար Ա. O.-ին վերջնարդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: 2020թ. նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը ըստ 1ության քննելու նպատակով ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:   
12:05 - 28 նոյեմբերի, 2020
 ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա  Լոքշինային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության առարկա հանդիսացող փաստական հանգամանքները: Կողմերն անդրադարձել են նաև սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին: Զինվորական դատախազը իր խոսքում կարևորել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերոպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը: Տիկին Լոքշինան, առանձնակի մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների ժամանակ անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ, պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։   Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։  
18:55 - 27 նոյեմբերի, 2020
Պատերազմում Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է բավարար ապացույցներով. Դատախազության ամփոփումը

Պատերազմում Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է բավարար ապացույցներով. Դատախազության ամփոփումը

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները: Վերոգրյալի հիման վրա 2020թ. հոկտեմբերի 12-ին քրեական գործի նյութերով՝ միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով 2020թ. հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին մասնակցող վարձկան՝ 1988թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ  նոյեմբերի 2-ին` ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին: Պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի /35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում/, Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի /35 տարեկան/, Աբու Դիաբ Հալաբիի /30 տարեկան/  վերաբերյալ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել նշված անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, «Աբու Համշա» մականվամբ Մուհամմադ Ալ-Ջասիմի /ծնված 1985թ.,/ կողմից նյութական հատուցման դիմաց Սիրիայի Արաբական Հանրապետությունում շուրջ երկու հազարից ավելի վարձկաններ հավաքագրելու, նրանց Ադրբեջան տեղափոխելու, ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ վարվող պատերազմում ներգրավելու, այդ թվում՝ տեղում գործողությունները ղեկավարելու վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա 2020թ. նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Մուհամմադ Ալ-Ջասիմին ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները հիմնավորում են  պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգաին ահաբեկչական խմբավորությունների անդամ ծայրահեղական ահաբեկիչների, վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի ԶՈՒ կազմում ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին և Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության ընդունումից հետո  հակամարտության գոտուց վերջիններիս հեռացվելու վերաբերյալ  առկա չէ  որևէ տվյալ:   Ավելին, ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ: ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործընկեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներին միջազգային համագործակցության շրջանակներում պարբերաբար առաքվող նամակներով, ընթացքում ձեռք բերվող փաստական տվյալների փոխանցմամբ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով նման դրսևորումների վրա՝ վերահաստատում է իր պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով լայն համագործակցություն ծավալելու միջազգային ահաբեկչության տարածման, տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման և ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու և պարտադիր պատասխանատվության ենթարկելու հարցում:   
15:12 - 27 նոյեմբերի, 2020
ՀՀ զինդատախազությունը ՊՆ-ից ստացել էր ԶՈՒ կարիքների համար պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ զինդատախազությունը ՊՆ-ից ստացել էր ԶՈՒ կարիքների համար պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների, ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով արվել են հանրային որոշակի քննարկումների տեղիք տված հրապարակումներ: Նկատի ունենալով, որ դրանց հետ կապված որոշակի հարցադրումներ են ուղղվում նաև ՀՀ դատախազությանը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում: Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել և ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում նաև ռազմական դրության պայմաններում, իրականացվող (ներառյալ հանդերձանքի և, մասնավորապես, ճտքավոր կոշիկների) պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում այդ փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ»։
13:38 - 27 նոյեմբերի, 2020