Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ցուցաբերել են հոգածու վերաբերմունք։ Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ֆրանսահայությունը ևս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զորացման գործում։ Հայոց Հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։ Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, խոսեց հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության տեսլականների մասին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել  խորացումն ու ամրապնդումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։
21:50 - 21 դեկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։ Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ նորին սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։ Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։ Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր է նկատել նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում Գարեգին երկրորդ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։ Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյունքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման:
20:28 - 20 դեկտեմբերի, 2021
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է պատերազմում նահատակված 9 զինծառայողի հոգեհանգստի արարողություն

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է պատերազմում նահատակված 9 զինծառայողի հոգեհանգստի արարողություն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում դեկտեմբերի 2-ին կատարվել է Արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողի հուղարկավորության եկեղեցու կարգը։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին. «Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։ Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է: Սիրելիներ, հայրենիքին իր կյանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ հաղթանակող է։ Ռազմի դաշտում մեր սիրեցյալ զավակները ուժ առան, զորացան Վարդանանց հերոսամարտի՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» կարգախոսով։ Այդ ոգով ու գիտակցությամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նվիրումը առ հայրենին և իրենց հեղած արյամբ նվիրագործեցին որդիական հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ հարազատ ժողովուրդն ու արժեքները։ Մեր քաջարի զինվորների անօրինակ սխրագործությունները արձանագրված են մեր նորօրյա պատմության էջերում և ոգեշնչող պիտի լինեն ապագա սերունդների համար՝ ապրելու առ Աստված, առ ազգն ու հայրենին նույն սիրով ու նվիրումով։ Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խոսքերի, «մահկանացու ծնվելով անմահ հիշատակ թողեցին»: Մենք ամենքս պարտք ունենք նրանց անմահ հիշատակի առջև՝ իրագործելու նրանց երազները, ապահով, շեն ու բարօր դարձնելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանության համար նրանք իրենց կյանքն ընծայեցին։ Մենք հավատում ենք, որ մեր սիրելի զավակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսությանը, երկնային լույսերի ու փառքի մեջ հավիտյան ապրելու երանությանը, և նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34)։ Աղոթական այս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստություն ու խաղաղություն պարգևի Իր հավատարիմ ծառաների հոգիներին և մխիթարություն ու սփոփանք՝ նրանց ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում զորացնի մեր ժողովրդին հույսով, հավատով ու սիրով` ծանր փորձությանը համբերությամբ և տոկունությամբ դիմակայելու, ցավն ու նեղությունները քաջաբար հաղթահարելու և ամեն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանության և զորացման կենսական առաքելության մեջ: Թող երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զորականներին և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Հանգչեք խաղաղությամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զավակներ։ Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին, այսօր և միշտ և հավիտյանս.ամեն»։  
22:23 - 02 դեկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին

Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝  ուղեկցությամբ  «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայան Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահին։ Ապա պարոն Մուսայելյանը անդարդարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության  կողմից կազմակերպած ամենամյա մցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգյաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը  «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է։Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր  շնորահվորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։Իր հերթին  Չի-Ֆուն Չանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել Հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։Վերջում ներկաները փոխանակվեցին մտքերով՝ քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։
20:59 - 15 նոյեմբերի, 2021
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները |armenpress.am|

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները |armenpress.am|

armenpress.am: Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է պատրիարքը: Նա նկատել է՝ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը կրոնով: «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին: Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության սարսափելի մեղավոր էջն են: Թող Աստված օրհնի մեր աշխատանքները և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, ինչը կնպաստի երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը»,-նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը:
16:27 - 13 հոկտեմբերի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, ինչի համար էլ երեկ՝  հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Ի պատասխան հարցին, թե հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, հոգեւոր առաջնորդներն ի՞նչ հարցեր են քննարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց՝ հիմնական նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են: «Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: 
16:41 - 12 հոկտեմբերի, 2021
Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
16:12 - 12 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։   Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։   Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։  
21:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
15:19 - 05 հոկտեմբերի, 2021
Պատերազմը փորձություն էր, որի պատճառած ավերներն ու ծառացած մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում․ Գարեգին Բ

Պատերազմը փորձություն էր, որի պատճառած ավերներն ու ծառացած մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում․ Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել սեպտեմբերի 27-ի առիթով։ Հայրապետական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները: Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն  է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. Ամեն»:
11:18 - 27 սեպտեմբերի, 2021
Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ-ի ուղերձը

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։ Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։ Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։ Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։ Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. Ամեն»։
09:28 - 21 սեպտեմբերի, 2021
Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։Ինչպես փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն  կապին առնչվող տարբեր հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու,  ինչպես նաև՝ նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
15:41 - 10 սեպտեմբերի, 2021