Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, երբ զինծառայողը հրաժարվել է այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․«Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»:
11:40 - 09 հունվարի, 2022
Դատավորների միջև գործերը «ձեռքով» բաշխելը չի երաշխավորում արտաքին միջամտության բացառումը. ՄԻՊ

Դատավորների միջև գործերը «ձեռքով» բաշխելը չի երաշխավորում արտաքին միջամտության բացառումը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է  նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ: Զեկույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով:Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցոզությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն:Նշվածից բացի, չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:Ավելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում:Այս հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ ու այդ մասին տարածել հատուկ հայտարարություն:Արտահերթ զեկույցում ևս բարձրացված է խնդիրն այն մասին, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ»:
16:44 - 04 հունվարի, 2022
Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի լուծումները։   «Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև այդ սուբյեկտների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը (...):   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ օրենսդրական նման կարգավորումները խնդրահարույց են. ի թիվս այլ հիմնավորումների, նախագծային առաջարկվող լուծումները շեղվում են դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների էությունից: Այդ պահանջները սահմանված են Դատական օրենսգրքով, որի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսինքն՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներն իրենց բնույթով դատավորի մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներ են: Այս առումով, հարկ է նկատել, որ անհամատեղելիության պահանջների այնպիսի շրջանակ նախատեսելը, որը վերաբերում է դատավորի՝ միայն իր մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներին, համահունչ է նաև միջազգային-իրավական մոտեցումներին:   Նախագծային լուծումներով առաջարկվող կարգավորման վերաբերյալ հաջորդ մտահոգությունը վերաբերում է ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտման «միտումնավոր» բնույթին:   Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը: Նշվածից անմիջականորեն հետևում է, որ խախտումը «միտումնավոր» պետք է որակեն հենց այդ մարմինները, ինչն առաջ է բերում մի շարք չփարատված հարցեր (օրինակ՝ ԲԴԽ-ն և ՍԴ-ն ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափանիշների հիման վրա են թույլ տրված խախտումները որակելու որպես միտումնավոր, մարդու հիմնարար իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում ՀՀ եռաստիճան դատական բոլոր ատյաններով անցած գործը քննած դատավորներից կոնկրետ ու՞մ լիազորություններն են ենթակա լինելու դադարեցման անհամապատասխանության պահանջները խախտելու հիմքով, ինչպե՞ս է որոշվելու արձանագրված խախտման մեջ կոնկրետ դատավորի (այդ թվում՝ կոլեգիալ կազմով գործած դատական կազմի) «մեղքի բաժինը» և այլն):   Մյուս կողմից, նախագծային լուծումներով ԲԴԽ-ին և ՍԴ-ին վերապահվում են քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ գնահատական տալու և իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու իրավասություն, քանի որ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով միտումնավոր խախտում կատարած լինելու փաստի արձանագրումն ինքնին կվկայի ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացված լինելու մասին, ինչը, սակայն, քրեական վարույթի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանք է:   Բացի վերոնշյալից, նախագծերով առաջարկվող կարգավորումն անուղղակի հակասության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման հետ, որի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ստացվում է, որ օրենսդրական նոր լուծումներով շրջանցվում է Դատական օրենսգրքով արդեն ամրագրված արգելքները, ինչն անթույլատրելի է։   Այս ամենից բացի,Նախագծերի ընդունման հիմնավորումներում պետք է մանրակրկիտ ներկայացվեին ինչպես միջազգային չափանիշներն ու փորձը, այդ տեսանկյունից ներկայացվեին առաջարկվող նոր կարգավորումների ռիսկերը գործնականում, հնարավոր բացասական հետևանքները և այն, թե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ինչ լուծումներ են ստացել արտասահմանյան երկրներում, որոնք են դրանց քաղած դասերը կամ դրական կողմերը:   Մինչդեռ, առկա հիմնավորումներն ընդհանրական բնույթի են ու մակերեսային: Ուստի, բարձրացված մտահոգությունները փարատող հիմնավորումների բացակայությունը կասկածի տակ է դնում առհասարակ նախագծային լուծումների անհրաժեշտությունը և դրանց հետապնդած նպատակի իրավաչափությունը:   Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ հիմնավորումների բացակայության և նշված վերոնշյալ մտահոգությունները չփարատելու պայմաններում նախագծային առաջարկվող լուծումները չեն կարող ընդունելի լինել»:
12:40 - 03 հունվարի, 2022
Պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը

Պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար:Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ:Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ:Այս գաղափարով պետք է տանենք մեր պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։Մեր միասնական նպատակի համար պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին:Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղություն և առողջություն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»:
14:47 - 31 դեկտեմբերի, 2021
Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը: Այս մասին իր էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։    «Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը (խմբ․-լուսանկարը՝ ստորև) ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են:   Սա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլ նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդ կերպ առանց որևէ իրավական հիմքի հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ:   Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում իրենց տան կողմը՝ վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից ավելի մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենն ինչ կատարվում է տանը՝ ոչ միայն բակում: Սյունիք վերջին այցի ընթացքում դրանում համոզվել եմ ինքս տեղում, երբ մեր աշխատակազմով այս տանն էինք և ինքներս տեսանք, որ ադրբեջանական զինված ծառայողները մեզ տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղեցին դեպի մեզ:   Ի դեպ, այն տունը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ և այնտեղից տեսախցիկներով վերահսկում են տան անցուդարձը, կադաստրային փաստաթղթով պատկանում է ՀՀ քաղաքացու (այս ապացույցը մենք արդեն հրապարակել ենք): Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում, սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից:   Ադրբեջանական զինված, այդ թվում՝ Սահմանապահ, Ոստիկանության ծառայողները մշտապես ներկա են անմիջապես տան դիմաց: Ըստ քաղաքացիների հաշվարկի՝ ընդհանուր առմամբ՝ բոլորը միասին կլինեն մոտ 150-200 ծառայողներ: Ընդ որում, այդ բոլոր ծառայողները զինված են, մեծ մասը հիմնականում դիմակավորված է: Նրանք բացահայտ, ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն քաղաքացիական բնակիչներին:   Մենք արել էինք հրապարակում այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը, խախտում են մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, հանցավոր արարքներով հավաքում են անձնական տվյալներ:   Ադրբեջանական զինված ծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը, առաջացնում է մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարել անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը: Ուստի, նրանք չպետք է լինի մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը: Այս փաստը ևս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծվել է և կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով»,-ասված է գրառման մեջ։ 
21:57 - 29 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:
21:38 - 28 դեկտեմբերի, 2021
Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Արման Թաթոյանը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ճեմարանում, հանդիպում է ունեցել տնօրինության հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Պաշտպանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև ճեմարանի սաների հետ: Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեմայի մասին:Նա նշել է, որ չի կարելի վիրավորել մարդու արժանապատվությունը, դա տանում է լարվածության, առաջացնում է անհանդուրժողականություն: Պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով և հարգել յուրաքանչյուրի արժանապատվությունը:Սովորողները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին: Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է ճեմարանի սաներին լավ սովորել և կարևորել այն, որ երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Պաշտպանը շեշտել է, որ որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար: Ճեմարանի անձնակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել երեխաների կրթության իրավունքի, ժամանակակից կյանքում կրթության դերի մասին:
22:03 - 27 դեկտեմբերի, 2021
Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախի վերաբերյալ։ Գրառումը՝ ստորև․ «Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին: ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով: Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով: Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն: Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ: Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»:
18:46 - 26 դեկտեմբերի, 2021
Դիմել եմ ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը.ՄԻՊ

Դիմել եմ ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը.ՄԻՊ

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ: Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ: Եվ միայն այս բացառիկ դեպքում է Դատական օրենսգիրքը թույլ տալիս դատական գործերի բաշխումն իրականացնել ոչ համակարգչային կամ ոչ ավտոմատացված եղանակով՝ առանձին դատարանների նախագահների կողմից: Սակայն այս դեպքում էլ, ինչպես օրենքն է ամրագրում, գործերը դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության: Համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման մեխանիզմի առկայությունը պայմանավորված է այն արժեքների բարձր պաշտպանության անհրաժեշտությամբ, որի երաշխավորմանը կոչված է ավտոմատացված համակարգը: Այսինքն՝ այնպիսի համակարգ, որ բացառում է մարդկային հայեցողությունը: Խոսքը վերաբերում է դատավորների անաչառությանն ու անկախությանը, որի հետ էլ անմիջականորեն կապված են մարդու սահմանադրական իրավունքները՝ սկսած արդար դատաքննությունից մինչև անձնական ազատություն (օրինակ՝ ձերբակալման կամ կալանավորման իրավաչափություն) և անձնական ու ընտանեկան կյանք (օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության վերահսկողություն): Բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները: Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը: Այլ կերպ, դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում: Նշվածն առավել խնդրահարույց է դառնում այն առումով, որ գործ ունենք անորոշ գործնական իրավիճակի հետ: Նախ, ժամկետներով սահմանափակված չէ քրեական գործի նախաքննությունը (նախաքննության շրջանակում է տեղի ունեցել առգրավումը): Նույնը վերաբերում է նաև նույն գործի դատական քննությանը, եթե այն ունենա դատական հեռանկար: Պետք է հաշվի առնել նաև նախաքննությանը կամ դատական քննությանն առնչվող դատական բողոքարկումները, այն է՝ նախնական ու հետագա դատական վերահսկողության ենթակա հարցերը: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ կվերացվի կամ կդադարեցվի առգրավվումը, իսկ գոնե մոտավոր ժամկետներ չեն նշվում: Ընդ որում, ինքնին նշված քրեական գործի նախաքննության իրականացման վիճարկման կամ չիրականացման հարց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում բարձրացված չէ: Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված էլ դիմումն ամրագրել է, որ խորհրդի հետ հաստատված է Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցված աշխատանք: Հարցն այլ է. բավարար օրենսդրական կանոնների բացակայության և գործնական անթույլատրելի մեկնաբանության պատճառով ստացվել է այնպես, որ մեկ քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության (քրեական, վարչական, քաղաքացիական) ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը, իսկ դրա հետևանքով էլ լուրջ խնդիրներ են առաջացել մարդու սահմանադրական իրավունքների համար: Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար: Ստեղծված իրավիճակն նույնպես խնդրահարույց է մարդու սահմանադրական իրավունքների տեսանկյունից: Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել եմ Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների: Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը: Դիմումի հիմքում են դրվել նաև մեզ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն): Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները: Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ օրենսդրական կարգավորումներն այն աստիճան անկատար են, որ համակարգչային ծրագրի չգործելու պատճառով դատարանի նախագահին վերապահված գործերի բաշխման կանոններն անգամ չեն պահպանվում, ինչն անմիջական խնդիրներ է պարունակում մարդու իրավունքների համար: Օրինակ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ գործող համակարգը հանգեցրել է առավել վտանգավոր հետևանքների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրությունների ընթացքում ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց է տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ: Ըստ այդմ, Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,- գրել է Թաթոյանը:
09:25 - 23 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին․ ՄԻՊ–ը հիմնավորումներ է ներկայացրել

Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին․ ՄԻՊ–ը հիմնավորումներ է ներկայացրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել համայնքների ավագանիների նիստերի ավագանիների կալանավորված անդամների մասնակցության վերաբերյալ՝ ներկայացնելով հիմնավորումներ։ Հայտարարությունում ասվում է․«Կառավարությունը և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից: Խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, բողոքներ են հասցեագրել Վարդենիս և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած և ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար՝ Արամ Հարությունյանը և Մամիկոն Ասլանյանը:Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում:Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին և այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք ևս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու և ընտրվելու իրավունքից։Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում ներկայացվում են՝ որպես հանցանք կատարած և արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք: Այս մասին են նշել հենց բողոք ներկայացրած անձինք:Արամ Հարությունյանի և Մամիկոն Ասլանյանի բողոքների, քրեակատարողական հիմնարկներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալը:Նախ, ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ: Հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական և միջազգային կոնվենցիոն պահանջը:Դրանից բացի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության մակարդակով և, հենց Սահմանադրությունն ինքը թվարկում է այդ իրավունքի թույլատրելի սահմանափակումների սպառիչ շրջանակը:Ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:Այսինքն՝ Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը: Ընտրվելու իրավունքի դեպքում Սահմանադրությունն ավելի առաջ է գնացել՝ ամրագրելով այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում:«Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում»:Այսինքն՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացու ընտրվելու իրավունքի վերջնական իրացումը չի սահմանափակվում միայն ավագանու անդամ ընտրվելով, այլ այն վերջնական լուծվում է համայնքի ղեկավարի ընտրության փուլով՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող առաջին նիստը քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացման գործընթացի անբաժան մասն է:Վարդենիս և Վանաձոր համայնքների դեպքում ավագանիների ընտրված և ներկայում կալանավորված անդամների պարագայում Սահմանադրության 48-րդ հոդվածով պահանջվող պայմաններն առկա չեն, անգամ չկա պարտադիր պայմաններից որևէ մեկը` 1) չկա դատապարտված անձ, 2) չկա պատժի կրում:Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:Հարցն այն է, որ քրեական գործերով կալանավորված են ավագանու անդամ ընտրված ՀՀ այն քաղաքացիները, որոնք քաղաքական ուժերի ղեկավարներ են և նախընտրական քարոզարշավին մասնակցել են՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ:Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրի կողմնակից քաղաքացին նրանց ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձինք են լինելու իրենց համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում:Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը:Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ավագանիների անդամներ Արամ Հարությունյանի (Վարդենիս) և Մամիկոն Ասլանյանի (Վանաձոր) ընտրվելու սահմանադրական իրավունքը լիարժեք երաշխավորելու համար ՀՀ կառավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ապահովի համապատասխան ավագանիների առաջին նիստերին նրանց մասնակցությունը և քվեարկության իրավունքի իրացումն ըստ առաջնահերթության, հետևյալ սկզբունքով.1) նրանց կալանքից ազատ արձակելով, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան ավագանիների նիստերին նրանց լիարժեք մասնակցությունը: Հակառակ պարագայում՝ ստեղծված իրավիճակում կալանքի տակ նրանց հետագա պահելու իրավաչափությունը քրեական հետապնդման մարմիններից ու դատարաններից պահանջում է բարձր շեմի հաղթահարում ու բարձր չափանիշներով հիմնավորում,2) թեև կալանավորված վիճակում, բայց ավագանիների նիստերին ֆիզիկական մասնակցությունն ապահովելով,3) թեև կալանավորված վիճակում, բայց Զում (Zoom), Սկայպ (Skype) կամ որևէ այլ եղանակով ապահովելով ավագանիների նիստերին նրանց մասնակցությունն ու ընտրվելու իրավունքի իրացումը:Թվարկված կետերից որևէ մեկի չկատարումը կառաջացնի մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում, ինչպես նաև կլինի խնդրահարույց ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից: Ավելին, հարցը հրատապ է՝ հաշվի առնելով ավագանիների առաջին նիստերի անցկացման ժամկետները:Քանի որ ավագանիների նշված անդամները գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, ապա նրանց ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը պետք է ապահովվի ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից:Այսինքն՝ չի կարող այս հարցի լուծումը կախվածության մեջ դրվել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի նրանց կողմից քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ խոսքը գնում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, միջազգային այլ կառույցներին, դիտորդական կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:Այն հայտարարությունը նաև կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման տեքստում և հրատապ պարզաբանումների պահանջով կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարին»:
17:37 - 20 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի բարի կամքի դրսևորումն է, այլ իմ հավատարմությունը երդմանս․Արման Թաթոյան

ՄԻՊ պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի բարի կամքի դրսևորումն է, այլ իմ հավատարմությունը երդմանս․Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իշխանական որոշ պատգամավորների կողմից իր գործունեության մասին հայտարարություններին։ Թաթոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։Ստիպված եմ արձագանքել արդեն տևական ժամանակ և այսօր Ազգային ժողովի կառավարող խմբակցության մի շարք պատգամավորների կողմից տարբեր հրապարակային հարցազրույցներով ու ելույթներով արվող պնդումների, որոնցով փորձ է արվում տպավորություն ստեղծել կամ ցույց տալ, թե մինչև հիմա իմ պաշտոնավարումն իրենց «հանդուրժողականության» արդյունքն է:Ավելին, նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։Պատասխանատու հայտարարում եմ, որ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ընթացքում՝ հատկապես պատերազմից հետո եղել են օրենքով արգելված ներգործության ամենատարբեր ձևերը՝ սկսած հրապարակային աշխատանքը հետպատերազմյան հարցերով դադարեցնելու կամ այն էականորեն նվազեցնելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից ներկայացված պահանջներից մինչև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները մեր հնարավորությունները թուլացնելու նպատակով Կառավարության որոշմամբ վերցնելը, ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված հետևողական փորձերը ու Պաշտպանի դեմ, կատարվող աշխատանքը վարկաբեկող կազմակերպված արշավներ, այդ թվում՝ գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով»։
23:28 - 17 դեկտեմբերի, 2021
ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ․ՄԻՊ

ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ․ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է․   «Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով:   ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:   Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով: Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:   Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
23:06 - 16 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողի կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէ․ ՄԻՊ

Ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողի կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէ․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը (մանրամասն հիմնավորումներ)։Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները և գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը:Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:Բացի այն, որ նման հայտարարությունները խախտում են մարդու իրավունքները և չեն բխում օրենքից, առանցքային է, որ դրանք արվել են մինչև զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից և ունեցել են կանխակալ բնույթ: Ընդ որում, դրանք լայն տարածում են ստացել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներում։Նշված հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր:Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ:Այդ պնդումները ստեղծել են նաև կանխակալ պատկերացումներ հայաստանյան հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:Ուստի, քրեական դատավարության հետ կապ չունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնի և կալանքի հարցերը քննող դատարանների համար առաջ են բերել կալանավորումների իրավաչափության հաստատման բարձր շեմ՝ առավել համոզիչ կերպով ու բարձր չափանիշով ցույց տալու, որ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումն ու առավել ևս նրանց կալանավորումները չեն արվել գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունների ազդեցության ներքո: Դա անհրաժեշտ է անել նաև հրապարակային՝ հաշվի առնելով հարցի լայն հանրային հետաքրքրությունը և միջազգային լայն արձագանքները:Այս պահի ուսումնասիրությունները վկայում են, որ հիշյալ կալանավորումների իրավաչափությունն այդ շեմը չի բավարարում:3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաև նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:Հատուկ նշում եմ, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը»։
18:16 - 16 դեկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիների հարցին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիների հարցին

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ից, պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև ծրագրերի արդյունավետությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում և այլն: Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։ Արման Թաթոյանը շեշտել է նաև ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում մեր գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետևանքով։
15:37 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա: Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն): Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
17:20 - 15 դեկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են, քննարկել սահմանային բնակչության խնդիրները

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են, քննարկել սահմանային բնակչության խնդիրները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ ընդգծելով ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը: ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ:
11:58 - 15 դեկտեմբերի, 2021