Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»
22:03 - 27 դեկտեմբերի, 2021

Որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար. Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: 

Արման Թաթոյանը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ճեմարանում, հանդիպում է ունեցել տնօրինության հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: 

Պաշտպանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև ճեմարանի սաների հետ: 

Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեմայի մասին:

Նա նշել է, որ չի կարելի վիրավորել մարդու արժանապատվությունը, դա տանում է լարվածության, առաջացնում է անհանդուրժողականություն: Պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով և հարգել յուրաքանչյուրի արժանապատվությունը:

Սովորողները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին: 

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է ճեմարանի սաներին լավ սովորել և կարևորել այն, որ երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Պաշտպանը շեշտել է, որ որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար: 

Ճեմարանի անձնակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել երեխաների կրթության իրավունքի, ժամանակակից կյանքում կրթության դերի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել