Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,  արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար:  Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և Հայրենիքին: Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը: Հարգելի՛ բարեկամներ, Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար: Ուզում եմ նաև հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն: Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում: Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում: Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման և հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»:
16:39 - 26 մայիսի, 2020
Պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական. Դավիթ Բաբայանն՝ Արցախի ընտրության 2-րդ փուլի հետաձգման մասին |factor.am|

Պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական. Դավիթ Բաբայանն՝ Արցախի ընտրության 2-րդ փուլի հետաձգման մասին |factor.am|

factor.am: Արցախում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքով պայմանավորված՝ Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր հետաձգման վերաբերյալ մեկնաբանություն է տվել Արցախի նախագահի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի ընտրությունների 1-ին փուլին մասնակցած Դավիթ Բաբայանը։«Այստեղ պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական։ Մենք պետք է սպասենք առողջապահության նախարարության գնահատականին։ Այս պահի դրությամբ դժվարանում եմ ինչ-որ բան ասել»,-նշեց Բաբայանը՝ խոսելով ընտրության հնարավոր հետաձգման վերաբերյալ։Ճշտմանն՝ ինչ որոշում էլ կայացվի, երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ պետք է հաշվի՞ նստեն՝ Արցախի նախագահի խոսնակն ասաց. «Չպետք է լինի քաղաքական որոշում»։ Այսինքն, եթե որոշվի հետաձգել, թեկնածուները պե՞տք է ընդառաջ գնան այդ որոշմանը, թե պետք է ասեն՝ 1-ին փուլը եղել է, 2-րդն էլ հիմա պետք է կայանա՝ Բաբայանն արձագանքեց. «1-ին փուլը եղել է, և դա կարևոր է, որ եղել է։ Եվ հիմա, որպեսզի հանկարծ քաղաքական բախում չլինի՝ 2-րդ փուլի վերաբերյալ առողջապահական որոշում պետք է ընդունվի»։
19:30 - 07 ապրիլի, 2020
Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան

Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան

Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Արցախի պահպանողական կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ։ - Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք կողմ եք ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։ - Մեզ համար առաջնային է մարդկանց առողջությունը։ Սա մեզ համար ամենակարևորն է։ Ոչ մի քաղաքական խնդիր, ոչ մի հարց չի կարող լինել առաջնային, քան քաղաքացու առողջությունն է։ Բայց այս հարցերը պետք է լուծվեն առանց քաղաքականացվելու։ Մենք հիմա տեսնում ենք, որ որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը, որը քաղաքական տեսանկյունից շատ տհաճ է։ Մենք կարող ենք հետաձգել կամ չհետաձգել միայն մեկ պայմանով. եթե այսպիսի եզրակացության գա ԱՀ Առողջապահության նախարարությունը և կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը։ Պետք է լինի ԱՆ-ի և այդ հանձնաժողովի մասնագիտական կարծիքը։ Միայն այդ դեպքում պետք է վերջնական որոշում կայացվի։ Մենք սրան կողմնակից ենք։ - Դուք՝ որպես թեկնածու, կո՞ղմ եք, թե՞ ոչ։ - Եթե ԱՆ-ն համարի, որ չպետք է ընտրություններ լինեն, վտանգ կա, իհարկե պետք է կանգնեցնել։ Բայց եթե չէ, եթե մինչև հիմա որևէ մեկը չի հիվանդացել Արցախում, ինչի՞ քաղաքականացնենք։  Հետո էլ, որ կանգնեցնեն, դեմագոգները դուրս գան և ասեն, որ իշխանություններն են կագնեցրել, նորից ղալմաղալ, նորից պատերազմ, կռիվ։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Մենք ասում ենք՝ մինչև չլինի ԱՆ-ի եզրակացությունը։  Պետք է առաջնորդվենք միայն այդ եզրակացությամբ։ Իհարկե՝ մարդկանց առողջությունն ավելի կարևոր է, բայց այդ եզրակացությունը պետք է տա ԱՆ-ն՝ մասնագիտացված, առանց քաղաքականացման։ - Այս իրավիճակում ընտրությունների  մասնակցայնության առումով խնդիր տեսնու՞մ եք։ - Ցույց կտա ընթացքը։ Չի բացառվում, որ որոշ զանգված չի գա՝ իրավիճակից ելնելով։ Այս պահի դրությամբ Արցախում էլ ավելի վերահսկելի է, որևէ տագնապ չկա։ Մինչ այժմ որևէ մեկը չի հիվանդացել և պետք է արվի հնարավորը, որպեսզի կանխարգելվի վիրուսի մուտքը և դրա տարածումը Արցախում։ Մենք կոչ ենք արել մեր ժողովրդին՝ լինել աչալուրջ, հետևել սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին, շտկումներ ենք մտցրել նախընտրական քարոզարշավում․ անցկացնում ենք բացօթյա և օնլայն հանդիպումներ։ Այսինքն՝ հիմնական շտկումներն արել ենք։ Բայց կրկնում եմ՝ մենք այն ուժը չենք, որ դեմագոգիայով զբաղվենք և ամեն ինչ փորձենք շահարկել։ Եթե կան ուժեր, որ շահարկում են նույնիսկ մարդկանց առողջությունը, սա սարսափելի բան է։ Ի՞նչ է այդքան մտածում են որոշ մարդիկ առողջության մասին, որ ասում են՝ հետաձգենք, թե այլ բաների մասին են մտածում։ Դրա համար մենք ասում ենք՝ ամոթ է, որ այս հարցերը շահարկման ենթարկեք։ Տեսնենք՝ ինչ է ասում ԱՆ-ն։ Եթե իրոք իրավիճակն այնպիսին է, որ պետք է հետաձգվի, ամեն ինչն էլ պետք է հետաձգվի։ Բայց, եթե այդպիսի եզրակացություն չկա, ինչի՞ անենք, որ ի՞նչ։ - Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանեն և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի առումով, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։ - Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում ընտրություննե՞ր են եղել, որ կորոնավիրուսը զարգացել է։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ շահարկենք։ Մեր ապրելաձևով, կյանքով, փորձով, ներդրումով՝ երբևիցե դեմագոգիայով չենք զբաղվել և զզվում ենք դեմագոգներից։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ դեմագոգներն ինչքան հնարավոր է քիչ լինեն քաղաքական և կառավարման համակարգում։ Դրա համար պետք է ամեն ինչ գնահատել սթափ։ Եթե որևէ մեկին պետք է, որ Արցախում անկայունություն լինի, մեկը մյուսին պատասխանատվության ենթարկի, տուրուդմփոց լինի, սա իրենց գործն է։ Մենք դրան դեմ ենք։ Հետևաբար, անկախ ամեն ինչից,  ընտրություններ են, ընտրություններ չեն, պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ՝ միասնական ուժերով։ Եթե նպատակը կորոնավիրուսը չէ, այլ կորոնավիրուսը գործիք է քաղաքական կեղտոտ խաղեր խաղալու, մենք դրա մեջ չկանք։ Առհասարակ կարծում ենք, որ պետությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ զսպի այդպիսի ստահակներին, որ թույլ չտա իրավիճակի ապակայունացում։ Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ 
13:04 - 27 մարտի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020
Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները. Դավիթ Բաբայան |news.am|

Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները. Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Արցախը մարդու իրավունքների համար արյուն է թափել եւ ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները ներդրումներ կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Երեւանում եւ Բաքվում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարությունները։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Տուսկի հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական հակամարտության աղավաղված պատկերացման մասին։ «Անհրաժեշտ է կոշտ եւ անկեղծ խոսել այդ մասին, քանի որ մեզ համար կարեւոր են Եվրոպայի հետ հարաբերությունները, մենք Եվրոպային ընդունում ենք ոգու եւ ընդհանուր քաղաքակրթության առումով որպես եղբայրական տարածք։ Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները»,- նշել է Բաբայանը։ Նրա գնահատմամբ՝ Բաքվում տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները անհավասարակշռություն են առաջացնում։ «Հավասարակշռությունը պահելու համար Տուսկը պետք է հիշի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չէ՞ որ դրանք սկզբունքներ են, որոնցից ոչ մեկն առավելություն չունի մյուսների նկատմամբ, եւ չի նշում՝ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Սակայն մեկ սկզբունքն առանձնացնելու փորձերն ու մյուսների մասին մոռանալը կանխակալության մտքեր են առաջացնում։ Ի՞նչ է դա, մեզ կոնցլագեր տանելու փո՞րձ։ Նման համեմատությունները տեղին են քաղաքակիրթ բառարանի շրջանակում»,– նկատել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, հաճախ սկզբունքներով ղեկավարում են անձնական շահերը՝ նավթը, խավիարը։ «Արցախը բարոյական իրավունք ունի կոշտ պատասխան տալ դրան։ Արդեն ավելի քան 100 տարի Արցախի բնակիչները մարտնչում ու արյուն են թափում իրենց իրավունքների համար։ Լեռնային Ղարաբաղը մարդու իրավունքների համար պայքարի պիոներ է եւ ներդրումներ է կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների, ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ցավով նշելով արժեքների ճգնաժամը՝ երբ ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան։ Նրա խոսքով՝ դա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ բոլոր հույսերը կապվում են ինչ-որ մեկի հետ, մեկի, որը պետք է գա ու փրկի։ «Ուժը համախմբան, սեփական ուժի ամրապնդման մեջ է, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ համագործակցության զարգացման, սակայն առաջին հերթին՝ ի շահ սեփական երկրի»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
17:34 - 10 հուլիսի, 2019
Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ. Դավիթ Բաբայան |aravot.am|

Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ. Դավիթ Բաբայան |aravot.am|

aravot.am։ Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված բանաձևի մասին «Այսպիսի հայտարարությունները որևէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,- հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևակերպումներ կան, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձևի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջև, մասնավորապես Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Սևաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»: 19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն: Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն. այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Առաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում: Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են:  Շարունակությունը՝ aravot.am
07:09 - 06 հուլիսի, 2019
Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ չի եղել. Դավիթ Բաբայան |tert.am|

Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ չի եղել. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքը թույլ է տալիս, որ Լևոն Մնացականյանը նշանակվի ԼՂՀ ոստիկանապետ: Այս մասին ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Բաբայանը հավաստիացրեց` նշանակումը օրենքի խախտմամբ չի եղել: «Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում կան հոդվածներ՝ 4,13, 14-ը, որոնք հավաստում են, որ որևէ խախտում չի եղել»,- ասաց Բաբայանը՝ վկայակոչելով օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը:«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, Ազգային անվտանգության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»,- ասված է օրենքի 10-րդ կետում: Բաբայանն ասաց՝ այսինքն՝ 10-րդ կետը թույլ է տալիս նախագահին նշանակել այդ պաշտոնում նաև այլ ուժային կառույցների ներկայացուցիչների:
14:15 - 12 հունիսի, 2019
Արցախում մեկնաբանում են Հայաստանում մայիսի 28-ի միջոցառմանը չմասնակցելու փաստը |24news.am|

Արցախում մեկնաբանում են Հայաստանում մայիսի 28-ի միջոցառմանը չմասնակցելու փաստը |24news.am|

24news.am: Ակտիվորեն շարունակվում է քննարկվել հարցը, թե ի՞նչն էր պատճառը, որ մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում անցկացված տոնական միջոցառմանը ներկա չէր Արցախի ղեկավարությունը: Հրավեր չի՞ եղել, թե՞ այլ խնդիր կա, փորձեցինք պարզել Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից:«Հարցը պետք է բաժանել երկու մասի. երեկ Արցախ էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և տեղի է ունեցել հանդիպում: Ինչ վերաբերում է հրավերին՝ կխնդրեի դիմել համապատասխան կառույցներ և այնտեղից պարզել՝ եղել է հրավեր, երբ են ուղարկել և այլն»,- նշեց նա:Ճշտմանը, թե նկատի ունի՝ դիմենք ՀՀ կառավարությո՞ւն, Բաբայանը նշեց, թե չի կարող ասել, պետք է հասկանալ՝ ով է զբաղվում այդ հարցով: Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ վերջին օրերին Հայաստանի և Արցախի միջև հնարավոր լարվածությունն է Արցախի ղեկավարության՝ Սարդարապատում ներկա չգտնվելու պատճառը, Բաբայանն արձագանքեց.«Արցախի և Հայաստանի միջև չի կարող լարվածություն լինել, որովհետև մենք մի հայրենիք ենք: Դա անթույլատրելի է: Որևէ մեկն իրավունք չունի լարվածություն սերմանելու մեր միջև: Դա չի նշանակում, որ այդպիսի մարդիկ, սադրիչներ չկան: Այսօր գալիս են, ապուշ հայտարարություններ են անում: Բոլորիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր հայրենիքը լինի միասնական: Իսկ մենք ունենք մեկ հայրենիք. Արցախն ու մայր Հայաստանը մի հայրենիքի մասեր են և անթույլատրելի է, որ մենք իրար հետ ինչ-որ խնդիրներ ունենանք: Ո՞ւմ ենք ուրախացնելու դրանով. իհարկե, Ադրբեջանին և Թուրքիային»:Հիշեցնենք, որ երեկ Սարդարապատում մայիսի 28-ի առթիվ միջոցառում տեղի ունեցավ, որին ներկա չէր Արցախի քաղաքական ղեկավարությունը:
13:29 - 29 մայիսի, 2019
Սերբիայի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի համար մի գդալ ձյութ է խավիարի տակառում. Ստեփանակերտ |news.am|

Սերբիայի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի համար մի գդալ ձյութ է խավիարի տակառում. Ստեփանակերտ |news.am|

news.am։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է շատ ուշադիր ծանոթանա Սերբիայի նախագահի հայտարարությանը Կոսովոյի հետ հետագա հարաբերությունների մասին եւ եզրակացություններ անի։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ալեքսսանդր Վուչիչի հայտարարությունը։Նա հիշեցրել է, որ սա արդեն քաղաքակիրթ մոտեցման ոչ առաջին նման նախադեպն է. հիշենք Չեխիայի եւ Սլովակիայի թավշյա բաժանումը։ Այլ օրինակ. Մեծ Բրիտանիայի երկու սուբյեկտ՝ Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան, երկրի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու իրավունք ստացան։ «Որոշ գերազանցությամբ հաղթեցին հակառակորդները։ Բայց պետք է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի պարագայում խոսքը իրավահավասար սուբյեկտների մասին է»,- հիշեցրել է Բաբայանը։ Ինչ վերաբերում է Սերբիայի օրինակին, ապա անհրաժեշտ է ընդունել իրողություններն անկախ սուբյեկտիվ գնահատականներից եւ հույզերից։ «Սա շատ կարեւոր նախադեպ է, եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է սերբական ղեկավարության օրինակով ավելի իրատես լինեն։ Կոսովոն սերբերի համար պակաս թանկ չէ, քան Ղարաբաղն ադրբեջանցիների, եւ այստեղ մեծ տարբերությունն այն է, որ Ղարաբաղը Ադր. ԽՍՀ կազմում ընդգրկվել է արհեստականորեն։ Այնպես որ, Սերբիայի նախագահի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մեծ գդալ ձյութ ադրբեջանական խավիարի տակառում»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։
08:45 - 28 մայիսի, 2019
Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը. Ստեփանակերտ |news.am|

Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը. Ստեփանակերտ |news.am|

news.am: Իլհամ Ալիեւի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձը» հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը, որը նա օգտագործում էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարներում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունը։ «Անկախ ամեն ինչից, պետք է խոստովանել, որ Ալիեւը ազնիվ է իր խոսքերում եւ գործողություններում։ Նա չի թաքցնում Արցախը ոչնչացնելու մտադրությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր հայտարարում այս կամ այն ժողովրդին ոչնչացնելու մասին։ Նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը, նացիստական Գերմանիայի օրինակով, կստեղծի Արցախի տարածքում տասնյակ համակենտրոնացման ճամբարներ։ Ահա թե ինչի է ձգտում Ադրբեջանը, եթե հնարավորություն ստանա հարցը լուծել ուժով»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող մեղադրանքներին միջազգային հանրության հասցեին իբր երկակի չափորոշիչների մասին, Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը մինչեւ հիմա համարժեք գնահատական չի տվել Բավքում, Սումգաիթում, Կիրովաբադում հայերի կոտորածին։ «Դրա փոխարեն, Ադրբեջանում իրականացվում է մասշտաբային մարզական միջոցառում, որին հայերին թույլ չեն տալիս մասնակցել։ Գտնվեցին կարգին մարդիկ, ովքեր հրաժարվեցին գնալ Բաքու, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը լուռ է մնում Ադրբեջանի նացիստական հռետորաբանության հանդեպ։ Բայց չէ՞ որ երկրպագուների խտրականության եւ այն իրավիճակի լավագույն պատասխանը, երբ Հենրիխ Մխիթարյանն ստիպված էր հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, պետք է լիներ Բաքվի խաղը չեղարկելու որոշումը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։
08:50 - 25 մայիսի, 2019
Ադրբեջանը չի թաքցնում իր գլխավոր նպատակը՝ հայկական պետականության ոչնչացումը. Դավիթ Բաբայան |news.am|

Ադրբեջանը չի թաքցնում իր գլխավոր նպատակը՝ հայկական պետականության ոչնչացումը. Դավիթ Բաբայան |news.am|

news.am։ Ադրբեջանը չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել եւ մնում է հայկական պետականության ոչնչացումը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի հերթական չհայտարարված խոշորածավալ զորավարժությունների անցկացումը:«Բացի այն, որ զորավարժությունները հայտարարված չէին, ինչը ինքնին ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունների խախտում է, ուշադրություն է գրավում թեման: Շարային վարժությունների ժամանակ ներկայացվել է, որ հաջորդ քայլը Շուշիի գրավումն է: Իհարկե, դա վկայում է իրականությունից չափից ավելի կտրված եւ վիրտուալ իրականության մեջ լինելու մասին, բայց մենք նաեւ ծայրահեղ աչալուրջ լինելու անհրաժեշտություն ունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը իր ժամանակին շատ բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի գործողությունները, որոնց հետեւանքով թվական իմաստով կրճատվել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը. «Սակայն սա այսբերգի միայն գագաթն է: Ադրբեջանը չի հրաժարվել իր մտադրություններից եւ չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել եւ մնում է հայկական պետականության ոչնչացումը: Սրա վկայությունն է նաեւ մեծ քանակությամբ լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ընդ որում՝ դրանց կեսը Թուրքիայի հետ»:«Միասնությունը մեր հաջողության գրավականն է: Բոլոր նրանք, ովքեր սասանում են միասնությունը, հայ ժողովրդի մի հատվածին թունավորում մյուսի հանդեպ, պետք է արժանանան ամենալուրջ դատապարտման եւ նախատինքի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
13:03 - 22 մայիսի, 2019
Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել. Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել |lragir.am|

Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել. Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։-Պարոն Բաբայան, Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ կգա դատարան և կերաշխավորի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար, իսկ Բակո Սահակյանից դեռ հստակ պատասխան չկա։ Նա կմասնակցի՞ դատավարությանը, թե ոչ։ -Այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել, հենց գա, տեղյակ կպահենք։-Իսկ ընդհանրապես, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում գալ դատարանի առաջ կանգնել և երաշխավորագիր ներկայացնել։ -Դա երևի զուտ մարդասիրական մոտեցում է։ Նախագահը կգա, և այդ ժամանակ ավելի հստակ կլինի։-Խոսվում է, որ դա ՀՀ իշխանությունների սրտով չէ։ Հանուն այդ քայլի արժե՞ր հարվածի տակ դնել ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները։-Ճիշտ կլինի, որ բոլորը փորձեն չխառնել այս երկու հարթությունները։ Առավել ևս, եթե շահարկումներ կատարվեն Հայաստան-Արցախ հարաբերությունների վատթարացման առումով։ Չի կարող նման բան լինել, դա անթույլատրելի է։ Ով ուզում է լինի իշխանության Հայաստանում և Արցախում, հրամայական է, որ մեկը մյուսի հետ պահպանեն նորմալ, բարիդրացիական, եղբայրական, գործնական հարաբերություններ, որովհետև սա մեկ հայրենիք է, երկու պետություն։ Մենք չենք կարող մեկս մյուսի հետ թշնամի լինել, չենք կարող խարխլել մեր հարաբերությունները։ Ես կխնդրեմ, որ այդ շահարկումները չարվեն։-Հենց այդ շահարկումներից խուսափելու համար չարժե՞ր չխառնվել ընթացող դատական գործընթացին։-Հնարավոր չէ, որ խառնվեն, դա անթույլատրելի է։ Ինչպե՞ս կարող է Արցախը խառնվել։ Եթե գան դատարանում երաշխավորություն տան, դատարանը կարող է ընդունել, կարող է մերժել, դրանով միջամտություն չի լինի։ Ճիշտ չէ, որ որևէ մեկն ազդի դատարանի որոշումների վրա։ Դատարանի համար ամենակարևորը պետք է լինի օրենքի գերակայությունը։ Որևէ մեկը չի կարող ազդել դատարանի վրա, որ ինչ-որ մեկի համար լինեն արտոնյալ պայմաններ։-Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խոսքն առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ լինելը. «Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի։ Մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք՝ հետո ի՞նչ է լինելու»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։-Կարծում եմ՝ պարոն Մամեդյարովին պետք է այլ հարց տալ. Եթե մի երկիր, որի նկատմամբ կա անվստահություն բոլոր հարևանների կողմից, դա ճի՞շտ է։ Խոսքն Ադրբեջանի մասին է, որի նկատմամբ անվստահություն կա, ասենք, Ռուսաստանում՝ հաշվի առնելով այն, որ Դաղստանի լեզգիներին և ավարցիներին, նաև թալիշներին Ադրբեջանում ճնշում ու հալածանքների են ենթարկում։ Վրացիներին թույլ չեն տալիս գնալ Ադրբեջանում գտնվող, սահմանամերձ եկեղեցում իրենց կրոնական ծիսակատարություններն անել։ Խնդիրներ կան Թուրքմենստանի հետ։ Բոլորի հետ այդ երկիրը խնդիր ունի և ճնշում է ազգային փոքրամասնություններին, հերոսացնում է Սաֆարովի պես մոլագարին։ Սա է խնդիրը։ Շարունակությունը կարդացեք lragir.am-ում։
06:15 - 15 մայիսի, 2019
Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին․ Դավիթ Բաբայան |lragir.am|

Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին․ Դավիթ Բաբայան |lragir.am|

lragir.am։ Պարոն Բաբայան, Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցով և մերժվել։ Ինչո՞ւ այսպիսի անհրաժեշտություն առաջացավ, արդյոք սրանով Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին գործերի՞ն։ Կա գրված ու չգրված օրենք, որ Արցախը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ներքին գործընթացներին։ Նույնը Հայաստանն է անում Արցախի նկատմամբ։ Հետևաբար, սա ներքին գործերին միջամտություն չէ, սա երկու նախագահների անձնական, մարդասիրական նախաձեռնությունն է, առանց միջամտելու այդ գործընթացներին, որոշելու՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Ու երբ Գլխավոր դատախազությունից պատասխանն ստացվել է, կարծում եմ՝ հարցը փակվել է։ Այնպես որ, կարծում եմ, հարցը շահարկելը ճիշտ չէ։ Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք» ֆորումը։ Ինչո՞ւ հիմա նման ֆորումի անհրաժեշտություն առաջացավ։ Այդ ֆորումի հիմնական կազմակերպիչը ՀՅԴ-ն է եղել։ Սա իրենց նախաձեռնությունն է և իրենց տեսլականն է։ Իրենք այդպես են մտածում և սա հասարակական նախաձեռնություն է։ Իհարկե, մեր միասնականությունն ամենակարևորն է և դրա վրա են հիմնված մեր հաղթանակներն ու ձեռքբերումները։ Բայց նույնիսկ առանց այսպիսի ֆորմալ փաստաթղթի ձևով դաշինքի Արցախի և մայր Հայաստանի փոխգործակցությունը հատկապես բանակաշինության ոլորտում, պաշտպանության ոլորտում, անվտանգության ոլորտում բավականին բարձր է։ Կա՞ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնություն՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին իշխանությունները շատ ջերմեռանդորեն ողջունվում են Արցախի իշխանությունների կողմից։ Դա ճիշտ ըմբռնում չէ։ Ես կարծում եմ, որ առհասարակ Հայաստանի և Արցախի անտագոնիզմը, թշնամությունը կլինի մեր պետականության կործանման սկիզբը։ Անկախ ամեն ինչից, թե ով է ղեկավար Հայաստանում և Արցախում, մենք պետք է ունենանք սերտ համագործակցություն, որովհետև սա մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության հիմքն է։ Չի կարող լինել այնպես, որ մեկ հայրենիքի երկու հատվածները մեկը մյուսի դեմ լինեն։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ կանգնած Հայաստանում ու Արցախում, ինչ ուժեր են գալիս իշխանության։«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընդդիմություն է ձևավորվում ընդդեմ Հայաստանի նոր իշխանությունների։ Հաշվի առնելով, որ նախկին իշխանության գործիչները հաճախ են այցելում Արցախ, հնարավո՞ր է, որ այդ ընդդիմությանն աջակցեն նաև Արցախից։ Այստեղ գալիս են բոլորը, և ամենահաճախակին գալիս է Նիկոլ Փաշինյանը, ինչը ողջունելի է։ Հայաստանի ղեկավարը պետք է հաճախակի լինի Արցախում, իսկ Արցախի ղեկավարները պետք է հաճախակի լինեն Հայաստանում։ Ընդ որում, եթե հաշվենք, կտեսնենք, ՀՀ վարչապետն ավելի հաճախ է գալիս Արցախ, քան մնացած ղեկավարներն էին գալիս իրենց ժամանակին։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի ծրագրերին, դա Հայաստանի ներքին խոհանոցն է։  Կարդալ ավելին՝ lragir.am-ում
07:08 - 10 մայիսի, 2019