ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ճտքավոր կոշիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների համար ՊՆ-ն կազմակերպում է քննարկում

Ճտքավոր կոշիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների համար ՊՆ-ն կազմակերպում է քննարկում

ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում: ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկմանը կարող են մասնակցել կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ քաղաքացիներ: Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն, հաստատել մասնակցությունը 010-29-43-47, 055-50-60-50, 077-00-87-78 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստի հասցեով՝ նշելով կազմակերպության անվանումը և/կամ մասնակցի(ների) անուն ազգանունը:
05:32 - 01 նոյեմբերի, 2019
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը:Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը: Այցի շրջանակում վրացական պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, հանդիպել կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և վերապատրաստման, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ծավալների ընդլայնման և առկա փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ:
12:17 - 30 հոկտեմբերի, 2019
Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ: Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը: Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:
13:19 - 29 հոկտեմբերի, 2019
Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը |news.am|

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը |news.am|

news.am: Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով նշված տեղեկությունը, նշեց, որ, ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, եւ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման»: «Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում եւ ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը եւ հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել եւ հասկանալ դրա մանրամասները»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարություն էր ներկայացրել ՊՆ կողմից մրցույթին ընկերության մասնակցության մերժման մասին: Փաստաբանի վարկածով՝ մերժումը պայմանավորված էր մտացածին պատճառով: Հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 376 հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն հաստատել էր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը: «Օրսիս Արմս» ընկերությունը ռուսական ORSIS-ի դուստր ընկերությունն է եւ Հայաստանում գրանցված է 2017 թվականից: Ընկերության համահիմնադիրներն են Գեւորգ Մանուկյանը եւ Արթուր Գալստյանը: Երկար ժամանակ «Օրսիս Արմս» ընկերությունը ԶՈՒ-ին մատակարարել է սպառազինություն եւ օպտիկական սարքեր: Սակայն հերթական մրցույթի ժամանակ ընկերությանը մերժվել է մասնակցել՝ մրցույթի պայմաններին անհամապատասխանության հիմնավորմամբ: Նշվում էր, որ ընկերությունը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի հետ զրույցում համանման հայտարարությունները հերքել էր՝ հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին են:
10:03 - 24 հոկտեմբերի, 2019
Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը |armenpress.am|

Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին (նստավայրը`ք.Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության և անվտանգային հարցերի շուրջ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել հայ-լիտվական փոխգործակցությունը և փոխանցել համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
07:53 - 16 հոկտեմբերի, 2019
Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Տոնոյանը ԿԽՄԿ հետ քննարկել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
06:34 - 09 հոկտեմբերի, 2019