Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ:  Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 373 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 115 հազար 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 915 մարդ: Երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 112 հազար 065 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին. եվրոպական այդ երկրում 84 հազար 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 107:  Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։ Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանւշը 5 հազար 387 է:  Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 18 հազար 827, Թուրքիայում՝ 18 հազար 135։   Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
12:26 - 03 ապրիլի, 2020
Վրաստանը ԵՄ-ից 90 մլն եվրոյի օգնություն կստանա Covid-19-ի դեմ պայքարելու համար |aliq.ge|

Վրաստանը ԵՄ-ից 90 մլն եվրոյի օգնություն կստանա Covid-19-ի դեմ պայքարելու համար |aliq.ge|

aliq.ge: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար:   ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին այս մասին անդրադարձել է Թվիթերյան իր էջում և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին օգնության համար: «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ համերաշխությունն ու Վրաստանին ցուցաբերվող օգնությունը Covid19-ի դեմ պայքարում: Շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին ՝ ավելի քան 20 միլիոն եվրո հատկացնելու համար, որը կծախսվի երկրում կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու և բժշկական սարքավորումներ գնելու և 70 միլիոն եվրոյի՝ սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար», — գրել է Զալկալիանին:
13:03 - 31 մարտի, 2020
Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց |aliq.ge|

Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի վաղն առավոտյան ժամը 08:00-ին: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից Պարտադիր է տանից դուրս գալու դեպքում ունենալ անձը հաստատող ID քարտ Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը: Վրաստանում ապրիլի 21-ին հայտարարվել արտակարգ դրություն, ինչից հետո փակվել են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները, տեղում հայտարարվեց խիստ կարանտին:
17:33 - 30 մարտի, 2020
Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Իր խոսքում, վարչապետը նշել է.  «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել:Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»: Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք:  «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը: Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Իր հերթին, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով արտարժութային և լոգիստիկ խնդիրները՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների մի քանի ծրագրեր, որոնցով առաջարկվող գործիքների միջոցով կիսում է տնտեսվարողների ռիսկերը՝ տրամադրելով արտոնյալ, այդ թվում՝ զրոյական տոկոսով վարկային միջոցներ:  «Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ:
20:34 - 29 մարտի, 2020
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը: Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար:  
18:30 - 25 մարտի, 2020
Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է:  Մառնեուլին կարանտինային գոտի հայտարարելուց հետո  մարդատար մեքենաներին արգելվեց մուտքը Մառնեուլի, որը Հայաստանի հետ սահման տանող թերևս միակ ճանապարհն է: Վրաստանում «պատանդ» հայաստանցիների մի մասը գիշերակացի խնդիր ուներ, քանի որ այս պայմաններում երկրի հյուրանոցներն ու հյուրատները վաղուց չեն գործում: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
14:57 - 25 մարտի, 2020
Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

aliq.ge: «Այս պահի դրությամբ ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընտրությունները հետաձգելու համար», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: Ըստ նրա, կառավարությունը մոբիլիզացված է՝ գարնանային նստաշրջանին սահմանադրական փոփոխություններ կատարելու և համաձայնեցված համակարգով ընտրություններ անցկացնելու համար. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների և օրենսդրության վերաբերյալ: Մենք խորհրդակցություններ ենք ունեցել ընդդիմության հետ, ես անձամբ հրավիրել եմ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերին և քննարկումներ ունեցել նրանց հետ: Այնպես որ, այս պահի դրությամբ պարզապես որևէ սպառնալիք չկա, որ մենք ի վիճակի չենք լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Մենք փորձում ենք վերադասավորել օրացույցը, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան գարնանային նստաշրջանի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մենք կաշխատենք մինչև հունիսի վերջ և ընտրությունները կանցկացվեն համաձայնեցված համակարգով», - ասել է Թալակվաձեն:
11:22 - 25 մարտի, 2020
Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժն այս պահին փակ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected])։ «Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:
23:33 - 23 մարտի, 2020
ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ
 |aliq.ge|

ՀՀ քաղաքացիները Մառնեուլիում` անորոշության մեջ |aliq.ge|

aliq.ge: Վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետում երեկ կեսգիշերին հայտարարված կարանտինային ռեժիմը, երբ փակվեց մունիցիպալիտետի ելումուտը, հանկարծակիի է բերել ՀՀ մի շարք քաղաքացիների, որոնք պլանավորել էին այսօր վերադառնալ հայրենիք։ Խնդիրն այն է, որ դեռևս երեկ` մարտի 22-ին, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, թե Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել, իսկ Հայաստանի քաղաքացիները Հայաստան մեկնել միայն Սադախլոյի անցակետով՝ այն էլ միայն որոշակի ժամերի՝ 10:00-18:00-ը, իսկ բեռնափոխադրողների համար բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների: Իրավիճակը փոխվեց արդեն երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մառնեուլիում կորոնավիրուսի վարակակիր կա, ավելին՝ նա մասնակցել էր բազմամարդ սգո արարողության, և երեկոյան կառավարության հրավիրած արտակարգ բրիֆինգի ժամանակ հաղորդվեց, որ Մառնեուլիում ու Բոլնիսիում խիստ կարանտինային ռեժիմի անցման մասին, փակվեցին երկու մունիցիպալիտետների ելումուտը։ Այսօր առավոտից «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը վրաց-հայկական սահման տանող Մառնեուլիի մունիցիպալիտետի մուտքի մոտ է, որտեղ մեկ գիշերվա ընթացքում սահմանակետ է կառուցվել ու հատուկ զինտեխնիկա մոբիլիզացրել։ Օրվա ընթացքում ՀՀ մի քանի քաղաքացիներ են փորձել անցնել Մառնեուլիով՝ վրաց-հայկական սահմանին հասնելու համար։ Ըստ Վրաստանում Հայաստանի դեսպանության՝ այսօր ՀՀ չորս քաղաքացու թույլ է տրվել հատել սահմանը՝ այդ թվում՝ ՀՀ քաղաքացի մի տարեց կնոջ։ «Ամբողջ օրվա ընթացքում թույլ չէր տրվում մոտենալ Մառնեուլիում տեղակայված անցակետին՝ վրաց-հայկական սահմանը հատելու նպատակով։ Ոստիկանները պատճառաբանում էին, թե միևնույնն է սահմանը փակ է ու հատել հնարավոր չէ, իսկ արդեն հետ վերադառնալ` չի թույլատրվի»,- «Ալիք մեդիային» ասում է Մառնեուլիի անցակետի մոտ հավաքված մեքենաներից մեկի վարորդը։Մեր թղթակիցները տեղից հայտնում են, որ երեկոյան 20։30-ի տվյալներով Մառնեուլիի անցակետի մոտ հանդիպել են ՀՀ 4 քաղաքացու, որոնք դեռևս շարունակում են սպասել սահմանի բացմանը։ Բեռնատարներ սահմանին չկան։
21:46 - 23 մարտի, 2020