Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանային անցակետերում նոր կարգ է սահմանել

Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանային անցակետերում նոր կարգ է սահմանել

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ  գործող կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդը մարտի 6-ի նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում սահմանված նոր կարգ է գործելու ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: «Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինային ընթացակարգի, կամ պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը: Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:22 - 06 մարտի, 2020
Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։ «Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարաը։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», - ասաց ԱԳ նախարարը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ «Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - ասաց Հարությունյանը։
11:55 - 05 մարտի, 2020
ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին։ Հարց. Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը: Պատասխան. Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը։
21:58 - 04 մարտի, 2020
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով |armenpress.am|

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները: «Այցը շատ բարձր մակարդակով անցավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, վրաց բոլոր գործընկերներին արդյունավետ և տպավորիչ այցի համար: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:
17:30 - 04 մարտի, 2020
Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

Փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում:Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով»։
17:22 - 04 մարտի, 2020
Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել․ Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ

Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել․ Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ: Հ.Գ. մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»
11:58 - 04 մարտի, 2020
Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ, և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: Կողմերն արձանագրել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանն ասել է․ «Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը»։ Հայկական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին։ Այնուհետև, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել վիրահայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում նրանք նշանակալի դեր են ունեցել։ «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆլիսահայության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,-ասել է վարչապետը։ Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին:
11:53 - 04 մարտի, 2020
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են մարդկանց միջև շփումների դյուրացման վերաբերյալ հուշագիր

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են մարդկանց միջև շփումների դյուրացման վերաբերյալ հուշագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 3-ին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիմքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր գնահատվեց կողմերի միջև հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Զոհրաբ Մնացականյանը և Դավիդ Զալկալիանին կարևորեցին մարդկանց միջև շփումների դյուրացումը և հասարակությունների միջև կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր: Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին:  ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին քննարկեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները և դիրքորոշումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
21:22 - 03 մարտի, 2020
«Մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ». Նիկոլ Փաշինյան |news.am|

«Մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ». Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Այսօր խոսել հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին այնքան էլ հեշտ բան չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է, Վրաստանն ունի ունի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն կան որոշակի աշխարհաքաղաքական բաժանարար գծեր, բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ խոսում ենք մեր հարաբերություններին ռազմավարական բնույթ տալու մասին: Մենք խնդիր ենք դնում հայ-վրացական հարաբերությունները դուրս դնել աշխարհաքաղքական զարգացումներից: Ես ասել եմ, որ մեր հարաբերությունների համար նոր հարթություն, նոր տարածք պետք է ձեւավորենք, որտեղ մեր հարաբերությունները պաշտպանված են աշխարհաքաղաքական զարգացումներից: Այդ հարթությունը ձեւավորելու պրոցեսն այսօր սկսված է»,-ասաց Փաշինյանը: Նա կոչ արեց անկեղծ լինել. «Եկեք ուղիղ ասենք, որ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ, ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ: Հիմա ի՞նչն է փոխվել, փոխվել է այն, որ մենք այդ ամենի մասին խոսում ենք: Մենք ասում ենք, որ իրար դեմ տրամադրվածություներ պետք է չունենանք: Երբ մենք աստիճան ենք բարձրանում եւ այդ սանդուղքն ունի 90 աստիճան, հնարավոր չէ միանգամից հասնել 90-րդ աստիճանին, դա պրոցես է: Հիմա հայ-վրացական հարաբերությունների ճանապարհն էլ պետք է անցնենք: Մենք ունենք այդ քաղաքական կամքը, նույնը տեսնում եմ նաեւ վրացական կողմից»:
19:16 - 03 մարտի, 2020
Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա․ Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի բնակիչների հետ։ Հայաստանի հետ հարց- պատասխանի փուլում վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին։Հարցին, թե արդյոք  Հայաստանի կառավարության կողմից որևէ ծրագիր կա՞ հայրենադարձության կազմակերպման համար, թե՞ կառավարությունը սպասում է հայերի ինքնաբուխ հայրենիք վերադառնալուն,  հույս է դնում  դրսում ապրող հայերի հայրենասիրության վրա, վարչապետը պատասխանել է՝ «Այսպիսի մի խոստովանություն պետք է անեմ, երբ ես հանդիպում եմ Գերմանիայի հայ համայնքի հետ և այնտեղ խոսք է գնում  հայրենադարձության մասին, դա ինձ համար շատ պարզ թեմա է։Ճիշտն ասած վրացահայերի հետ խոսում ենք հայրենադարձության  մասին խոսելը մի տեսակ խորթ է հնչում, որովհետև ես համարում եմ, որ թիֆլիսահայությունը ապրում է հայրենիքում։ Հենց դա նկատի ունեմ, ասելով, որ այո, Թիֆլիսի հայությունը և Վրաստանի հայությունը պետք է  հանդես գա, որպես Վրաստանի հպարտ քաղաքացի։ Մենք որպես ժողովուրդ պետք է շահագրգիռ լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, կայուն, զարգացած պետություն և Վրաստանը պետք է շահագրգիռ լինի, որ Հայաստանը լինի կայուն, զարգացած և ուժեղ պետություն»։  Փաշինյանը նշեց, որ այս թեման շատ կաևոր  է և  Հայաստանի կառավարությւոնը քննարկվում է «Հայրենադարձության  մասին օրենքը»։ «Այդ պրոցեսի հետ կապված բազմաթիվ խնդիրներ և դժվարություններ կան։ Մենք կարգավորումներ ունենք, թե Հայաստան եկող, մշտական բնակություն հաստատող մարդիկ ինչ գույք կարող են բերել իրենց հետ։ Շատ հայրենակիցներ, ովքեր հայրենադարձվում են, սա հետ կապված խնդիրներ ունեն, որվհետև  կան սահմանափակումներ։ Խնդիրն այն է, որ դա ոչ թե Հայաստանի օրենսդրությամբ է կարգավորվում այլ ԵԱՏՄ օրենսդրությամբ։  Մենք պետք է հասկանանք ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրենրը։2018 թվականին, երբ մենք ասում էինք, որ հայրենադարձ եղած մարդկանց պետք է տրվեն արտոնություններ, օրինակ ավելի հեշտ դարձնենք վարկեր ստանալու գործընթացը, քննարկեցինք երկար և կանգնեցինք հետևյալ խնդրի առաջ։  Հայստանում ապրող մեր հայրենակիցները կարող են ասել՝ մենք ամբողջ կյանքում ապրել ենք Հայաստանում, հիմա գնանք Եվրոպայում ապրենք չորս տարի, հետ գանք, որ օգտվենք արտոնություններից։  Ես չեմ ասում ,որ միանշանակ է հարցը,- ասաց վարչապետը։  Վարչապետը  ընդգծեց, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա, նույնիսկ կա լավ մասնագետների խնդիր՝ սկսած արհեստավորներից։ «Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է դեռ կրկնակի բարձրանա»,- եզրափակեց Փաշինյանը:
18:28 - 03 մարտի, 2020
Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակցում են, մասնավորապես, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխնախագահ լենա Նազարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:     Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ:  Վարչապետը նշել է, որ պաշտոնական իր առաջին հանդիպումը Վրաստան եղել է 2018-ին, հայ-վրացական հարաբերությունները միշտ եղել են լավ և 2018-ի հանդիպմանը ցանկացել է, որ այդ հարաբերությունները կառուցվեն մի նոր բանաձևի վրա: «Իմ առաջարկն էր, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ մտադրություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, ընդհակառակը, շահագրգռված են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր և նույնը նաև պետք է այդ բանաձևին համապատասխան, Հայաստանը և հայ ժողովուրդը համոզված լինեն, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն որևէ նեգատիվ մտադրություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, և, ընդհակառակը, շահագրգռված են, որ Հայաստանը լինի զարգացած, կայուն պետություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  
17:43 - 03 մարտի, 2020