Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան
 |armenpress.am|
13:06 - 11 ապրիլի, 2023

Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխան թեկնածու. Գեղամ Նազարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի՝ այժմ Դատախազությունում աշխատելու փաստը կաշկանդող հանգամանք է համարում, մեղավոր է համարում երեք խմբակցություններին էլ, որ չեն կարողացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փորձ ունեցող թեկնածուի գտնել:

Նազարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածության քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ ցանկանում է, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց:

«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,-կարծիք հայտնեց Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել:

Սակայն պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:

«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը դժգոհեց՝ ՄԻՊ թեկնածուն գնահատականներ տալուց կաշկանդվում է, անհարմար է զգում գնահատականներ տալ, քանի որ նրա ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հենց ԱԺ նիստերի դահլիճում է: Նա նաև նշեց՝ լսել է, որ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է: «Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր: Բայց կրկնում եմ՝ սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպանի»,-ասաց Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել