Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն |armenpress.am|
05:50 - 22 նոյեմբերի, 2019

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: Հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ արդարադատության նախարարությունից:

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 միլիոն ՀՀ դրամ գումար:

Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի կողմից մինչև նոյեմբերի 12-ը աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով մերժվել է 19 դիմումատուի դիմում, որից 15-ը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը թեթև վնասվածք ստացած լինելու հիմքով, 4-ը՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթերի բացակայության հիմքով»,- նշեցին Արդարադատության նախարարությունից:

«2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

1) 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել