Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան |armenpress.am|
11:47 - 13 ապրիլի, 2023

Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը։ Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների։

Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել մեր ընկած եղբայրներին»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը անդադարձավ նաև Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին․ «Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են Պրագայում և Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին»,- ասաց վարչապետը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել