Կառավարության թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը. Ռուստամ Բադասյան
11:14 - 19 ապրիլի, 2023

Կառավարության թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասված է.
 
«Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ,
շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:
 
Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը սերտորեն շաղկապված է հարկ վճարելու մշակույթի ամրապնդման ու զարգացման հետ: Պարտաճանաչորեն վճարելով հարկերը՝ քաղաքացին հղում է յուրատեսակ ուղերձ, որ իր համար կարևոր է պետության կայուն զարգացումն ու հարատևության ապահովումը:
 
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևոր թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելը, ինչպես նաև՝ հարկ վճարողների և հարկային մարմնի միջև փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Քաղաքացու վճարած հարկերի հետագա ճակատագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ևս պետության առանցքային պարտավորություններից է, որը թույլ է տալիս խորացնել փոխվստահության մթնոլորտը:
 
Պետական եկամուտների կոմիտեի ուղերձը գործարարներին հստակ է. բարեխղճությունը մշտապես կխրախուսվի և կարժանանա պետության առանձնահատուկ գնահատանքին, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն:
 
Պետությունն իր հերթին անելու է հնարավորը գործարարների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու և պետության հետ շփումն առավել հարմարավետ դարձնելու համար:
 
Կարող եմ վստահեցնել, որ կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու:
 
Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է, որպեսզի արագ զարգացող աշխարհում հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, տարեցտարի ավելացնեն շրջանառության ծավալներն ու պետության հետ ձեռք ձեռքի տված խորացնեն գործընկերային հարաբերությունները:
 
Անձամբ ես կարևորում և բարձր եմ գնահատում հարկ վճարողի նվիրումն ու վճարած յուրաքանչյուր դրամը, որն ուղղվում է համընդհանուր բարօրության ապահովմանը:
 
Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ բոլոր հարկ վճարողների առանցքային բնորոշիչները մշտապես լինեն բարեխղճությունը և օրինապահությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ և պայծառ ապագայի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել