«Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»». Ղուկասյանը՝ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու մասին
|hetq.am|
hetq.am: «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում անդրադարձել է իր անդամությունը կուսակցությանը դադարեցնելու հարցին։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։
Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։
«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»։
Արտակ Գալստյանը, որ թղթերը տարել է Պետական ռեգիստր և գրանցել «Հանրային ձայնը», էդ նույն ժամանակ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի, նոր իմացա՞ն»,- ուղիղ եթերում նշեց նա։
Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել՝ կուսակցության կանոնադրությամբ։
«Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդու՞մ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը, որ մարդ, ումից իրանք ծնվել են, դադարեցնում են պապայի լիազորությունները, ովքե՞ր են, ցույց տուր էդ թուղթը»,- նշեց նա։
Ղուկասյանի խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելու՞, թե Վարդան Ղուկասյանի։
«Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթացրու ոնց կարաս։ Ամսի 19-ին կերևա, կորոշեն՝ մնու՞մ են Արտակ Գալստյանի հետ, ով Նուբարաշեն ՔԿՀ-ում նստած հեռախոսը ձեռը խառնում ու բզբզում ա։ Կամ Վարդան Ղուկասյան, կամ Արտակ Գալստյան խնդիրն առաջացրել ա ո՞վ՝ Նիկոլ Փաշինյան, «Դոդի Գագո», որոնք ուզում են ամեն ինչ անեն, որ «Հանրային ձայնը» պայթացնեն»,- հայտնեց Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ երբ «Հանրային ձայն» հաղորդաշարը կար, «Հանրային ձայն» կուսակցությունը չկար. «Պատվավոր նախագահը ես եմ։ Ավագանին պիտի որոշի՝ ո՞ւմ կողմն է անցնում»,- ասաց նա։
12:34 - 11 հունվարի, 2024